ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը


Հաշված օրեր են մնացել մինչև փետրվարի 19-ը. ասել է թե` ևս մի քանի օր շարունակվելու է նախընտրական ծրագրերի ու խոստումների շքահանդեսը: Հանրապետության նախագահի թեկնածուներն իրենք են խոստովանում` այդ ծրագրերն ու խոստումները որոշ դեպքերում շատ նման են. մեկը խոստանում է կրկնապատկել աշխատավարձերն ու կենսաթոշակները, մյուսը եռապատկել, հաջորդը խոստանում է քառապատկել… Բայց փետրվարի 19-ին աշխատավարձ ու թոշակ` չենք ընտրելու, այլ մեկին, ում վստահվելու է Հայաստանի ղեկը: Երկրին դեպի ո՞ւր կառաջնորդի այդ մեկը: Թերևս այս` երկրի ու բոլորիս ճակատագրի համար որոշիչ հարցի պատասխանն է, որ պետք է տանք մի քանի օրից: Այդ պատասխանին սպասում է նաև աշխարհը: Այս մասին էր, որ վերջերս, հետին պլանում թողնելով իր նախընտրական խոստումները, խոսեց նախագահի 9 թեկնածուներից ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Նրա բնորոշամբ, երկրի նախագահի այս ընտրություններում պայքարն ընթանում է իրականում Ռուսաստանի և Արևմուտքի, ավելի ստույգ` ԱՄՆ-ի միջև. դեպի ո՞ւր կկողմնորոշվի Հայաստանը փետրվարի 19-ից հետո: Պատմականորեն գտնվելով Արևմուտքն ու Արևելքն իրար կապող մեծ ճանապարհների խաչմերուկում, Հայաստանը կարևորվել է իր աշխարհագրական դիրքով և մշտապես կրել է այդ տարածքում իրենց ազդեցության գերակայության համար Արևելքի ու Արևմուտքի միջև մղվող պայքարի հետևանքները: Այսօր էլ նույնն է կատարվում: Թերևս, դա է գլխավոր պատճառը, որ սրվեց ընտրապայքարը Հայաստանի նախագահի թեկնածուներից հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև: Առաջինը` Արևմտյան-ամերիկյան, երկրորդը` աշխարհաքաղաքական կողմնորոշման առկա հավասարակշռության պահպանման, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից: Ո՞րն է սրանցից շահեկանը. որոշողը մենք ենք: Քաղաքագետների կարծիքով, Սերբիայում նախագահի ընտրություններում արևմտամետ Սադիչի հաղթանակի արդյունքում Ռուսաստանը կորցրեց Եվրոպայում իր ազդեցության կարևոր հենարանը: Եվ այժմ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան սատարողնԵրի միջոցով ԱՄՆ-ը ջանում է իր օգտին փոխել Հայաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշումների նժարը: Այս պայքարում ԱՄՆ-ի հաջողելու արդյունքում կարող է խաթարվել Ռուսաստան-Հայաստան-Իրան վեկտորը, որը դեպի Մերձավոր Արևելք տանող ամենահուսալի ճանապարհն է Ռուսաստանի համար: Սա, Հայաստանի համար, թերևս բարենպաստ չի լինի. Հայաստանը կկորցնի էներգակիրներով ապահովող Ռուսաստանի և Իրանի ռազմավարական ընկերակցությունը: Բացի այդ, Հայաստանը կոլեկտիվ անվտանգության կազմակերպության անդամ է: Իսկ ամերիկյան կողմնորոշումը կարող է ենթադրել անվտանգության համակարգի փոփոխություն դեպի ՆԱՏՕ: Սակայն տարածաշրջանում առկա խնդիրների ու հակամարտությունների, հնարավոր զարգացումների պայմաններում անվտանգության համակարգի այդպիսի փոփոխությունը հազիվ թե անվտանգ լինի Հայաստանի համար: Թերևս, կարիք չկա մանրամասնելու և հիշատակելու ղարաբաղյան հիմնահարցը: Այս ամենը ավելի ակնառու և շոշափելի կարող է դառնալ, եթե մտաբերենք մեզանում նախագահի ընտրությունների առնչությամբ ռուս քաղաքագետների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը շահագրգռված է ընտրություններում Ս. Սարգսյանի հաղթանակով: Նրանք նույնիսկ անցան քաղաքական էթիկայի սահմանները, ասելով, թե Ռուսաստանն ամեն ինչ կանի Ս. Սարգսյանին աջակցելու համար: Այս հայտարարությունն իհարկե հարուցեց նախագահի թեկնածուներից մեկի` Վահան Հովհաննիսյանի վրդովմունքը: Վերջինս նկատեց, որ ռուս քաղագետների սույն հայտարարությունը կոպիտ միջամտություն է անկախ Հայաստանի ներքին գործերին: Թերևս: Սակայն, մյուս կողմից, այս «միջամտությունը» վկայում է, թե աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ Հայաստանում նախագահի ընտրություններում Ս. Սարգսյանի անհաջողության դեպքում: Վերջապես, դիտողունակ աչքի համար աննկատ չի մնա այս նախընտրական ժամանակահատվածում Ռուսաստանի բարձրաստիճան անձանց այցը Հայաստան: ՌԴ կառավարության ղեկավարի` Զուբկովի այցի շրջանակներում հատկապես ընդգծվեց, որ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը կհատի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Իր հերթին, Զուբկովը չմոռացավ վստահություն հայտնել, որ ընտրություններում Ս. Սարգսյանը հաջողության կհասնի: Այս ամենը դարձյալ վկայում են, թե որքան է կարևորում Ռուսաստանը Հայաստանի նախագահի ընտրության արդյունքը, որն ըստ էության նշանակում է, թե աշխարհաքաղաքական կողմնորոշումներում Հայաստանն ինչ ընտրություն կկատարի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Իսկ դա մենք պետք է որոշենք փետրվարի 19-ին:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ