ՄԱՐ«Ցուրտ է առանց քեզ»


Միշտ հավատարիմ ինքն իրեն` Ալլա Պուգաչովան իր արվեստով ու անձով շարունակում է մնալ հանրության ջերմ ուշադրության կենտրոնում: Նրա «առեղծվածներից» մեկն էլ հերթական սենսացիաներն են` ամուսնանալու հակման շուրջ: Դիցուք, օրեր առաջ «Տարվա երգ» հոբելյանական համերգի նկարահանումները նշանավորվեցին Պրիմադոննայի` իր էքս-ամուսնու հետ վերամիավորելու փաստով: Ներկաների համար տպավորիչ է եղել տեսարանը. ծնկաչոք Ֆիլիպ Բեդրոսովիչն ու ուրախությունից փայլող հայացքով Ալլա Բորիսովնան մոխիրից հառնող իրենց հարաբերություններն էին նորոգում: Հավաքվածներից Սերգեյ Չելոբանովը` երգչուհու նախկին երկրպագուներից մեկը, սրտնեղությունից փոքր-ինչ ստվերել է նորից միացող ընտանեկան երջանկությունը: Հավանություն տալով հառնող սիրո տեսարանին` Պուգաչովան անտեսել է իրեն ձեռքով ողջունել փորձող Դիմա Բիլանին: Արտիստուհին այդ պահին, պատասխանատու բեմելից առաջ, կարող էր նաև իսկապես չնկատել Դիմային, բայց ներկա հոռետեսներն իսկույն զարկ են տվել իրենց երևակայությանը և երիտասարդ արտիստին չնկատելը համարել են արտիստական խանդ: Չէ՞ որ, ի տարբերություն Բիլանի, ժամանակին Պուգաչովային «Եվրատեսիլ»-ում չի հաջողվել առաջին տասնյակում հայտնվել: Այդ օրն անտեսվողների շարքում նաև Անդրեյ Դանիլկոն` նույն ինքը` Վերկա Սերդյուչկան է հայտնվել: Պրիմադոննան նախատեսել էր զուգերգ կատարել Անդրեյ-Վերկայի հետ, սակայն Ֆիլիպի հայտնվելը ի չիք է դարձրել այդ ծրագիրը: Ինչ վերաբերում է Մաքսիմ Գալկինին, ապա նա ընդհանրապես չի հրավիրվել այդ համերգին: Մինչդեռ վերջին երկու տարիներին հանրահայտ շոումենը Պուգաչովայի մշտական ուղեկիցն ու գործընկերն է եղել. նույնիսկ շշուկներ են լսվել նրանց գաղտնի ամուսնության մասին: Ասում են` «Օլիմպիյսկի»-ի տեխնիկական անձնակազմը նույնպես ափսոսանքով նկատել է, որ առավոտյան նկարահանման հրապարակ գալու պահից Ալլան նյարդայնացած է եղել, չի հավանել բեմանկարները, դժգոհել է կազմակերպչական աշխատանքից: Եվ միայն իր նախկին ու ապագա ամուսնու հայտնվելով նա մոռացել է աշխարհիկ ունայնությունները, և բեմում իշխող են դարձել սերն ու փոխըմբռնումը: Իրարով քաղցր զույգը կատարել է «Ցուրտ է առանց քեզ» երգը: Հետո, իհարկե, երգչուհին ներկայացրել է նաև քնարական մի քանի նոր կոմպոզիցիաներ` ելույթը եզրափակելով 80-ականներից հանրահայտ «Առանց ինձ` քեզ, սիրելիս» երգով: Ուշագրավ է, որ հենց նույն օրը Ֆիլիպ Կիրկորովին շնորհվել է Ինգուշեթիայի ժողովրդական արտիստի կոչում: Եվ ամուսինները համերգից հետո ռեստորանում իրար հետ նշել են պարգևը: Ի դեպ` աստղային այդ զույգից զատ, բնականաբար, մասնակցել են շոու-բիզնեսի ամենաճանաչված ներկայացուցիչները` Նիկոլայ Բասկովը, Գլյուկ-Օզան (ով «Հարսանիք» երգի համար 50 հազար դոլար մրցանակ է ստացել), Քրիստինա Օրբակայտեն, Ժաննա Ֆրիսկեն և այլք: