20 տարի առաջ վախճանվեց Գեորգի Մաքսիմիլիանի Մալենկովը


Ականավոր կոմկուսակցական գործիչ Գ. Մալենկովի մասին քիչ բան է հայտնի: Ստալինի մերձավոր այս զինակիցը, թերև, ամենահանելուկային անհատն է Խորհմիության պատմության մեջ: Պատմաբանների մի մասը նրան համարում է հազարավոր մարդկանց սառնասիրտ դահիճ: Մյուսները նրան անվանում են «ձնհալի» հայր: 20 տարի առաջ մեծազոր այդ կոմունիստը կնքեց մահկանացուն` իր անձի շուրջ եղած առեղծվածի բացահայտումը թողնելով ժամանակին: Քաղաքական Օլիմպոսին հասնելու նրա ձգտումի և այդ բարձունքից անկման մասին «MK»-ի թղթակցին պատմել է կրտսեր որդին` Գեորգի Գեորգևիչ Մալենկովը: - Շատերի համար Ձեր հոր անունը զուգորդվում է 1930-50-ական թթ. զանգվածային բռնությունների հետ: - Ես չգիտեմ` արդյո՞ք նա ստորագրել է բռնությունների մասին փաստաթղթերը կամ մասնակցե՞լ է դրանց: Նույնիսկ թոշակի անցնելուց հետո էլ նա տանը աշխատանքի մասին չի պատմել: 60-ականների սկզբին տատիկս ասում էր, որ Նիկիտա Խրուշչովին չի հաջողվել որևէ ապացույց գտնել` զանգվածային ճնշումներին նրա մասնակցության մասին: Որքան գիտեմ` հայրս զբաղվում էր նոր կադրերի հավաքագրմամբ, այլ ոչ` հների ոչնչացմամբ: Երկրում կատարվածի մասին ես իմացել եմ Ստալինի մահից հետո: 1953-ին հայրս ինձ ամերիկյան մի հանդես տվեց, ուր հատվածներ էին տպագրված 1946-53 թթ. Վորկուտայի մոտ գտնվող ճամբարում հայտնված ամերիկացի մի սպայի գրքից: Սպան մանրամասն նկարագրում էր իր հետ կատարվածը: Հայրս այդ նկարագրություններից ոչ մեկը չմեկնաբանեց, իսկ ես առաջին անգամ իմացա, որ նման ճամբարներ են եղել: - Որտեղի՞ց է սերում Մալենկովների տոհմը, և Գեորգի Մաքսիմիլիանովիչն ինչպե՞ս հայտնվեց քաղաքականության մեջ: - Մալենկովները Մակեդոնիայից Ռուսաստան են եկել 19-րդ դարի առաջին կեսին` Նիկոլայ I ցարի օրոք: Հայրս ծնվել է Օրենբուրգում, ուր զինկայազորի հետ ծառայել է նրա պապը: Իր երկու ավագ եղբայրների հետ հայրս ավարտել է տեղի գիմնազիան և կամավոր ծառայել Կարմիր Բանակի հեծելազորում: Քաղաքացիա կան պատերազմի ավարտին ծանոթացել է մորս` Վալերիա Գոլուբցևայի հետ, ով ծագումով ազնվական ընտանիքից է: Այդ տարիներին նա Միջին Ասիայում շրջող ագիտ-գնացքում է աշխատել: Ի դեպ, միասին ապրելով մինչև մահ, նրանք այդպես էլ չեն գրանցել իրենց ամուսնությունը: Պատերազմի ավարտից հետո հայրս ընդունվել է Մոսկվայի Ն. Է. Բաումայի անվան բարձրագույն ուսումնարան: Չգիտեմ` նա ինստիտուտ ավարտե՞լ է, թե՞ ոչ, բայց ասում էր, որ պրոֆեսոր Կ. Կրուգն իրեն ասպիրանտուրա է հրավիրել: Ինքը, սակայն այլ ուղի է ընտրել` կուսակցական աշխատանքը: Մայրս միշտ ափսոսանքով ասում էր, որ եթե հայրս գիտությունը նախընտրեր, կյանքն ուրիշ կերպ կդասավորվեր… - Որտե՞ղ էր ապրում ձեր ընտանիքը: - Սկզբում Միտնայում, իսկ 1939-ից, երբ հայրս Կենտկոմի անդամ ընտրվեց, տեղափոխվեցինք Գրանովսկու փողոցի (ներկայիս Ռոմանով նրբանցքի) ծառայողական բնակարան: Մեզանից 1 հարկ ներքև ապրում էին Բուդյոնու, 1 հարկ վերև` Խրուշչովի ընտանիքները: Այդ շենքի պատին մինչ օրս չկա Գ. Մալենկովի հուշատախտակը: Այնտեղ մենք բնակվել ենք մինչև 1954 թ., ապա տեղափոխվել երկհարկանի հարմարավետ առանձնատուն, ուր նույնպես հարևան էինք Խրուշչովի հետ: Մեկ տարի անց այլ առանձնատուն տեղափոխվեցինք` մինչև 1957 թ., երբ հայրս զրկվեց բարձրագույն բոլոր կոչումներից… Հայրս հաճախ էր թերթում իր փաստաթղթերը, բայց խիստ հազվադեպ էր մեզ ինչ-որ բան ցույց տալիս: Հիշում եմ` Ստալինի մահից հետո ինձ` 15-ամյա դպրոցականիս, նա մի անգամ թույլ տվեց կարդալ Բերիայի մասին չտպագրված նյութեր: Դրանցում գրված էր, որ Բերիան փորձում էր զավթել իշխանությունը և ձերբակալվել է: - Ձեր հայրն ինչպե՞ս էր արտահայտվում Ստալինի մասին: - Տպավորվել է, որ նրա համար տհաճ էր առաջնորդի մասին խոսել: Թեև, ինչ խոսք, երբեմն հիշում էր: Օրինակ, մի անգամ Ստալինը հորս ներկայությամբ ասել էր, թե աշխատակիցներից մեկը ոչ մի հարցից գլուխ չի հանում, եթովպական նեգուսի (Եվթովպիայի թագավորի տիտղոսն է) նման չի հասկանում բարձրագույն մաթեմատիկա: Հայրս երկար ժամանակ չէր ըմբռնում, թե ո՞նց կարելի է մարդու մասին այդպես արտահայտվել: Իմիջիայլոց, պատերազմի տարիներին Ստալինը մի անգամ ակամա փրկել է հորս կյանքը: Այդ ժամանակ հայրս աշխատում էր Կենտկոմի` Ստարայա հրապարակում գտնվող շենքում, իսկ առաջնորդը` Կրեմլում: Եվ մի օր, երբ նա հորս Կրեմլ է կանչել, օդային տագնապ է հայտարարվել: Հետո պարզվել է, որ նետված ռումբերից մեկն ընկել է հենց հորս աշխատասենյակի վրա` ավերելով այն: - Ստալինի մահից հետո, 1953-ին Մալենկովը նշանակվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ. ինչո՞ւ նա չկարողացավ մնալ այդ բարձր պաշտոնում: - Հայրս լավ մենեջեր էր և նույն թվականի սեպտեմբերին Կենտկոմի առաջին քարտուղար դարձած Խրուշչովի հետ նա չկարողացավ կիսել իշխանությունը, թեև նախկինում նրանք բարեկամներ էին: Բնավորությամբ և կուլտուրայի մակարդակով նրանք շատ տարբեր էին: Հնարավոր է` Խրուշչովը չի հանդուրժել հորս մեծ հեղինակությունը: Սովմինի նախագահի պաշտոնում նա նվազեցրել էր գյուղացիների հարկերը, ծանր արդյունաբերությունը վերափոխում էր խաղաղ նպատակների հուն: 1955-ին հունվարյան պլենումում նրան մեղադրեցին իր գործունեության համար, որից հետո Մալենկովն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց: Նրան նշանակեցին ԽՍՀՄ էլեկտրակայանների նախարար, իսկ 2 տարուց ուղարկեցին Ղազախստան` ղեկավարելու Ուստ-Կամենգորսկի, ապա Էքիբաստուզի ՀԷԿ-երի շահագործման աշխատանքները: 1961-ին նրան հեռացրին կուսակցությունից, և նա երբեք չձգտեց վերականգնել իր անդամակցությունը: Քույրս հիշում է, որ Էքիբաստուզում եղած ժամանակ մեր տուն է զանգահարել Խրուշչովի օգնականը և խնդրել է հաղորդել հորս, որ Խրուշչովը նրան հրավիրում է Մոսկվա` կառավարության բարձր օղակներում պաշտոնավարելու: Այդ զանգին մայրս է պատասխանել: Եվ երբ խնդրել են խոսափողը հորս փոխանցել, ասելով, որ նրա հետ ուզում է խոսել Նիկիտա Սերգեևիչը, հայրս հրաժարվել է` «Այդ մարդուն ես հարցեր չունեմ»: - Գ. Մալենկովի ժառանգներից որևԷ մեկը չի՞ մտել քաղաքականություն: - Ո°չ: Ես պրոֆեսոր եմ` բյուրեղագետ, եղբայրս կենսաֆիզիկոս է, քույրս` ճարտարապետ: Մեր բարձրահունչ ազգանունն ինձ ավելի շատ խանգարել է. ասպիրանտուրայում ինձ տեղ չտվեցին: Զվարճալի մի միջադեպ պատահեց 50-ականների վերջին, երբ Լոմոնոսովի անվան համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էի (ծնողներս Ղազասխստանում էին): Համալսարանում անգլերենով դասախոսություն էր կարդում Հարավային Աֆրիկայից ժամանած մի մասնագետ: Ինձ խնդրել էին թարգմանել: Հետո նա իմացել էր, թե ում որդին եմ և զայրացած բացականչել էր` - Նա Սիբիրում չէ՞: Հիմա ես լավ կարծիքի եմ Սովետմիության մասին: