Հետընտրական մտորումներ Գլխատված մարմնին այլևս ոչինչ պետք չի° լինում


Հասարակության մեջ դիրքի ու հեղինակության, որոշակի, նույնիսկ գերագույն իշխանության հասնելու ձգտումները, եթե բխում են առավելաբար ազնիվ մղումներից, ոչ միայն դատապարտելի չեն, այլև ողջունելի են: Առողջ բանականության տեր անհատը գիտակցում է, որ իշխանությունը, ապահովելով մեծ հեղինակություն, ոչ միայն պետք է շոյի յուրաքանչյուր քաղաքացու ինքնասիրությունը, այլև նրան հնարավորություն է տալիս առավելագույնս դրսևորել իր անձնական-անհատական ունակությունները: Ավելին, ազնիվ մղումներով առաջնորդվող մարդկանց համար դա լավագույն հնարավորություն է` ունակությունները ծառայեցնել պետության ու ժողովրդի առջև պատմական զարգացման տվյալ պահին ծառացած խնդիրների լուծմանը նպաստելու: Դա իշխանության հմայքի ամենադրական կողմն է: Ազնիվ, ժողովրդին իսկապես նվիրված քաղաքական ու պետական գործչի համար, երևի, չկա ավելի մեծ երջանկություն, քան այն գիտակցությունը, որ ինքը, ահա, կարողացել է իր ժողովրդին մատուցել այս կամ այն ծառայությունը: Ընդսմին, որքան մեծ է այդ ծառայությունը, այնքան ավելի մեծ է տվյալ անհատի ներքին բարոյական բավարարվածության զգացումը: Հետևաբար, իշխանության ձգտելը ամենևին դատապարտելի երևույթ չէ: Եվ չի կարելի համաձայնել այն նիհիլիստական գնահատականներին, թե մեզանում նույնպես «բոլորը իրենց շահն են հետապնդում, աթոռակռիվ են տալիս» և այլն, և այլն: Դատապարտելին, մերժելին, եղկելին այլ բան է` զուտ եսասիրական, շահադիտական մղումներով իշխանության ձգտելը, ամեն գնով իշխանությանը տիրանալու մոլուցքը, իշխանատեն չությունից կուրանալը, հանուն դրա ամեն սրբություն ոտնատակ տալու պատրաստակամությունը: Անկարելի է հավատալ, թե նման մեկը իշխանության է ձգտում հանուն ինչ-որ «բարձր» բարոյական նպատակների, հանուն «պետության ավգյան ախոռները մաքրելու», «ավազակապե տությունը կազմաքանդելու», «իսկական ժողովրդավարություն հաստատելու», «արդարությունը վերականգնելու»: Անկարելի է, որովհետև չարության, մաղձի, վրեժխնդրության զգացումներով հրապարակ իջած մեկը չի կարող բարի գործեր կատարել: Մանավանդ, երբ այդ մեկը այդպիսի հնարավո րություն մեկ անգամ արդեն ունեցել է և, ավաղ, իր կառավարման տարիներին գրեթե ոչ մի բարի գործով աչքի չի ընկել, իրենից հետո թողել է շատ տխուր ու դառը հիշողություններ: Այդպիսինի իշխանատենչությունն այլևս ոչ մի դրական լիցք չունի: Դա իշխանության հմայքի ամենաբացասական կողմն է, քանդելու, ավերելու, անցանկալիներին պատժելու կործանարար մոլուցք: Ավաղ, ողջ նախընտրական ու հետընտրական շրջանում Նախագահի թեկնածուներից առնվազն մեկը լիուլի ապացուցեց, որ ինքը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել այդ դիվային մոլուցքից: Եվ առավել ցավալի է, որ կարողացավ այդ մոլուցքը փոխանցել իրեն հետևող հազարավոր ու հազարավոր խաբված մարդկանց: Ի՞նչ անենք, որ նույն փսիխոզը չկրկնվի: Հեռու գնալ պետք չէ` հիշենք մեր երանելի Վազգեն Սպարապետին: Նա Վարչապետ դառնալուց հետո իր ամենաառաջին հրապարակային ելույթում հայտարարում էր, որ «իշխանությունն այլևս դադարելու է անձնական հարստության միջոց լինելուց» բոլոր իշխանավորների համար` սկսած ամենափոքրիկ գյուղապետից, մինչև ամենաբարձր պաշտոնյաները: Մեջբերումը բառացի չէ, սակայն Սպարապետի երազանքի գլխավոր իմաստը դա էր: Ցավոք, այդ երազանքի գիտակցմանը մենք դեռ չենք հասել: Իշխանությունը մեզանում դեռ մի որոշակի չափով մնում է ոչ միայն որպես անձնական բարեկեցության ապահովման, այլև ամեն կարգի շահատակություններ անելու և պատասխանատվությունից խույս տալու միջոց: Օրենքը դեռ չի գործում բոլորի համար հավասարապես: Անարդարությունները դեռ լիովին չեն վերացված, հասարակության ընչազուրկ ու իրավազուրկ մասի դժգոհությունների համար դեռ առավել քան բավարար հիմքեր կան: Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը այդ կարգի այլանդակությունները մեր հասարակական կյանքից բացառելու հստակ պարտավորություններ է պարունակում: Պետք է նրան հնարավորություն տալ և օգնել` իր այդ պարտավորությունները կատարելու: Ժամանակ է պետք ու հասարակական համբերություն: Մինչդեռ ոխը, վրեժը, կույր ատելությունը հոգիներից թոթափելու հրամայականը կախված է օդում: Դադարեցնել հասարակական մթնոլորտը շիկացնելու և թունավորելու, ասեկոսեներով, զրպարտություններով առաջնորդվելու փորձերը` ահա բոլորիս խնդիրը: Ոխն ու վրեժը, ասեկոսեները, ատելությունը, անհանդուրժողականությունը, հասարակության ու մանավանդ ազգի մի մասը մյուսին հակադրելու գիտակցված կամ չգիտակցված «մարտավարությունը», Աստված մի արասցե, կարող է կաթվածահարել պետությունը, խափանել պետական մեքենայի բնականոն գործունեությունը: Պատկերացնու՞մ եք այն սարսափը, եթե հանկարծ ամենևին էլ ոչ գեղեցիկ մի օր արթնանայինք ու տեսնեինք, որ պետական մեքենան իսկապես տեղապտույտ է տալիս, երկրի կառավարման մարմինների որոշումները չեն կատարվում, Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, դարձյալ կրկնեմ` Տերը մի արասցե, ամենայն արագությամբ ու հստակորեն կյանքի չեն կոչվում… Այդպիսի վիճակը, որին բացահայտորեն ձգտում էր Նախագահի թեկնածուներից մեկը` իր կողմնակիցների բազմահազարանոց լսարանի առաջ անսահման հրճվանքով մատնանշելով պետական այս կամ այն մարմնի այս ու այն ներկայացուցչի անցնելը, այսպես կոչված, «ժողովրդական շարժման» կողմը, ուղիղ գծով տանում էր դեպի… վատթարագույնը` պետականության ճգնաժամ: Ինչու՞ վատթարագույնը: Որովհետև չկա ավելի մեծ չարիք, քան այն, երբ պետական մեքենան կաթվածահարվում է: Դա կործանարար ճանապարհ էր և է: Մի անգամ, ՀՀՇ-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ, մենք այդպիսի մի շրջան ապրեցինք: Անվերջանալի գործադուլներն ու դասադուլները, այս ու այնտեղ հրահրվող սադրանքները երկրում ստեղծեցին անկառավարելի իրավիճակ: ՀՀՇ-ն ա°յդ կերպ եկավ իշխանության: Թե դրանից հասարակ ժողովուրդն ինչ շահեց և ինչ կորցրեց` թողնենք ընթերցողներից յուրաքանչյուրի խղճին: Բայց այսօր հարցը շատ ավելի լուրջ է, քան որևէ մեկի շահելն ու կորցնելը: Այժմ խաղաքարտի վրա է մեր երկրի բուն գոյությունը: Ինչու՞: Որովհետև այն ժամանակ Խորհրդային Միությունը դեռ կար և մեր ազգային անվտանգությանը ոչինչ չէր սպառնում: Համենայն դեպս` արտաքին ագրեսիայի սպառնալիքը բացառված էր: Այժմ նոր, այսպես կոչված «երգ ու պարի հեղափոխության» գայթակղությանը տրվելով` մենք առիթից օգտվելու հնարավորություն ենք ընձեռում մեր բոլոր հայտնի ու անհայտ չարակամներին, ովքեր հարմար պահի են սպասում: Չգիտակցել այս վտանգը` նշանակում է պարանոցը կամովին դնել թշնամու գիլյոտինի տակ… Նույնիսկ ամենավատ, ամենաանարդար, ոչ ժողովրդավարական պետությունը միլիոնապատիկ գերադասելի է անիշխանությունից, անարխիայից, կաթվածահարված հասարակությունից: Ուշքի° գանք, վերականգնենք հասարակական կարգ ու կանոնը, ենթարկվենք պետական մարմիններին և չխաթարենք պետական մեքենայի բնականոն գործունեությանը: Միայն այդ կերպ մենք կփրկենք մեզ, մեր պետությունը, քանի դեռ հասարակական մարմնի գլուխը չի կտրվել: Կտրած գլխին այլևս ոչինչ պետք չի° լինելու` ո°չ ժողովրդավարություն, ո°չ իշխանություն, ո°չ արդարություն…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ