ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ` ԻՐԱՏԵՍ


Քաղաքական դաշտում կարծես հստակեցման միտումներ են նկատվում: Գարնանային ընտրություններին դաշինքներով մասնակցելու ձգտումը երկու կարևոր իրողութ յուն է մատնանշում. սեփական ուժերի ճիշտ գնահատում (ասել է թե` ոչ այնքան բարձր վարկանիշի գիտակցում) և համագործակցելու մշակույթ: Մանավանդ վերջինը, և ընդհանրապես քաղաքական մշակույթ ասվածը մեզանում բացակայում է: Չգիտես ինչու` գործիչներն այնպիսի կոշտ պաթոսով են շարադրում իրենց ասելիքը, որ ակամա ուզում ես փակել ականջներդ: Դե, իսկ նրանց մեծ մասի խոսքը վերծանելու-ընկալելի դարձնելու սիզիֆյան աշխատանքի դժվարության մասին տպագիր լրատվամիջոցների լրագրողներից լավ ոչ ոք չի պատկերացնի: Մի՞թե մոլորված են այնքան, որ կարծում են, թե ջղաձգումով, կոպտորեն արտաբերվող խոսքն ավելի տպավորիչ է: Իսկ գուցե սեփական անզորությունը գիտակցելով` փորձում են գոնե բառատարափո՞վ ինքնավստահ երևալ: Ինչևէ…

Քաղաքական դաշտում հստակեցման միտումներ կան: Եվ արդեն այնքան ակնհայտ է, թե որ ուժն իրենից ինչ է ներկայացնում, որ կարելի է արձանագրել. քաղաքական դաշտում կա երկու ուժ, ավելի ստույգ` մեկ կուսակցություն և մեկ անհատ, ում ետևից կգնան և ում անվերապահորեն իրենց քվեն կնվիրաբերեն ընտրողների գերակշիռ մեծամասնությունը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` ՀՀԿ և Գագիկ Ծառուկյան: Քաղուժերի գերակշիռ մեծամասնությունը ևս այդ երկուսի հետ դաշինք ստեղծելու հնարավորությունից չի հրաժարվի:

Մնացյալ կուսակցությունները լրջորեն մտորելու առիթ ունեն: Ու արդեն սկսվել է դաշինքներ կազմելու փնտրտուքը: Իհարկե, որոշ ուժերի կհաջողվի համատեղել ջանքերն ու նոր խորհրդարանում մանդատներ ստանալ: Այդուհանդերձ` ինչ-որ իմաստով ուշացած է այդ ձգտումը, որն ավելի արդյունավետ կլիներ` առնվազն 2-3 տարի առաջ նման դաշինքներ կնքելու պարագայում:

Անկեղծ լինենք, թե´ մարդկային, թե´ ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտ ունեցող երկրում չափից ավելի շատ է 79 կուսակցության գոյությունը (Աստված թող գոյություն համարի դրանցից շատերի` սոսկ գրանցված լինելու փաստը): Հիմա ստիպված են նախընտրական դաշինք կազմել, իսկ իրատես լինելու դեպքում պիտի միավորվեին ավելի վաղուց, նույնիսկ մինչև գրանցվելը: Երիցս ճիշտ էր ՀՀԿ և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը` նշելով, որ «ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները»: Քաղաքական գործունեության անշահախնդիր մղում ունեցողները պետք է որ ի սկզբանե ունենային այսչափ չպառակտվելու և «սիրելի ընտրողներին» ընտրությունից-ընտրություն չպառակտելու բարոյականությունը:

Այստեղ տեղին է «ունենք այն, ինչ ունենք» բառախաղը: Մնում է հուսալ, որ նախընտրական դաշինքները հետագայում գիտակցված համախմբում կդառնա: Ո՞վ է ասել, որ քաղմիավորները միայն ու միայն խորհրդարան սպրդելու կամ դեպ պաշտոնաթոռներ տանող մուտքի տոմս են: Վերջնարդյունքում գուցե այդպես է, բայց դրան հասնելու համար արդյո՞ք անելիք չունեն կուսակցությունները: Լծակներ չունեն, սակայն լծակներ ունեցողներին ժողովրդի խոսքը հասցնել կարո՞ղ են: Կկարողանան, եթե երկխոսության, բանավիճելու մշակույթ ու հավես ունենային: Այլապես ինչի՞ է նման, երբ հանրությանն անհայտ, մարդկանց համար ոչինչ չարած, կամ` իշխանության գահավորակներին բազմած տարիներին նույն ժողովրդին անտեսած ինչ-որ ուժ 4 տարին մեկ թակում է դուռդ, թե` գալիս ենք քեզ փրկելու: Այնքան են հեռացել ժողովրդից, որ չգիտեն նույնիսկ` իրենց խոսքերին ոչ ոք չի հավատում: Իշխանություններից դժգոհ մարդիկ անգամ այս նախընտրական հյուրախաղարկուներին չեն հավատում: