ԱՌԱՋԱՐԿԸ` ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ


Նախընտրական քարոզչության կարևորագույն փուլերից ևս մեկն ավարտվեց: Ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետի լրանալուց հետո պարզ դարձավ, որ նախագահացուների թիվն անփոփոխ է մնալու, և արդեն տպագրվող քվեաթերթիկները պարունակելու են նախապես առաջադրված բոլոր ինը թեկնածուների անուն-ազգանունները: Հակառակ թեկնածուների միջև կայանալիք նախընտրական ալյանսների շուրջ համառ պնդումներին` այլևս կարելի է փաստել, որ նրանցից և ոչ մեկն ինքնաբացարկ հայտնելու «զոհողության» այդպես էլ չգնաց: Հետևաբար նշված հարցի շուրջ առաջիկա օրերին ենթադրվող ցանկացած հայտարարություն արդեն իսկ անիմաստ է, քանի որ, միևնույն է, նկատելի ուշացումով նման քայլի գնացողների ազգանուններն արձանագրվել են քվեաթերթիկներում: Հավաստիացումները, ընտրությունների երկրորդ փուլում համագործակցության վերաբերյալ, ընդամենը այսրոպեական շահեր հետապնդող նպատակներ ունեն: Թեկնածուներն իրենք են բոլորից լավ պատկերացնում, որ այս անգամ ավելի հավանական է` քվեարկությունը հենց առաջին փուլով ավարտվի: Այստեղ սոցհարցումների տևական հավաստիացումները նույնիսկ նշանակություն չունեն: Դրանք, ինչպես բազմիցս ենք նկատել, ավելի շատ հասարակական տրամադրութ յունների վերափոխմանն են միտված: Հենց այդ նպատակով էլ առանձին թեկնածուների նախընտրական շտաբները քարոզչության շրջանում սեփական հարցում ներն են հրապարակ նետում` հույսով կամ գրեթե համոզված, որ այդ կերպ իրենց ազդեցությունը կարող են ունենալ դրանց հրապարակումից և «շրջանառությու նից» ակնկալվող «ձեռքբերումների» գործում: Մյուս կողմից, նույն այդ շտաբներում իրականությունն ավելի լավ են պատկերացնում… Եվ մինչդեռ էլի մեկ շաբաթ որոշ թեկնածուներ միայն լավատեսությամբ մրցապայքարը շարունակելու, երազներն ու իրականությունը մեկտեղելով նույնացնելու հնարավորությունն ունեն, բավական անհեթեթ վիճակում է հայտնվել անցնող քարոզարշավում միավորման նկատելի ջանքեր գործադրած «Ժառանգությունը»: Ինչ խոսք, Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հնարավորության դեպքում այս քաղաքական ուժը, բնականաբար, երբեք էլ համախմբման նախաձեռնող չէր հանդիսանա: Ավելին, դժվար չէ պատկերացնել, որ նախկին արտգործնախարարն էլ, թեկնածու դառնալու դեպքում իր հերթին սպասելու էր իր շուրջը համախմբվողների գալստյանը… Սակայն այլևս կորցնելու ոչինչ չունեցող «Ժառանգությանը» այդպես էլ անորոշության գրկում թողեցին թե° Լ. Լևոն Տեր-Պետրոս յան - Ա. Բաղդասարյան, և թե° Վ. Մանուկյան-Վ. Հովհաննիսյան զույգերը: Փոխադարձաբար ջերմագին գովեստներ շռայլելու` հատկապես վերջին օրերին ավելի ցցուն դրսևորվող մրցավազքն այդպես էլ գործնական դրսևորումներ չունեցավ: Ինքնազոհողության առաջարկը միավորում էր ենթադրում: Իսկ հայրենի քաղգործիչների համար, այն էլ Նախագահի ընտրությունների վերջնափուլում զիջումների գնալը, մահացու լինելու չափ դժվար է: Նրանք հաճախ իրենց արդեն Նախագահի աթոռին են պատկերացնում ոչ այնքան քարոզչության ռեալ արդյունք ներն աչքի առաջ ունենալով, այլ ընդամենը հաշվելով քվեարկության օրվան մնացած ժամերը: Այն, որ ավելի հաճախ են որոշ նախագահացուների նյարդերն սկսել տեղի տալ, ակներև է դառնում քարոզչության հանդարտ ընթացքը խաթարող միջադեպերի հաճախակիացմամբ և, ո¯վ զարմանք, մինչև անգամ մահափորձի սպառնալիքների մասին արկածային պատմություններով: Արկածը` արկած, բայց փետրվարի 19-ին քիչ ժամանակ է մնացել: Իսկ անցնող շաբաթները նորից հաստատեցին, որ քաղաքական ուժերի գերակշիռ մասն այդպես էլ չի կարողանում հրաժարվել սեփական ամբիցիաներից, իսկ անհանդուրժողականության ու ամեն գնով իրենք իրենց առաջ մղելու` հայրենի քաղգործիչների հին սովորույթը դեռևս պահպանվել է: