ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ


- Դեռևս 2003 թ. հաստատված Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն ամբողջովին և բոլոր ուղղություններով կատարվել են: Այն աշխատանք ները, որ չեն ավարտվել 2007-ին, ավարտին կհասցվեն 2008-ին,- հավաստիացնում է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Խոսելով տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին` քաղաքապետը կարևորում է բազմաթիվ նոր ծրագրերը: Եվ, հատկապես, անցորդների անվտանգությունը և տրանսպորտի անխափան աշխատանքը կարգավորելու նպատակով կառուցվելիք նոր անցումները: Թե որքանո՞վ է իրատեսական նոր անցումների կառուցումը, երբ հներից շատերն անմխիթար վիճակում են, մի քանիսն էլ ամբողջովին անգործության են մատնված, քաղաքապետը պատասխանեց. - Մենք որոշել ենք անդրադառնալ բոլոր անցումներին և դրանց հարևանությամբ կառուցել արգելակներ, որպեսզի ստիպենք մեր քաղաքացիներին օգտվել անցումներից: Ինչևէ, հուսանք, որ կիրականանա քաղաքապետի խոստումը, իսկ երևանցիներն առիթ կունենան 2008 թ. օգտվել թե° նոր կառուցված և թե° վերականգնված անցումներից` իհարկե առաջին հերթին ապահովելով սեփական անվտանգությունը: Ինչ վերաբերում է ամեն քայլափոխի սունկերի նման աճող բենզալցակայաններին, որոնցից շատերը «գրավել» են անցորդների համար նախատեսված մայթերը, քաղաքապետը հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվում հետագա 5-10 տարիների այդ հարցը կարգավորելու համար: Իսկ մինչ օրս կառուցված բենզալցակայանները ապամոնտաժվելու են, թե՞` ոչ, Քաղաքապետը պատասխանեց. - Իրենք ունեն իրավական փաստաթղթեր` սեփականաշնորհման վկայականներ, և դա իրենց վարձակալած տարածքներն են և ամեն ինչ օրենքի սահմաններում է: Փաստորեն, ստացվում է այսպես. գնում ենք ապօրինություններն օրինականացնելու ճանապարհով և հենց այդ նույն օրենքը ձևափոխելով` հարմարեցնում սեփական շահերին: Իսկ դեռ ասում ենք, թե օրենքներն են մեղավոր… Հ. Գ. Ինչպես տեղեկացրեց քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարևոր ծրագիր: Դրանցից երկուսը առնչվում են քաղաքացիների սեփականության իրավունքների ճանաչմանը` անշարժ գույքի նկատմամբ, մյուսը բարոյապես և ֆիզիկապես մաշված վերելակային տնտեսության վերականգնմանը: Այն քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով իրենց կողմից տասնամյակներով օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեն, այժմ ստանում են այդպիսի հնարավորություն: Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում կազմվել է ժամանակացույց` մայրաքաղաքի առանձին թաղամասերում բնակիչների սեփականության իրավունքների վերականգնման վերաբերյալ: Երևանի քաղաքապետարան

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ