Քարոզարշավի խարդավանքները


Անցյալ շաբաթվա սկզբին Նախագահի թեկնածուներից Արթուր Բաղդասարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, թե իրենք բանակցում են ընտրապայքարում ուժերը մեկտեղելու շուրջ: Այդ բանակցությունների արդյունքները հայտնի պիտի դառնային շաբաթվա վերջին: Դա կարող էր նշանակել միայն մեկ բան` նրանցից մեկը դուրս է գալու մրցապայքարից և իր կողմնակիցներին կոչ է անելու քվեարկել մյուսի օգտին: Սակայն, մինչև շաբաթավերջ այդպիսի քայլ չարվեց: Փոխարենը շաբաթավերջից մեկ օր առաջ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սահմանադրական դատարան` ընտրություններում իր համար «առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու» խնդրանքով: Այս խնդրանքը Սահմանադրական դատարանը քննարկեց և մերժեց: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սահմանադրական դատարանին այդպիսի խնդրանքով դիմելը աներկբա վկայում էր, որ Նախագահի նշված թեկնածուների միջև մեկը մյուսի օգտին իրենց թեկնածությունները հանելու բանակցությունները ձախողվել են: Թեև Արթուր Բաղդասարյանը դրանից հետո էլ նշում էր, որ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև բանակցությունները շարունակվում են, և մինչև ընտրությունների օրը հայտնի կդառնա, թե «ով ում է միանալու», այնուամենայնիվ, նման «միավորման» հնարավորությունը, եթե ոչ բացառված, ապա քիչ հավանական է թվում: Երկուսն էլ մեր հասարակական լսարանին քաջ հայտնի են իբրև հավակնոտ գործիչներ, և դժվար է հավատալ, թե նրանցից մեկը մյուսի օգտին կհանի իր թեկնածությունը: Միգուցե այդպես լինի, եթե ընտրությունները մեկ փուլով չավարտվեն և նշված թեկնածուներից մեկը կամ մյուսը դուրս գա 2-րդ փուլ: Բայց, ինչպես ընտրությունների երկրորդ փուլի, այնպես էլ այդ` դեռ ենթադրյալ փուլում հիշյալ թեկնածուներից մեկի կամ մյուսի հայտնվելը նույնպես խիստ կասկածելի է: Դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումին, նկատենք, որ դա քարոզարշավի նախավերջին շաբաթվա ամենամեծ խարդավանքն էր: Նախ, ի՞նչ «անհաղթահարելի խոչընդոտներ» էր վկայակոչում Նախագահի թեկնածուն, որոնք, իբր, «իրենից անկախ պատճառներով» անհնարին էին դարձնում իր «հետագա մասնակցությունը ընտրական գործընթացներին»: Չմոռանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, դեռ մինչև Նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վճիռ կայացնելն ու դրա մասին հայտարարելը, շրջում էր Հանրապետության բնակավայրերով, ազատորեն հանդիպում էր իր կողմնակիցներին, մայրաքաղաքում հանրահավաքներ էր կազմակերպում, հանդես էր գալիս ամեն կարգի ամբաստանություններով, անապացույց, մերկապարանոց մեղադրանքներով: Այդ ամենը օրենքով սահմանված ժամկետից շատ առաջ սկսված ապօրինի քարոզարշավի էր նման. մանավանդ` ինքը բոլորից շուտ մամուլում հրապարակեց իր նախընտրական ծրագիրը` «Հանդարտ խոհերը», և ոչ ոք նրան չասաց, թե «աչքիդ վերևը հոնք կա»: Բուն քարոզարշավի ընթացքում էլ նրա այդ գործունեությունը խոչընդոտելու մասին որևէ փաստ հասարակությանը հայտնի չէ: Հակառակը, հայտնի են անձամբ իր հանրահավաքային սադրիչ հայտարարությունները և տարբեր բնակավայրերում իր կողմնակիցների հրահրած միջադեպերը, որոնց առթիվ քրեական գործեր են հարուցված, կան նախնական կալանքի ենթարկված անձինք: Այդ ամենը «համեստաբար» շրջանցելով` Նախագահի այս թեկնածուն ՍԴ-ին իր առջև «անհաղթահարելի խոչընդոտներ» հարուցելու այլ «փաստ» էր մատնանշել` իբր հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հայլուր» ծրագրի միջոցով «կոպիտ կերպով խախտելով ՀՀ օրենսդրության» մի շարք հոդվածներ, «երեք ամիս շարունակ…հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել» իր հասցեին: Այդ` իբր «նախադեպը չունեցող պետական հակաքարոզչությունն» էր Լևոն Տեր-Պետրոսյանը համարում «անհաղթահարելի խոչընդոտ»: Անկախ նույնիսկ ՍԴ-ի վճռից, որն արդեն իրավաբանորեն հերքեց նման պնդումների հիմնավորվածությունը, ակնհայտորեն պարզ էր, որ ՍԴ դիմելը ողջ ընտրական գործընթացը վարկաբեկելու բացահայտ սադրանք էր, ուրիշ ոչինչ: Ցավալի է, որ այդ սադրանքի թիրախ են ընտրվել…լրատվամիջոցները: Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հեռուստատեսային բոլոր հաղորդումներից ու բանավեճերից` մերժելով ոչ միայն հանրային, այլև մասնավոր հեռուստաընկերությունների հրավերները: Պատճառաբանությունն այն է, թե իբր դրանք «չեն կարող մեղմել «Հայլուրի» լրատվական թողարկումներում պետական մակարդակով տարվող հակաքարոզչության ազդեցությունը»: Նախ հարկ է նշել, որ հանրային հեռուստատեսությունը, այդ թվում «Հայլուր» լրատվական ծրագիրը, օրենսդրորեն ամենևին «պետական» չեն: Երկրորդ` ի պատիվ իրենց, հանրային հեռուստաընկերության իմ լրագրող գործընկերները այս ամբողջ ընթացքում բարեխղճորեն կատարել և կատարում են հանրությանը տեղեկատվություն հաղորդելու իրենց մասնագիտական պարտքը` ցուցաբերելով առավելագույն հավասարակշռվածություն, զսպվածություն ու անաչառություն, ինչն արձանագրել են նաև մեր երկրի զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ մոնիտորինգ անցկացնող մի շարք դրսի ու ներսի կազմակերպություններ: Միգուցե «Հայլուրի» տեղեկատվական թողարկումներում Լևոն Տեր-Պետրոսյանի անձի և նրա զանազան ու զարմանազան հայտարարությունների նկատմամբ լրագրողներն առանձնակի բարեհաճություն չեն դրսևորում և հավանություն չեն արտահայտում: Սակայն ո՞վ է ասել, թե նրանք «պարտավո՜ր» են այդ անել, ու եթե չեն արել ու չեն անում` «անհաղթահարելի խոչընդո՜տ» են հարուցում Նախագահի թեկնածուի առջև: Երրորդ` «պետական հակաքարոզչությունը» Լևոն Տեր-Պետրոսյանին ամենևին չխանգարեց, որ իր առջև «անհաղթահարելի խոչընդոտներ» հարուցելու մասին իր իսկ հայտարարության հաջորդ օրը գումարի…հերթական հանրահավաքը: Չորրորդ` գործնականում հակաքարոզչությամբ հանդես է գալիս առավելաբար ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե Նախագահի մյուս թեկնածուները, հընթացս քարեր նետելով գործող Վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «բոստանը», ինչը թելադրված է նախընտրական պայքարի տրամաբանությամբ, այնուամենայնիվ, հիմնական ուշադրությունը բևեռում են ընտրազանգվածին սեփական ծրագրային դրույթները պարզաբանելու հարցի վրա, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը ուղիղ երեք ամիս զբաղված է գլխավորապես ներկա իշխանություններին վարկաբեկելով, հասարակության մեջ նրանց նկատմամբ ատելություն ներարկելով: Ի՞նչ է, բոլոր նրանք, ովքեր համաձայն չէին ու համաձայն չեն Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ամբողջ զազրախոսությանն ու «քննադատության» անվան տակ հասարակական մթնոլորտը թունավորելուն միտված նրա մաղձոտ ու ժահրոտ ելույթներին` պիտի լռե՞ն, որ պարոնը հանկարծ չգանգատվի, թե իր առջև «անհաղթահարելի խոչընդոտնե՞ր»են հարուցվում: Գոնե հասարակական մակարդակով այս երկրում չպիտի՞ լինի մեկը, ով պատնեշներ կկառուցի հասարակությանը դեպի քաղաքացիական բախումների հրող Լևոն Տեր-Պետրոսյանի թունավոր քարոզչության առջև: Ոչ թե երևակայական, այլ` իրական պատնեշներ: Եթե վաղը, Աստված մի արասցե, ատելության այս սերմնացանի շաղ տված թունավոր սերմերը դառը պտուղներ տան, եթե իրոք զանգվածային անկարգութ յուններ ու բախումներ հրահրվեն` հետևանքների համար ո՞վ է պատասխան տալու: Ինքը հաստատ` ո°չ հնարավոր տուժողների ու լաց լինողների, ո°չ էլ պատասխան տվողների շարքում է լինելու: Նրան կարելի կլինի փնտրել սոսկ խնդացողների° մեջ: Սակայն արժե՞ Լևոն Տեր-Պետրոսյանին այդքան մեծ հաճույք պատճառելու համար…այդքան թանկ վճարել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ