Ադրբեջան. չհաջողված ռազմական արկածախնդրություն


ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հարցազրույցը ՀՀ ՊՆ մամլո ծառայությանը. Մեզ հետաքրքրում էր նրա գնահատականը` 2008 թ. մարտի 4-ին Մարտակերտի մերձակայքում Ադրբեջանի զինուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի զինված բախման վերաբերյալ իրար հակասող մեկնաբանությունների առնչությամբ: - Վերջերս Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները արմատապես հակասական են: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ միջադեպը: - Փաստերը հետևյալն են. մարտի 4-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խումբը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրավել էր ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից մեկը: Արդյունքում վիրավորվել էին Պաշտպանական բանակի 2 զինծառայող: Այս փաստի առնչությամբ ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը, ղարաբաղյան կողմի խնդրանքով ծանուցում հղեց ԵԱՀԿ ներկայացուցիչ պարոն Ա. Կասպրչիկին: Միաժամանակ, ստատուս-քվոյի և հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման նպատակով փորձեց հեռախոսային ուղիղ կապի մեջ մտնել Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության հետ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նախարար Ս. Աբիևը չի կարող հեռախոսային բանակցություններ սկսել` զբաղվածության պատճառով: Հայկական կողմը, պահպանելով ռազմական արվեստի բոլոր կանոնները, ձեռնարկեց համապատասխան պատասխան քայլեր և գրավված դիրքից դուրս շպրտեց ադրբեջանցի զինծառայողներին` շփման գծում վերականգնելով ստատուս-քվոն: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանման ռազմական հաջող գործողությունների արդյունքներից ելնելով` հայկական զինվորական ղեկավարությունը, ադրբեջանական ԶՈՒ ղեկավարության դիմումին ի պատասխան, պատրաստակամություն հայտնեց` հնարավորություն ընձեռել բախման տարածքից ադրբեջանցի զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու: Այս փաստերի հավաստիությունը ԵԱՀԿ-ին: - ԶԼՄ-ներում շրջանառվում են ադրբեջանցի մասնագետների քաղաքական մեկնաբանություններն առ այն, թե իբր միջադեպի նախաձեռնողը հայկական կողմն է` Երևանում հայտարար ված Արտակարգ դրությունից հայ ազգաբնակչության ուշադրությունը շեղելու նպատակով: Ձեր կարծիքով ո՞րն է այսպիսի գնահատականի քաղաքական դրդապատճառը: - Բաքվի կառավարական, հասարակական շրջանակները և առանձին մասնագետներ զանգվածային լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկում են ադրբեջանական բանակի ձախողված հարձակումը` իրենց ժողովրդին և միջազգային հանրությանը պարտադրելով կատարվածի մասին իրենց կարծիքը: Հայաստանում ներքին կայունությունը վերականգնելու դժվարին ժամանակահատվածում հայկական դիրքերը գրոհով ստուգելու` ադրբեջանական բանակի տապալված փորձի վերաբերյալ Բաքվի աղբյուրների կողմից մեկնաբանվում է ճիշտ հակառակ տեսանկյունից: Որպես արյունոտ այդ արկածախնդրության հեղինակ և մեղավոր` նրան մատնացույց են անում հայկական կողմին: Բաքուն մեջբերում է կեղծ թվեր` իբր թե հայկական կողմի զոհերի մասին` նշելով ադրբեջանական բանակի ռազմական խիզախությունը: Մինչդեռ, հավաստի փաստերով, տվյալ աղավաղումները նպատակ ունեն կոծկել ադրբեջանական արյունալի արկածախնդրության ձախողումը և թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանն ու փորձագիտական խմբին` նրանց ներկայացնելով Բաքվի իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների ձեռնտու մեկնաբանություններ: Ադրբեջանական կողմի մեկնաբանությունները` կառուցված փաստերի կոպիտ կեղծարարության և Հայաստանում հայտարարված Արտակարգ իրավիճակի շահարկման վրա, ձեռնածուա կան հերթական փորձ է` խեղելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ մտահոգ միջազգային ընկերակցության կարծիքը: Գնդապետ` Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՀՀ պաշտպանության մամլո քարտուղար