ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ Հաստատ` ո°չ ժողովրդին, ո°չ էլ իշխանություններին


Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը ոչ միայն սպասելի էր, այլ նաև հասունացած ու անհրաժեշտ: Անկախ ամեն ինչից, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու` իշխանության ունեցած հնարավորությունը մինչ այդ էլ որևէ կասկած չէր հարուցում: Զարմացնողն ավելի շատ վերջիններիս «անսպառ» համբերությունն էր, ինչպես նաև իր քմահաճույքները պարտադրել փորձող կողմի` չափը չանցնելու հանդեպ խիստ լավատեսությունը: Այսօր արդեն, երբ մեծ խառնաշփոթի տասնօրյակը հետևում է մնացել, հատկապես դրա արդյունքում մարդկային կորուստների փաստը ստիպում է թեկուզ մտովի տեղի ունեցած իրադարձությունների այլ ելքեր նախանշել… Ճիշտ է, այն կատարվածի վրա, բնականաբար, հետադարձ ազդեցություն չի կարող ունենալ, բայց գոնե ապագայում նման ճակատագրական սխալներից խուսափելու հնարներ հնարավոր է և պե°տք է գտնել: Բացի այդ, եթե չասենք պետության ու նրա ղեկավարների, ապա հանրության կրած հոգեբանական հարվածը հաստատ այնքան ուժգին է, որ հետընտրական Երևանում տեղի ունեցածը դեռ երկար է քննարկվելու ու վերլուծվելու: Մի բան պարզ է. առճակատումից խուսափելու տարբերակներ իսկապես կային, սակայն ընդդիմության ղեկավարներն այդպես էլ չցանկացան օգտվել դրանցից: Հիմա արդեն ավելի ու ավելի պարզորոշ է դառնում, որ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հետընտրական նպատակներից մեկն էլ Լ. Տ.-Պ.-ի թիմին նշված ելքերն առաջադրելուն էր միտված: Որևէ մեկը երբեք չի հերքել, որ Ազատության հրապարակի հարթակին կանգնածներից շատերը մեծ փորձառություն ու լայն հնարավորություններ ունեն: Ասել է թե` վերաձևված կոալիցիայում նրանք էլ կարող էին իրենց պատվավոր ներկայությունն ունենալ` ուժերը ծառայեցնելով պետության ղեկավարմանը: Այլ հարց է, որ փոխզիջումային-փոխգործակցության առաջարկն այդպես էլ չընդունվեց: Լ. Տեր-Պետրոսյանի թիմն այդպես էլ չցանկացավ հաշտվել այն իրողության հետ, որ ընտրողների 21 տոկոսի համակրանքը շահելու պարագայում իշխանությունն ամբողջովին հնարավոր չէ գրպանում տեղավորել, և նման իրավիճակից լավագույն ելքը ձեռքսեղմման առաջարկն անպատասխան չթողնելն է: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ իշխանության առաջարկվելիք մասը այս թիմին միևնույն է չէր բավարարելու, քանի որ եթե նույնիսկ մարզերից եկած ցուցարարներին էլ էին վերջիններս բարձր պաշտոններ խոստացել. միգուցե նախատեսված աթոռները իշխանությունն ամբողջությամբ ունենալու դեպքում էլ քիչ լինեին… Ինչևէ, տարբերակներից ամենաանցանկալին, այսպես կոչված, հեղափոխականն էր, ավելի ճիշտ` դրա ձախողված փորձը: Այս ճանապարհով իշխանափոխության հասնելու թեման վերջին տարիներին ամենաքննարկվածներից է, և կարիք չկար դրա գործնական կիրառման փորձին դիմել` մարդկային կյանքերի գնով համոզվելու համար, որ մերժելի այդ եղանակով և ինչ-որ բանի հասնելու ուղիներ չեն եղել, չկան և չեն էլ լինելու: Առավել ևս, որ համապետական քվեարկությունից ընդամենը մի քանի օր է անցել, և ընտրություններում, այլ ոչ թե Ազատության հրապարակում հաղթած թեկնածուի հաջողությունը ոչ միայն կասկած չի հարուցում, այլ ուղղակիորեն ընդունվում է նույնիսկ մրցակից մյուս թեկնածուների կողմից: Իր հերթին, հետընտրական շարժման անփառունակ վախճան ունեցած տասնօրյակը նոր ձևավորվող ընդդիմության ապագայի վրա վերջնականապես «խաչ քաշելու» ամենակարճ ճանապարհն էր: Սակայն, որքան էլ տարօրինակ ու զարմանալի թվա, ՀՀՇ առաջնորդը տարբերակներից հենց դա նախընտրեց: Իսկ թե ինչու` ինքը գիտի՞ արդյոք: Համենայն դեպս նրա լռությունն այս պարագայում խոսուն չէ բնավ: