ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ


Հ. Ս. Քոթանջյան, գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ռազմական ակադեմիայի իսկական անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի հակաահաբեկչության գծով փորձագետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների և հետազոտողների հանրությունում ընդունված է ամեն տարվա սկզբին խաղաղարարական լավատեսություն դրսևորել այս հարցի լուծման վերաբերյալ: Պատշաճը հատուցելով այս հույժ կարևոր հույսերին` ոչ պակաս օգտակար եմ համարում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության առկա իրական պրոբլեմների քննարկումը փորձագիտական շրջաններում: Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության համար հանգուցային պրոբլեմներից մեկը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ժողովրդավարական լուծումն է: ...Արևմտյան գործընկերները համարում են, որ Ադրբեջանում իշխանության համակարգը իր իրավաքաղաքական էությամբ հակաժողովրդավարական է: Դա, առաջին հերթին, դրսևորվում է իշխանության տոհմական ժառանգմամբ ու իրականացմամբ, ինչպես նաև պետության ղեկավարի կողմից ժողովրդին իր հոր` երկրի նախկին ղեկավարի պաշտամունքի պարտադրմամբ, ինչը բնորոշ է սուլթանատի տիպի բռնակալություններին: Ինչպես հայտնի է, իրավապաշտպանական կազմակերպությունները որպես ժողովրդավարականության կարևոր տարր դիտում են իշխանությունների արձագանքը իրենց ժողովրդավարականության աստիճանին տրված գնահատականին: Այդ տեսակետից հատկանշական է, որ հարևան երկրի նախագահը 2007 թ. դեկտեմբերի 24-ի իր ելույթում, անտեսելով «Ֆրիդոմ Հաուզի» տված գնահատականները, հայտարարել է, թե միջազգային հանրության կողմից Ադրբեջանը ճանաչվել է որպես ժողովրդավարական պետություն, և իշխանության հաջորդ ժառանգորդ է հռչակել իր որդուն: ...Այս քաղաքական և իրավական փաստի անտեսման հիմքում դրված է այն, որ Ադրբեջանը 1991 թ. իր անկախությունը պաշտոնապես հռչակեց հակաիրավական եղանակով` առանց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու: Որպես իրավախախտում է որակվում նաև այն փաստը, որ Ադրբեջանը իր անկախությունը հռչակեց` առանց բավարարելու ԼՂԻՄ-ի և հայերի ամփոփ բնակության մյուս շրջանների հայ բնակչության իրավունքը` ազատ և ինքնուրույն ընտրելու իր քաղաքական կարգավիճակը, ինչը «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ գործող օրենքի խախտում էր: Դրա փոխարեն, Ադրբեջանի Հանրապետությունը, ընդունելով Լեռնային Ղարաբաղի ինքնավարության վերացման մասին օրենսդրա կան ակտ, իրեն դրսևորեց որպես մետրոպոլիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման կամքի վրա գաղութարարական ճնշում գործադրող սուբյեկտ 7: Լեռնային Ղարաբաղը, ի հակազդումն այդ հակաիրավական ակտի, գործող օրենքին և անմիջական ժողովրդավարության սկզբունքներին համապատաս խան` հանրաքվեի միջոցով, դուրս եկավ Ադրբեջանական ԽՍՀ կազմից: Ադրբեջանի Հանրապետությունը, ի պատասխան ԼՂՀ նորընտիր իշխանությունների առաջարկությանը` սկսել խաղաղ բանակցություններ, 1992 թ. սկզբին սանձազերծեց գաղութարարական պատերազմ: Պաշտոնական Բաքուն, ի հավելումն օրենսդրության այս խախտումների, 1991 թ. «Անկախության հռչակագրում» իրեն հայտարարելով Ադրբեջանի Ժողովրդա վարական Հանրապետության իրավահաջորդը, ինքն իրեն զրկեց Լեռնային Ղարաբաղը իր կազմի մեջ մտցնելու իրավունքից, քանի որ վերջինս, ունենալով վիճելի տարածքի կարգավիճակ, չի մտել Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ նրա գոյության ամբողջ ժամանակահատվածում` 1918_1920 թթ.: Մինչ այդ Ղարաբաղը եղել էր Ռուսական Կայսրության, իսկ ավելի վաղ` Պարսկաստանի բաղադրիչ մասը, բայց` ոչ Ադրբեջանի, որը մինչև 1918 թ. որպես անկախ պետություն գոյություն չի ունեցել: Ադրբեջանի Հանրապետության հակաժողովրդավարականության գաղութատիրական մեկ այլ հատկանիշ է նրա Սահմանադրության անհամապատասխանութ յունը լիարժեք ազատության պայմաններում ինքնորոշվող բնակչության կամքի արտահայտման միջոցով իրենց ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու` ժողովուրդ ների իրավունքի մասին միջազգային-իրավական նորմերի էությանը, ինչը ամրագրված է 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով, 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով և ՄԱԿ-ի Կանոնադրությամբ : Համաշխարհային պրակտիկան վկայում է, որ հենց այդ ճանապարհով` առանց մետրոպոլիայի միջամտության են իրացվել Բանգլադեշի, Էրիտրեյի, Արևելյան Թիմորի, Չեռնոգորիեի, իսկ այժմ նաև Կոսովոյի ժողովուրդների իրավունքները` ինքնորոշվելու հենց ինքնորոշվող ժողովուրդների, այլ ոչ թե նրանց նախկին մետրոպոլիաների` ի դեմս Պակիստանի, Եթովպիայի, Ինդոնեզիայի կամ Հարավսլավիա_Սերբիայի բնակչության շրջանում անցկացվող հանրաքվեներում ազատ կամաարտահայտման միջոցով: ...Վարելով գաղութարարական պատերազմի բացահայտ քարոզչություն` պաշտոնական Բաքուն, հակառակ Մինսկի գործընթացի տրամաբանությանը, իր բնակչությանը մոբիլիզացնում է` Ղարաբաղը ուժով վերադարձնելու համար: Պատերազմին Ադրբեջանի պատրաստությունների կոնկրետ վկայությունն է ԵԱԶՈՒ-ի պայմանագրով նախատեսված սահմանափակումների նրա նպատակասլաց գերազանցումը: Ադրբեջանը պայմանագրով թույլատրված 220 տանկի փոխարեն ունի 579 տանկ, այսինքն` 2,63 անգամ ավելի, 220 մարտական զրահապատ մեքենաների փոխարեն` 1174-ը (5,34 անգամ ավելի), 100 մմ և ավելի տրամաչափ ունեցող և սահմանափակման ենթակա 285 միավոր հրետանու փոխարեն` 788-ը (2,76 անգամ ավելի), 100 մարտական ինքնաթիռի փոխարեն` 128-ը (1,28 անգամ ավելի): Կարևոր է նշել, որ Հայաստանը շարունակում է կատարել ԵՍԶՈՒ պայմանագրով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, իսկ ԼՂՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է դառնալու տարածաշրջանային անվտանգության համար այդքան կարևոր այդ պայմանագրի պատասխանատու մասնակից: ...Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցում Բաքվի իշխանությունների դիրքորոշման հակաժողովրդավարականությունը արտահայտվում է նաև ներպետական մակարդակով` ազգային փոքրամասնությունների ներքին ինքնորոշման իրավունքի հարցում: Հայերին բարձր մակարդակի ինքնավարություն տալու վերաբերյալ Բաքվի խոստումների նկատմամբ թերահավատությունը հիմնված է ադրբեջանցի փախստականների ու ժամանակավորապես տարագրված անձանց իրավունքների իրացման շուրջ բանակցություններում Ադրբեջանից գաղթած հայ փախստականների իրավունքների լրիվ անտեսման փաստի վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում էթնիկական փոքրամասնությունների ներքին ինքնորոշման իրավունքի նկատմամբ ալիևյան վարչակարգի գաղութարար ության և հակաժողովրդավարականության հատկանշական, սթափեցնող օրինակ է 1993 թ. Մուղանի Թալիշական Ինքնավար Հանրապետության ջախջախումը` վերջինիս առաջնորդի և նրա էթնոքաղաքական զինակիցների ձերբակալմամբ: Ադրբեջանում ճշմարտացի տեղեկատվության համատարած աղավաղման ու ճնշման փաստը «Ֆրիդոմ Հաուզի» գնահատականներում արտացոլված է որպես այդ ոչ ազատ երկրի վարչակարգի հակաժողովրդավարականության կարևոր հատկանիշներից մեկը: Ի վնաս հարևան պետության բնիկ ժողովուրդների իրավահավասարության իրականացվող տիտղոսային ազգի գերակայության պաշտոնական քաղաքականությունը իր անդրադարձն է ստանում տարածաշրջանի ժողովուրդնե րի գիտական պատմության նպատակաուղղված արդիականացմամբ` միտված նրանց ազգային ինքնության աղճատմանը, ինչպես նաև Արևելյան Անդրկովկասի մշակույթի պատմական զարգացման գործում բնիկների տեղի ու դերի նվազեցմանը: Պատմական նենգափոխումների քաղաքականության մեջ հատուկ տեղ է հատկացվում Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում բնիկ հայերի հազարամյա բնակման տարածքներին տիրելու` Ադրբեջանի պատմական իրավունքի հիմնավորումը: Ինչպես երևում է գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանական ժողովում Նախագահ Ալիևի զեկուցման տեքստից, նա 2005 թ. դեկտեմբերի 14-ին տվեց Արևելյան Անդրկովկասի պատմության նենգափոխման քաղաքական պատվեր: Համատարած հատուկ քարոզչությամբ գիտական պատմության նենգափոխման պետական քաղաքականության հետևանքով ստեղծվում է Արևելյան Անդրկովկասի ժողովուրդների` իրականությանը լրիվ հակասող հակագիտական պատմություն, որը հորինվում է իշխանությունների ընդերքում: Միջազգային ակադեմիական հանրությունը արդեն արձանագրում է հարևան պետության ղեկավարի քաղաքական պատվերի իրացման կոնկրետ փորձեր` հնացնելու Արևելյան Անդրկովկասի` Պարսկաստանին ենթակա տարածքում թյուրքերի պարփակ բնակման պատմությունը: Հարավային Կովկասում թյուրքերի 900-ամյա բնակման գիտական փաստը Բաքվի իշխանություններին ներկայանում է որպես անընդունելի չափով փոքր ժամանակահատված: Կեղծարարները փորձում են երկարաձգել այդ պատմությունը` այն տանելով 10 հազար տարով հետ, ընդհուպ մինչև այն ժամանակները, երբ քարի դարի Գոբուստանի նախամարդն ստեղծել էր միջին քարեդարյան նյութական արժեքներ: Անցյալի այս` վերևից պատվիրված, խեղաթյուրումները տոգորված են «Ադրբեջան» իրանական տեղանվան հետ կատարվող ձեռնածություններով` Պարսկաստանի անդրկովկասյան նախկին նահանգների նկատմամբ այդ տերմինի հակագիտական կիրառմամբ այն ժամանակաշրջանների համար, որոնք եղել են շատ ավելի վաղ, քան այդ տերմինն սկսել է քաղաքականապես կիրառվել Արևելյան Անդրկովկասում թյուրքերի բնակման տարածքի նկատմամբ: Հայտնի է, որ Ռուսական Կայսրության պաշտոնական փաստաթղթերում կովկասյան նահանգների թյուրքերը` որպես «ադրբեջանցիներ», և նրանց տարաբնակեցման տարածքը` որպես «Ադրբեջան», նույնպես հիշատակված չեն: Մի խոսքով` «ԽՍՀՄ-ը անկանխատեսելի անցյալ ունեցող երկիր է» հայտնի կատակը լիովին վերաբերում է Ադրբեջանին, որտեղ իշխանությունների պատվերով գրվում է տարածաշրջանի նոր պատմություն` նստակյաց բնիկ ժողովուրդների և եկվոր քոչվոր ցեղերի տեղի ու դերի արմատական փոփոխմամբ: Հենց այդ ձեռնածուական դիրքերից էլ Բաքվի իշխանությունները «ադրբեջանական ժողովրդի դեմ» կատարված հանցագործություններ են վերագրում հայերին նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ ներկայիս ադրբեջանցիների թյուրք նախնիները Կենտրոնական Ասիայից դեռ չէին էլ ներթափանցել Հարավային Կովկաս: Հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի նկատմամբ իրենց գաղութատիրական նկրտումները արդարացնելու համար` Բաքվի իշխանությունները շահարկում են նախկինում Շահ Աբասի կողմից Պարսկաստան քշված սահմանափակ թվով հայերի` 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի արդյունքներով հայրենադարձության փաստը: Իշխանությունների կողմից ներգրավված որոշ բաքվեցի գիտնականներ փորձում են ադրբեջանական հասարակայնության շրջանում տարածել այն կարծիքը, թե Արևելյան Կովկասում բոլոր հայերը եկվորներ են: Վերջին շրջանում այդ «գիտականացված» քարոզչությունը հնչեցվում է անմիջականորեն նախագահ Ալիևի կողմից: Ճշմարտացի գիտական տեղեկույթ ստանալու մարդու իրավունքի նկատմամբ իշխանությունների գործադրած նման բռնությունը նպատակ ունի Ադրբեջանի ժողովրդին ներշնչելու այն գաղափարը, թե իբր Արցախը թուրքերի նախահայրենիքն է, իսկ Ղարաբաղում և Հայաստանում հայերն իրենց հիմնական զանգվածով վերաբնակներ են կամ` ամենևին էլ հայ չեն: Ժողովուրդների միջև վստահության քայքայման քաղաքականության մեջ Բաքվի իշխանությունները հատուկ տեղ են հատկացնում հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության մասին տեղեկույթի գիտակցված խեղաթյուրմանը: 1,5 միլիոն զոհված հայերի հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պետական քարոզչությունը դուրս է գալիս առանձին հրապարակումների շրջանակներից` վերածվելով Բաքվի իշխանությունների կողմից ուղղորդվող սրբապղծության: Որպես Արևելյան Անդրկովկասի պատմության գռեհիկ նենգափոխման օրինակներ կարելի է բերել 20-րդ դարում հայ բնակչության դեմ կատարված եղեռնական հանցագործությունները «ադրբեջանցիների դեմ իրագործված» գոյություն չունեցող ցեղասպանությամբ «հավասարակշռելու» անսկզբունք քաղաքական փորձերը: Այդ նենգափոխումների հիման վրա 1998 թ. հրապարակվեց «Ադրբեջանցիների նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին» Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագիրը: Անգամ Բաքվի մտավորականության ներկայացուցիչները վստահելի նեղ շրջանում ծաղրում են հայ և ռուս ժողովուրդների դեմ «ադրբեջանական ժողովրդի քաղաքական համախմբման» այս անազնիվ ու վտանգավոր եղանակը: Նրանք գիտեն, որ իրականում 20-րդ դարի սկզբին տեղի են ունեցել հայերի կոտորածներ և հայերի դիմադրություն այդ կոտորածներին, ինչպես և հետագայում` որպես խաղաղ հայ բնակչության պատասխանը 1988 թ. Սումգայիթում և 1990 թ. Բաքվում կազմակերպված ջարդերին: Հարկ է նշել, որ Բաքվի իշխանությունների կողմից Սփյուռքի միլիոնավոր հայ ընտանիքների ցավի ու մարդկային արժանապատվության ծանակումը, Ադրբեջանի բնակչության շրջանում ազգատեցության քարոզչության հետ մեկտեղ, խաղում է նաև տրամագծորեն հակառակ դեր` համայն հայությանը համախմբում է հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության պետական անվանարկմանը համապատասխան ձևով հակազդելու համար: Հայերի և հրեաների միջև բախում հարուցելուն է ծառայում իբր լեռնային հրեաների նկատմամբ հայերի կողմից իրագործված «ցեղասպանության» զոհերի հիշատակման վերջերս կազմակերպված քարոզարշավը: Ձեռնածուները պատմական ճշմարտության այդ սրբապիղծ ոտնահարումը հասցրել են այն աստիճանի ցինիզմի, որ 20-րդ դարի սկզբին խողխողված հայերի պեղված զանգվածային թաղումները տեղեկատվական պատերազմի միջոցներով ներկայացվում են որպես հենց իրական զոհերի` հայերի գործած եղեռնական գործողությունների «զոհեր»: Նպատակն է` փչացնել Շիրվանի հայերի և լեռնային հրեաների դարավոր բարիդրացիական հարաբերությունները` դրանով իսկ Իսրայելին ու հրեական լոբբիական կազմակերպություններին դրդելով բռնելու հակահայկական դիրք: Բաքվի վարչակարգի վարած և հատուկ քարոզիչների կողմից մարդու իրավունքների պաշտպանության դրոշի ներքո ծավալված տեղեկատվական պատերազմի հակագիտական մշակումներում գիտնականների ներգրավման նման արգասիքների շարքում հատուկ ուշադրության է արժանի Խոջալուի ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների դիակների պղծագործության հեղինակներին կեղծելու փաստը: Տվյալ սադրանքի` որպես Բաքվում իշխանության համար մղվող քաղաքական պայքարի գործիքի մանրամասները թարմ հետքերով ներկայացվել են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի` չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում: Հայկական կողմն ունի բոլոր ապացույցները, որ զոհվածների դիակները գտնվել են ադրբեջանական իշխանությունների պատասխանատվության գոտում, և հայերը ֆիզիկապես չէին կարող մոտենալ դիակներին` դրանք պղծելու համար: Հուսադրում է այն, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում վերլուծաբանական հանրությունը ներկայացված է անվտանգային իրողությունների և Եվրահարևանության մեր հարավկովկասյան հատվածի հեռանկարների վերաբերյալ հայացքների բավականաչափ լայն սպեկտրով: Ես պատիվ եմ ունեցել բազմազգ մասնագետների շրջանում, տարբեր պետությունների ու կազմակերպությունների օբյեկտիվ և արժանի ներկայացուցիչների հետ մեկտեղ, ծանոթ լինելու պատվարժան ադրբեջանցիների: Համոզված եմ, որ հարևան երկրում կան մասնագետներ, որոնք գիտակցում են Եվրահարևանության ձևավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ գաղութատիրության վերահաստատման հակաարգասաբերությունը: Այս պրոբլեմը Ադրբեջանի գիտնականների այն չներգրավված մասի համար, որն անհանգստացած է տարածաշրջանի ժողովրդավարական անվտանգ զարգացման հեռանկարներով, ինչպես և Մինսկի խմբի համանախագահո ւթյան և միջազգային վերլուծաբանական հանրության համար կարող է դառնալ օբյեկտիվ ուսումնասիրության առարկա: