«Միավորում` կառավարման սկզբունքներով և պատասխանատվությամբ»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ կատարած վերջին այցից հետո քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառ վում ՀՀՇ, ՕԵ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման մասին, ինչը չեն ժխտում նաև Նախագահի երկու թեկնածուներն էլ: Ի՞նչ հենքի վրա է այդ միավորումը և արդյո՞ք այն չի բխում ԱՄՆ-ում ձեռք բերած որոշակի պայմանավորվածություններից: «Ավանգարդ»-ի այս և մի քանի այլ հարցերի պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ. - Ծննդյան տոների կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ծնողներին ու հարազատներին, վերջերս, հիրավի շահարկումների թիրախ է դարձել` մեկնաբանվելով իբրև ցուցումներ ստանալու ժամանակաշրջան: Կարծում եմ` հենց շահարկողներն են դարձել իրենց հորինած հեքիաթի զոհը` կարծելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նման «մեծ առաքելություն է» իրականացնում: Ինչևէ, դա նրանց խնդիրն է, բայց ես համամիտ չեմ այդ ստահոդ լուրերին: Պարզապես այդ չարախոսները սկսում են տարածել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կատարում է դրսի հրահանգները, հետո սկսում են վախենալ դրանից և ցայտնոտային քայլեր անել` չհասկանալով, որ ընկել են իրենց իսկ հորինած հեքիաթի ծուղակը: - Այդուհանդերձ, ինչպե՞ս եք պատկերացնում «Ժառանգության» միավորումը ՀՀՇ-ի և ՕԵԿ-ի հետ: - Միավորումը ես իսկապես տեսնում եմ կառավարման սկզբունքների և ստանձնած պատասխանատվության քննարկման մեջ: - «Ժառանգություն»-ը և անձամբ Դուք ամբողջովին ընդունո՞ւմ եք այդ երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը: - Հատկանշական է, որ երկու կուսակցություններն էլ աջ ազատական ուժեր են, և բնականաբար, նրանց ծրագրերն ունեն աջ ազատական ուղղվածություն: Անշուշտ, ընդհանրությունները բազմաթիվ են, թեև հնարավոր են խնդիրներ, որոնք առավել շեշտված լինեն «Ժառանգության» ծրագրերում և քիչ արտահայտված լինեն մյուսների ծրագրերում: Այդուհանդերձ, էականն այն է, թե ովքե՞ր և ինչպե՞ս են իրականացնում այդ ծրագրերը: - Ինչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության որոշ անդամների կեցվածքին: Չե՞ք կարծում, որ անտեղյակությունից բխող անհարկի աղմկարարությունը բացասաբար է անդրադառնում կուսակցության հեղինակությանը: - Մինչ խորհրդարան գալը, մենք հույս ունեինք, որ Ազգային ժողովում այնքան շատ հարթություններ կան, որտեղ կարող ես գործել և բազում խնդիրներ լուծել, և ուղղակի նոր հարթության մեջ քեզ դրսևորել: Ցավոք սրտի, այդպես չէ: Հանդիպելով փակուղիների` հասկանում ես, որ արտախորհրդարանական գործունեությունը շատ ավելի արդյունավետ է և շատ ավելի պահանջված, քան` խորհրդարանականը: Խմբակցության անդամներն իրենք են որոշում` ի՞նչ կերպ են ծավալում իրենց գործունեությունը: Դա պայմանավորված է նրանով, թե՞ տվյալ անձը ինչ խոչընդոտի է հանդիպել: Օրինակ, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկու փոփոխություն ներկայացրեց` քրեական օրենսգրքում ներառելու համար: Սակայն, Կառավարությունն առանց հիմնավորելու, տվեց բացասական գնահատական, իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն էլ հասկացրին, որ չեն ներառելու մեծ օրակարգում և անընդհատ հետաձգում են այդ օրինագծերի քննարկումը: Ի՞նչ է մնում պատգամավորին նման դեպքերում: Մնում է ընդամենը աղմկել, վիճել, բանավիճել: - Եթե տեղի չունենա Լևոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան միավորումը, ինչպիսի՞ն է լինելու «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը: - Ես պետք է հղում կատարեմ մեր վերջին հայտարարությանը, որով նշել ենք, որ եթե անգամ այդ երկուսի միավորումը ձախողվի, միևնույնն է, «Ժառանգութ յունը» մի փոքր ուշ, բայց հանդես կգա հայտարարությամբ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ