Ամենակարևորը հասարակության վստահությունն է


2016-ն ավարտվում է, իսկ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում առաջին գիծ է մղվում առաջիկա ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հեռանկարը: Կուսակցաշատ Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ընտրություններով վերածվելու է մի երկրի, որտեղ կառավարման լծակներն անցնում են խորհրդարանում տեղեր ստացած քաղաքական կուսակցությունների ու նրանց դաշինքների ձեռքը: Ինչպիսի՞ն էր անցնող տարին` քաղաքական ձեռքբերումների և կորուստների տեսանկյունից, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք առաջիկայում: Այս մասին զրուցում ենք ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

- Եթե փորձենք ամփոփել Հայաստանի քաղաքական այս տարին, ի՞նչ ձեռքբերումներ եղան, և ի՞նչ կորուստներ ունեցանք:

- Ձեռքբերումները, կարծում եմ, դեռևս ընթացքի մեջ են այն իմաստով, որ մենք ամբողջությամբ կառավարություն և վարչապետ փոխեցինք: Իմ կարծիքով դա իրադարձություն էր, որովհետև ամբողջովին նաև քաղաքական կուրսն է փոխվել` այն նորացվել, թարմացվել է, և հասարակության սպասումները մեծ են: Կարծում եմ, որ ամեն տարվա նման տարբեր ոլորտներում ունեցել ենք ձեռքբերումներ, ու նաև հնարավոր է, որ շատ բացթողումներ են եղել: Դրա մասին էլ ենք խոսել: Բայց ամենակարևորն այն է, որ մենք փաստորեն համակարգային մեծ փոփոխության առջև ենք կանգնած, այսինքն` 2017թ. ընտրություններում արդեն նոր խորհրդարան է ձևավորվելու, ամբողջ համակարգը հիմա անցումային փուլում է: Կարծում եմ` սա պիտի բոլորը գիտակցեն, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են 2017-ի ընտրություններին, բոլոր այն գործիչները, ովքեր մտադիր են նորից մտնել խորհրդարան: Նոր համակարգը նոր պահանջներ է ենթադրում, և այդ պահանջներին պիտի բոլորը պատրաստ լինեն: Այդ առումով, իհարկե, հասարակության սպասումները մեծ են: Կարծում եմ` մեր նոր Սահմանադրությունը բոլոր հնարավորությունները տալիս է ավելի առողջացնելու և´ ընդդիմության, և´ իշխանության քաղաքական դաշտը, և այդ առումով պիտի բոլորս էլ պատրաստ լինենք: Ինքս համարում եմ, որ 2016-ը դժվարություններով լի տարի էր, որովհետև տնտեսական առումով չեմ կարող ասել, թե մեծ ձեռքբերումներ ունեցանք: Սակայն կարող եմ նշել, որ թերևս ստեղծվեց այն հիմքը, որը պիտի մեզ բոլորիս հույս տա, որ մենք առաջ ենք գնալու նոր իրողություններով, նոր գաղափարներով և կարողանալու ենք ինչ-որ ձևով իրականացնել այն տեսլականը, որը մեր առջև դրված է:

- Հայաստանի քաղաքական դաշտում իշխանության միասնականությունն աչքի է զարնում` բաժան-բաժան եղած ընդդիմության համապատկերին. վերջերս էլ ականատես եղանք, թե ինչպես համալրվեցին Հանրապետական կուսակցության շարքերը: Իշխանական լծակներ ունենալը չէ՞, որ դեր է խաղում:

- Ես դրա մեջ իրականում միայն լավ բան եմ տեսնում, որովհետև այսօր եթե ընդդիմության մեջ խնդիր կա, դա հենց համախմբմանն է վերաբերում: Մենք կուսակցութ յունների մասին նոր օրենքն ընդունեցինք, ընդունեցինք նոր Սահմանադրությունը: Այս ամենը պիտի նպաստի, որ կուսակցությունները խոշորանան, համախմբվեն, որպեսզի կարողանա առողջ ընդդիմություն ձևավորվել, ինչը շատ կարևորում եմ: Որովհետև առողջ ընդդիմությունն է, որ ճիշտ ազդակներ է փոխանցում իշխանությանը, ընդդիմութ յունն է, որ միշտ ձեռքը հասարակության զարկերակին է պահում: Ինքս համարում եմ, որ նաև իշխանության յուրաքանչյուր պատգամավոր, յուրաքանչյուր նախարար անպայման պետք է կյանքի այդ ռիթմն զգա, և միշտ իմանա` ո՞ր մասում են խնդիրները շատ, ո՞ր խնդիրներն են, որ ավելի հրատապ են: Այդ առումով ես հույսեր ունեմ, որ, ելնելով այս իրավիճակից` ընդդիմությունը նույնպես կհամախմբվի, որովհետև դա շատ կարևորում եմ: Այսինքն, ինչ-որ ձևով 5-տոկոսանոց, 7-տոկոսանոց շեմը հաղթահարելու համար ընդդիմությունն էլ շատ անելիք ունի. պիտի համախմբվի, դաշինքներ կազմի, որպեսզի կարողանա իր այս առաքելությունը իրականացնել:

- Այժմ շատ է խոսվում փոքրաքանակ անդամներ ունեցող կուսակցությունների աննշան դերի մասին, ՀՀ նախագահն էլ նշեց` ակումբ-կուսակցություններ չպետք է լինեն: Կուսակցությունների մասին նոր օրենքը կամ նոր Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալի՞ս են:

- Արդեն ասացի, որ կուսակցությունների մասին օրենքը հենց նպաստում է դրան: Ես այդ համախմբվածության մասին միշտ խոսել եմ: Գուցե թե հայերի հավակնութ յուններն այնքան մեծ են (մարդկային, կուսակցական), որ չեն թողնում` իրականում համախմբում տեղի ունենա: Նոր` խորհրդարանական երկրում խոշորացումն անպայման պետք է տեղի ունենա: Մենք պիտի այս ճանապարհով գնանք, ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում է: Այդ երկրները երեք-չորս կուսակցություններով մասնակցում են ընտրությունների, դաշտ են ձևավորում: Մենք այսօր մեկ մարդու կուսակցություններ ունենք: Փոքրիկ կուսակցություններն այլևս չեն կարողանալու գոյատևել, որովհետև թե´ «Կուսակցությունների մասին» օրենքում, թե´ Սահմանադրությունում հստակ դրույթներ կան, որոնցով եթե ղեկավարվելու լինեն` անպայման կխոշորանան: Դա է քաղաքականության մեջ խոսք ասելու միակ քաղաքակիրթ ճանապարհը: Պետք է հստակ ծրագիր ունենան, որովհետև այլ ձևով իրենք պարզապես չեն կարող գոյատևել:

- Իրոք, այդ կուսակցությունները պետք է նաև ինչ-որ նոր խոսք ասեն, կարևոր դրույթներով հագեցած ծրագիր ներկայացնեն:

- Մեր խնդիրը երևի հենց դրանում է. հանրապետականներիս միշտ մեղադրում են` ինչո՞ւ են այդքան մարդիկ Հանրապետական դառնում, ինչո՞ւ ընդդիմությունը չի ձևավորվում: Ես չեմ կարծում, թե դա իրականում Հանրապետականի խնդիրն է: Կարծում եմ, որ այսօր ոչ թե նոր կուսակցություններ պիտի բացվեն ու իրենց խոսքն ասեն, այլ եղածների հիման վրա պիտի դաշինքներ ձևավորվեն, և այո` իրենց ծրագրերով, մոտեցումներով կարողանան վստահություն ներշնչել հասարակությանը, որպեսզի կարողանան նաև Ազգային ժողովի ընտրություններում իրենց տեղը գտնել:

- Դուք «Հանրապետականի» ուժը գաղափարակա՞ն կողմն եք համարում:

- Ես համարում եմ, որ շատ հեշտ է այսօր կուսակցություն գրանցելը: Իսկ «Հանրապետականի» առավելությունն այն է, որ հիմնվելու ժամանակվանից` արդեն 25 տարի, հստակ աշխատանք է տարել, և այսօր, այո, մենք ունենք բազմաթիվ կառույցներ, որոնք շատ լավ գործում են: Դրանք գործում են ոչ միայն ընտրություններից առաջ, այլև ամբողջ տարվա ընթացքում` ամբողջ այդ հինգ տարիների կտրվածքով: Կուսակցական աշխատանքն իրականում շատ կարևորում եմ, որովհետև քաղաքական գործիչները պիտի անպայման կուսակցական աշխատանքով զբաղվեն, կուսակցությունը կայացնեն, իրենց գաղափարները հենց այնտեղ իրագործեն: Ինչ վերաբերում է մեր կուսակցության գաղափարներին և ծրագրերին` դրանք համագումարում էլ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրեց, և կարծում եմ` մենք հենց այդ ճանապարհով էլ գնալու ենք և այդ քաղաքական կուրսին հավատարիմ ենք լինելու:

- Առաջիկա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունը դառնում է խորհրդարանական կառավարման երկիր, խորհրդարան, որտեղ տեղ կունենան միայն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ինչպիսի՞ գործիչները պետք է հնարավորութ յուն ունենան Ազգային ժողովում աշխատելու:

- Շատ դժվարին ճանապարհ է սպասվում, որովհետև արդեն խորհրդարանական երկրում ենք ապրելու: 2018-ից արդեն ամբողջովին անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման, և առաջնային մանդատով ընտրվելու է միայն խորհրդարանը: Դա նշանակում է, որ կուսակցությունները ոչ միայն պետք է խոշորանան, այլև կարողանան ուժեղանալ: Կուսակցական գործիչները պետք է կարողանան այնպիսի կուսակցություն հիմնել, այնպես աշխատեցնել, որ մեկ տարվա կամ չորս տարվա կյանք չունենան, որ կարողանան հետագայում նույնպես իրենց տեղն ունենալ: Իսկ այս հարցում ամենակարևորը, իհարկե, հասարակության վստահությունն է: Կարծում եմ, որ հասարակության մեջ վստահության տեսանկյունից ավելի շատ ընդդիմության հետ կապված խնդիրներ կան, և իրենք շատ գործ ունեն անելու: Այս առումով վարչապետի դերակատարությունն է մեծանում նոր համակարգում, և մեծանում է կուսակցությունների դերակատարությունը: Այլևս մարդիկ, ովքեր կուսակցական չեն, չեն կարողանա իրագործել իրենց նպատակները, որովհետև քաղաքական հենարանը շատ կարևոր է: Ու նաև կարևոր է, որ քաղաքականության մեջ գրագետ գործիչներ լինեն, ինչի հնարավորությունը տալիս է կուսակցական գործունեությունը:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ