Ուկրաինա ԵՎ Վրաստան. հույս կա՞ դեպի ՆԱՏՕ


"ՀՏրրՌÿ Չ չսՏոՈսՖվՏռ տՏսՌՑՌՍպ" հանդեսի գլխավոր խմբագիր Ֆեդոր Լուկյանովի այս վերլուծությունը, կարծում ենք, կհետաքրքրի նաև մեր ընթերցողին: Որքան մոտենում է Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի և Կիևի հույսերը չեն իրականանալու: Ո°չ Վրաստանի նախագահի կրքոտ եռանդը, ո°չ Ուկրաինայի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարների դիմումներն առայժմ չեն համոզում արևմտյան քաղաքագետներին: Ո՞րն է ՆԱՏՕ-ի անվճռականության իմաստը: Հաշվի առնելով Ռուսաստանի փաստարկները, դաշինքը թերահավատորե՞ն է վերաբերվում դեպի Արևելք հետագա ընդարձակման նպատակահարմարությանը: Հազիվ թե: Բրյուսելում և անդամ-երկրների մայրաքաղաքներում ոչ մեկը չի պատրաստվում հրաժարվել ակտիվորեն քարոզվող այն գաղափարից, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հարևաններին բացառապես խաղաղություն, ժողովրդավարություն ու բարգավաճում է բերում: Ավելին: Վրաստանում առկա են ՆԱՏՕ ընդգրկվելու նախադրյալները (Ուկրաինայում իրադրությունն այլ է): Նատօյական շրջանակներում ԱՊՀ երկրների ներգրավումը վեճեր է հարուցում դաշինքի ներսում: Ամերիկյան ռազմագետները ենթադրում են, որ կասկածելու հիմքեր չկան` թե, ի վերջո, Վրաստանն ու Ուկրաինան ինչո՞վ են տարբերվում Էստոնիայից և Լեհաստանից: Ավելին, Ուկրաինան նույն Լեհաստանից հետո երկրորդ պետությունն է, որի ընդգրկումը քաղաքականից զատ նաև ռազմական ճշմարիտ իմաստ ունի: Այդ երկիրն ունի ոչ փոքրաթիվ ազգաբնակչություն (այսինքն` այն ունակ է նշանակալի քանակակազմ ապահովել գործողություններում, ինչի առումով ՆԱՏՕ-ն հիմա մեծ դժվարություններ ունի) և ռազմավարական տեղադրություն: Մարտունակության առումով` մյուս բոլոր նորեկների ներդրումը խորհրդանշական է: Եվրոպացիները նվազ խանդավառություն են ցուցաբերում` ամենից առաջ զգուշանալով ռուսական հակազդեցությունից: Ճիշտ է, ընդամենը վերջերս դիվանագետներից ու փորձագետ ներից կարելի էր լսել, թե Ռուսաստանն, իբր, առարկել է և° Կենտրոնական Եվրոպայի, և° Բալթիայի անդամակցության դեմ, բայց հետո հաշտվել է ընդլայնման ալիքների հետ: Նման տեսակետ հնչում է և այսօր: Օրինակ, ամերիկացի հայտնի վերլուծաբան, Մարշալի Հիմնադրամի եվրոպական գրասենյակի ղեկավար Ռոն Ամուսը «Ֆորին էֆֆեր» ազդեցիկ ամսագրում հրապարակած հոդվածում առաջարկում է գործել` առանց Մոսկվայի հանդեպ հատուկ զգուշավորության: Ընդհանուր առմամբ, սակայն, նման փաստարկումները կտրական են. առավելապես Կոսովոյի առնչությամբ Ռուսաստանի անզիջում կեցվածքը ցույց տվեց, որ Կրեմլի արտաքին քաղաքականության բնույթը փոխվել է: Վրաստանի և Ուկրաինայի պատճառաբանությունները հասկանալի են: Վրաստանի ղեկավարությունը գտնում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միակ երաշխիքն է «ռուսական սպառնալիքի» դեմ: Եվ, իհարկե, Թբիլիսին հույս է տածում , որ դաշինքը կօգնի` վերականգնել տարածքային ամբողջականությունը: Իրականում ազդեցությունը ճիշտ հակառակը կարող է լինել. ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը կարող Մոսկվային մղել` ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչին Ռուսաստանը դեռ պատրաստ չէ: Ուկրաինայի առաջնորդները և ամենից առաջ` նախագահ Վիկտոր Յուշչենկոն նույնպես, դաշինքին անդամակցությունը համարում են «խարիսխ», որը վերջնականապես կամրապնդի Կիևի դիրքերը Եվրա-ատլանտյան տարածքում և միաժամանակ «օղագոտի» կդառնա` ամրապնդելու ոչ լիակատար պետության հիմքերը: Ի դեպ, այս պարագայում էլ արդյունքը կարող է անցանկալի լինել: Համաուկրաինական նույնականությունը դժվարությամբ է ձևավորվում, սակայն դա «սերտաճման» բնական ընթացք է, և արհեստականորեն այն արագացնելու փորձերը բռնի վիժեցման կարող են հանգեցնել: Իրադարձությունները չարագացնելու որոշումը, որին հակված են առաջատար տերությունները, բացատրվում է մի շարք գործոններով. Նախ, ՆԱՏՕ-ի առջև ծառացած է անչափ կարևոր և կենսական խնդիր` ռազմական գործողությունները Աֆղանստանում, որտեղ, հենց նատօյական ռազմագետների խոստովանմամբ, առկա է դաշինքի ռազմական պարտության վտանգը: Հանգամանք, որ աղետալի է, եթե ոչ ճակատագրական, հարված կլինի նրա համար: Եվ հատկապես դա է դառնալու բուխարեստյան բանավեճերի գլխավոր թեման: Ի դեպ, Աֆղանստանում Ռուսաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքը թեև չեն պայքարում ուս-ուսի, սակայն, վերջնահաշվում, նույն նպատակն են հետապնդում: Երկրորդ. Մոսկվայում իշխանության հերթափոխը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «մթնոլորտային» փոփոխությունների հույսեր է արթնացնում: Դատելով իրողություն ներով` հեռացող նախագահը մտադիր է Արևմուտքի ուղղությամբ իր գործունեությունն ավելի կառուցողական դարձնել: Այլապես ի՞նչ իմաստ ունի մասնակցությունը բուխարեստյան գագաթաժողովին: Իսկ նրա հաջորդի պահվածքը, ցանկացած պարագայում ավելի զուսպ կլինի` պայմանավորված ռուսական երկու առաջնորդների բնավորությունների տարբերությամբ: Չնայած` տեսակետների սկզբունքային փոփոխություն ակնկալելն անիմաստ է: Այսուհանդերձ, ռուսաստանյան նոր ղեկավարության հետ փոխգործակցություն սկսելը` նրա առարկություններն անտեսելով, ամենաանհաջող գաղափարն է: Երրորդ. հավակնորդ-երկրներում իրադարձությունների զարգացումը խնդրի հետաձգման ձևական առիթներ է ստեղծում: Անցյալ նոյեմբերին վրացական ընդդիմության ցրելը և հունվարին նախագահի ընտրության արդար լինելու կասկածները փաստեցին, որ Վրաստանում ժողովրդավարության վիճակն այնքան փայլուն չէ, որքան կցանկանային ներկայացնել Թբիլիսիի պատրոնները: Ուկրաինայում էլ բազմակարծության մակարդակը բարձր չէ, բայց այնտեղ քաղաքական ճգնաժամն իշխող դասի գոյատևման կերպն է: «Համախոհներ» Տիմոշենկոյի և Յուշչենկոյի կատաղի պայքարը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Կիևում վերստին լրջորեն քննարկվում է խորհրդարանի լուծարման և նոր ընտրությունների հեռանկարը: Հասկանալի է, որ նման իրավիճակում ՆԱՏՕ-ի թեման կնպաստի միայն կուսակցությունների միջև լարվածության խորացմանը: Այս հանգամանքների հանրագումարը Ուկրաինայի և Վրաստանի համար զսպվածության խթան պետք է հանդիսանա` դեպի Բուխարեստ ճանապարհային խաղաթղթերն ընտրելիս: Բայց և կասկած չկա, որ այդ թեման չի հանվելու օրակարգից: ԱՄՆ նախագահի իրական թեկնածուներից առնվազն երկուսը` հանրապետական Ջոն Մաքքեյնը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման ակտիվ կողմնակիցներն են լինելու. Բարաք Օբամայի արտաքին քաղաքական հայացքներն ավելի քիչ են տեսանելի: Բայց վերջինիս խորհրդականների շարքում Զբիգնև Բժեզինսկիի և նրա որդու` Մարկի ներկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ հատկապես այդ հարցում Օբամայի ընթացքը չի տարբերվելու մինչ այժմ եղածից: Այնպես որ, Ռուսաստանի նորընտիր նախագահը պետք է պատրաստ լինի քաղաքական լուրջ ճակատամարտի. չէ՞ որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կայանալու է 2009 թ. ապրիլին և համընկնում է դաշինքի 60-ամյակի հետ: Եվ կազմակերպիչները այդ տոնը հիշարժան դարձնելու մեծ գայթակղություն են ունենալու: