Ատեստատ ծախեմ դոլարով...


 

- Հառաջադիմություն պոռալով ետ-ետ կերթանք,- հավանաբար կրկին կբացականչեր Պարոնյանը` տեղեկանալով, որ 90-ականների մերժելի երևույթներից դեռևս չենք ձերբազատվել

Անցյալ դարի 90-ականների ցուրտ ու մութ տարիների մղձավանջներն ապրածները դեռ երկար կհիշեն երկրի քաղաքների մարդաշատ վայրերը և դրամափոխության կետերի վերածածների այն գործելակերպը, որն իրականում ուղղված էր մարդկանց ձեռքին եղած այս կամ այն դրամական արժույթը չնչին և ծիծաղելի գներով մեկ այլ արժույթով փոխանակելուն: Այսինքն` թալանով: Այդ ծանր ժամանակները վերապրածները հիշում են անշուշտ, թե պղտոր ջրում ձուկ որսացողների հոծ խմբերը առավոտից երեկո ինչպիսի մոլեռան դությամբ էին բացականչում սրտխառնուք առաջացնող և նյարդայնացնող նախադասությունները. «Դոլար առնեմ դրամով...», «Ռուբլի ծախեմ դոլարով...»:

Այդ խայտառակ առուծախի տարիները, բարեբախտաբար, հետևում են մնացել. Ժամանակ է անցել, վարվեցողություն և մշակույթ է փոխվել... Սակայն արդեն քանի օր է, նշված թոհուբոհով անցած լրագրողիս հանգիստ չի տալիս պաշտոնական աղբյուրից ստացած տեղեկատվությունը, որը չգիտես ինչու, նմանեցնում եմ նույն երևույթին: Ինչպե՞ս կարող էին մատաղ սերնդին կրթելու կոչված մանկավարժները` կրթօջախների ղեկավարներ հանդիսացող փոխտնօրենն ու տնօրենը, մխրճվել անմաքուր խաղերի մեջ և ոչնչով չտարբերվել 90-ականների դրամափոխներից: Իսկ պատմությունը հետևյալն է:

Ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն էր դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Ռուբեն Ավագյանը:

Ներկայացրած փաստաթղթերի մեջ էր նաև Երևանի թիվ 198 դպրոցի միջնակարգ կրթության ատեստատը, որի իսկությունը կասկած է հարուցել:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ ընդամենը 8-ամյա կրթություն ունեցող Ավագյանն այդ դպրոցում չի սովորել, իսկ կեղծ ատեստատը 2011 թ. հոկտեմբերին 500 ԱՄՆ դոլարով գնել է Հ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցի փոխտնօրեն Աննա Թամազյանից, ով իր հերթին 500 ԱՄՆ դոլարը փոխանցել է Երևանի թիվ 97 ավագ դպրոցի տնօրեն Հակոբ Խրիմյանին:

Պարզվել է նաև, որ տարիներ առաջ նմանատիպ հանցանքի համար դատապարտված Խրիմյանը ոչ միայն անհրաժեշտ հետևություններ չի արել անցյալի դասերից, այլև շարունակելով հին «փեշակը»` 2011-ին ԱՄՆ մեկնելու պատրաստակամություն հայտնած մեկ այլ անձնավորության նույնպես ատեստատ է վաճառել` այդ անգամ պահանջելով 700 դոլար:…