Ադրբեջանի հերթական ջղաձգումները


Գարնան առաջին օրերը լուրջ փորձություններ բերեցին մեր երկրին: Չէինք սթափվել մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններից` ստացանք հայկական և ադրբեջանական զինված ուժերի բախման լուրը: Այս անգամ Ադրբեջանը որոշել էր հրադադարի ռեժիմը խախտելիս արդեն սովորական դարձած «անմեղ» կրակոցներով չբավարարվել: Թե ինչ եղավ և ինչով ավարտվեց ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեոնարխ գյուղից հյուսիս արևելք ընկած հատվածում, իսկ դրանից շատ չանցած, նաև Հադրութի մոտակայքում, արդեն հայտնի է. կրկնվելու կարիք չկա: Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց` երբ Բաքվում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Ադրբեջանը, հավանաբար, փորձել է օգտվել մեզանում ներքաղաքական իրավիճակի լարվածությունից, ենթադրելով, թե ներքին խնդիրների պատճառով Հայաստանն ու ԼՂՀ-ն կորցրած կլինեն զգոնությունը: Թերևս: Սակայն, հնարավոր է այս միջադեպի մեկնաբանության մեկ այլ տարբերակ: Միջազգային փորձը հուշում է, որ հակամարտությունները լուծվում են որոշակի փուլերում` որոշակի իրողությունների հիման վրա: Եվ այն ժամանակ, երբ հակառակ Թուրքիայի ու Ադրբեջանի բերած կեղծ փաստարկների, Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում է ստանում, երբ ԼՂՀ անկախ պետությունը, թեկուզ և պաշտոնապես դեռ չճանաչված, օրըստօրե ամրապնդվում է, ավելի ու ավելի իրատեսական ու շոշափելի է դառնում Ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծման հնարավորությունը: Այդ հանգամանքը չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանին: Եվ ԼՂՀ սահմանների դեմ նրա սանձազերծած ռազմական վերջին գործողությունները, թերևս, ոչ այլ ինչ էին, եթե ոչ` միջազգային հանրության շրջանում ԼՂՀ` որպես կայացող պետության մասին արդեն ամրապնդվող կարծիքն ու վերաբերմունքը ջարդելու անհաջող փորձ: Իսկ այն, որ Մինսկի խումբը և, մասնավորապես, վերջինիս ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համարժեք գնահատական չեն տվել Բաքվի այդ ջղաձգումներին, թերևս, բացատրվում է Ադրբեջանում Արևմուտքի ունեցած նավթային ու աշխարհաքաղաքական շահերով: Ի դեպ` նավթի մասին: Կարծիք կա, և Ադրբեջանն էլ բազմիցս նշել է, թե տարիների ընթացքում, նավթի շնորհիվ հզորացնելով իր տնտեսությունն ու բանակը, վերջիվերջո Բաքուն ի զորու կլինի ռազմական ճանապարհով իր օգտին լուծել ղարաբաղյան խնդիրը: Իհարկե, այսօր էլ նավթի շնորհիվ Ադրբեջանի ՀՆԱ-ն ավելի է Հայաստանի ՀՆԱ-ից: Սակայն, կարևոր և որոշիչ է ոչ թե ՀՆԱ-ի զուտ թվային արտահայտությունը, այլ կառուցվածքը: Տնտեսագիտական բազմաթիվ հետազոտություններն ապացուցում են, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի առյուծի բաժինը նավթինն է, իսկ տնտեսության մյուս ճյուղերը զգալիորեն կաղում են: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ նավթից ստացվող եկամուտների զգալի բաժինը դուրս է գալիս երկրից` որպես նավթարդյու նաբերության մեջ ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերություններին հասանելիք մասնաբաժին: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի տարեվերջյան զեկույցում, մասնավորապես, նշվում էր, որ մեր բանակը համալրվել է զինտեխնիկայի ժամանակակից, նորագույն տեսակներով: Ասել կուզի` ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին Ալիև կրտսերի չդադարող հայտարարությունները ադրբեջանական զառանցանքների շարքից են: Այս ամենի համատեքստում, թերևս, ինչ-որ տեղ նաև երկրորդ պլան է մղվում Ղարաբաղյան հիմնահարցի դե յուրե վերջնական լուծման ժամկետը: Որքա՞ն կտևի այն` ևս տա՞ս, քսա՞ն տարի… Կարևորն այդ ընթացքում ԼՂՀ պետականության ամրացումն ու զարգացումն է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ