Հավատա՞լ, թե՞ չհավատալ

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Հայաստանի Հանրապետությունում ապրող այն սերունդը, որն անկախ Հայաստանի քաղաքացի դարձավ չափահաս տարիքում` ձևավորված որպես անհատ ու մասնագետ, լավ է հիշում քաղաքական աղքատիկ առօրյան, երբ ամբողջ հսկա երկրում մի հատիկ կուսակցություն էր գործում: Այն ժամանակ «իշխող կուսակցություն» հասկացությունը մարդիկ չունեին, ուղղակի ակնհայտ էր, որ բարձր պաշտոններ կարող էին զբաղեցնել միայն այդ միակ կուսակցության անդամները: Այսօր արդեն երեք միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող մեր երկրում կուսակցությունների թիվը 80-ին է մոտենում, իսկ դա նշանակում է այդքան ծրագիր, այդքան նպատակ, այդքան ուժ, այդքան տրոհում… Ի՞նչ են մտածում մեր հասարակության անդամները ՀՀ քաղաքական դաշտում գործող կուսակցությունների մասին, ինչքանո՞վ են տեղյակ նրանց գործունեությունից, որևէ մեկին վստահում կամ համակրո՞ւմ են և դրանց հետ հույսեր կապո՞ւմ են արդյոք:

Քանի որ այս օրերին, խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելով պայմանավորված, հայաստանյան կուսակցություններն սկսել են աշխուժանալ, փորձեցինք որոշ քաղաքացիների միջոցով պարզել առկա տրամադրությունները:

Վաղարտի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Վաղաշենի բնակիչ

- Հայկական քաղաքական իրադրությունն այսօր այլ պատկեր և գաղափարներ է ընդգրկում, քան, ասենք, 5 տարի առաջ էր, կամ էլ ավելի վաղ: Այսօր բոլոր կուսակցությունները կարծես գործում են ինքնանպատակ, և ինձ համար դրանց միակ նշանակությունը մնացել է իշխանության հասնելու մարմաջը: Թե´ իշխող կուսակցությունը, թե´ այսպես կոչված ընդդիմությունը, կարելի է ասել, մի «սանրի կտավ» են: Ամենահզորից մինչև ամենանորելուկը բոլորն էլ միայն իրենց շահերի կրողն են, և ոչ երբեք` ժողովրդի շահերի պաշտպանը: Ինձ համար հայկական իրականության մեջ հարգանքի արժանի ոչ մի կուսակցություն չկա, ում վրա կարելի է հույս դնել և ում հետ կարելի կլինի կապել վաղվա սերնդի ապագան: Որպես ՀՅԴ կուսակցության նախկին անդամ` ես մեծ հիասթափություն եմ ապրում ոչ միայն Դաշնակցությունից, այլ նաև մյուս գործող և չգործող կուսակցությունների եսասեր, արհեստական և ծախված քաղաքականությունից:

Ալվարդ ԱՎԵՏԻՍՅԱՆ.

այժմ` համակարգչային օպերատոր

- Կուսակցությունները հասարակական կյանքի կազմակերպման քաղաքակիրթ ինստիտուտ են. առայժմ ավելի լավ միջոց չի հայտնաբերվել: Ուրիշ բան, որ մենք սոցիալիստական միակուսակցական հասարակարգից անցանք բազմակուսակցականության ու չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել: Ով ուզում է գործունեությամբ աչքի ընկնել ու իշխանության հասնել, կուսակցություն է բացում: Շատ կուսակցություններ գոյություն ունեն, քանի որ նրանց ղեկավարներն են դա ուզում: Ես համոզված եմ, որ անաչառ հաշվառում անցկացնելու դեպքում կպարզվի, որ այդ կուսակցություններում գրեթե մարդ չկա: Դրանք պետք է միավորվեն, խոշորանան: Ժամանակին Կոմունիստական կուսակցության անդամ եմ եղել, ու մեկ-մեկ ինձ թվում է, թե անցած ժամանակները հետ են եկել: Մի քիչ ելույթների բովանդակությունն է փոխվել` ավելի շատ են խոսում ազգային հարցերի ու երկրի պաշտպանության մասին: Դա լավ է, միայն թե գործնական աշխատանքը պետք է շատ լինի: Զեկուցումներով ու գեղեցիկ խոսքերով զարգացած երկիր չես կառուցի: Տեսանք չէ՞, թե ինչ պատահեց Կոմկուսի հետ: Ամբողջ երկիրը լցվել էր ճամարտակներով, աշխատող, գործ անող մարդ չէր մնացել: Հիմա մեր ներկա կուսակցությունները պետք է ավելի գործնական լինեն, որովհետև մեր ժողովուրդն արժանի է բարեկեցիկ կյանքի, լավ ապագայի: Մի երկու օր առաջ լուրերով լսեցի, որ 70-ից ավելի կուսակցություն կա գրանցված: Եթե հիմա փորձեմ անուններ տալ, քչերին կհիշեմ: Հիշողությանս մեջ այս պահին Հանրապետականն ու Դաշնակցությունն են, «Բարգավաճը» հիշեցի, «Օրինաց երկիրը»: «Լուսավոր Հայաստանի» անունն եմ շուտ-շուտ լսում: Հա` Հայրիկյանի ԱԻՄ-ը: Մի ժամանակ ՀԺԱՄ կար, չգիտեմ` դեռ գոյություն ունի՞: Խորհրդային տարիներին մենք շատ ենք երազել բազմակուսակցականության մասին, բայց ոչ սրա, որ հիմա տեսնում ենք: Բոլոր կուսակցականներին միայն իշխանություն է պետք, արտոնություններ են պետք, բարիքներ ու արտասահմանյան գործուղումներ են պետք: Որ կուսակցությունն այդ լծակներն ստանում է` խոստումները մոռանում է, իր հեղինակությունն էլ հետը: Օրինակ` այսօր բոլորը ՀՀԿ-ին քննադատում են պալատներ ունենալու համար: Ճիշտ են անում, բայց ինչո՞ւ մեկը չի նկարում ու համացանց չի գցում նաև հենց ՀՀԿ-ականների դղյակների հարևանությամբ գտնվող ընդդիմադիրների պալատները: Կամ` ո՞ւր են չքացել ՀՀՇ-ի գռփած հարստությունները, ինչո՞ւ քննադատողները դա լռության են մատնում: Ինձ ամենաշատն այն դուր չի գալիս, որ կուսակցությունները փոխանակ խելք-խելքի տան ու երկիրը շենացնեն, իրար են վարկաբեկում, անպատիվ արարքներ թույլ տալիս: Ես կուզենայի, որ թե´ իշխող, թե´ ընդդիմադիր կուսակցությունները հասկանային, որ ժողովուրդը միայն քվե տալու համար չէ, այլ արժանապատիվ ապրելու և կառուցելու, մանավանդ` մեր երկրի թշնամիները շատ են ու քնած չեն:

Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. շինարար

- Ոչ մի կուսակցության չեմ վստահում, քանի որ համոզված չեմ, թե նրանց սիրտը ժողովրդի համար ցավում է: Ժամանակին ընդդիմությանը շատ էի հավատում, սրտատրոփ սպասում էի, թե երբ են իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու, բայց վերջին տարիներին շատ հիասթափվեցի: Տեսա, որ ամեն մեկը մտածում է միայն ժողովրդից ձայներ հավաքելու, խորհրդարան խցկվելու մասին: Պատգամավոր դառնալուց հետո էլ նախընտրական բոլոր խոստումները մոռանում են, մտնում նեղանձնական գզվռտոցների մեջ:

Մեր երկրում մի հետաքրքիր երևույթ կա. ոչ միայն իշխող կուսակցություններն են լավ ապրում, այլև` ընդդիմադիրները: Ես սա ասում եմ ծանոթներիս օրինակով, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում այդ գաղտնիքը բացահայտել: Այսքան կուսակցությունների մեջ մեկը չկա, որ ասես` կեցցե, մեծ գործ է անում: Իշխանության ղեկին եղած կուսակցությունների մասին չեմ ուզում խոսել, նրանք ընդհանրապես իրարից չեն տարբերվում ու միշտ էլ քննադատվում են: Իմ մտահոգությունը նորից ընդդիմադիր կուսակցություններն են: Ցավալի է, որ Հայաստանում դրանք հիմնականում քնած են լինում ու աղմուկ-աղաղակով արթնանում են հատկապես նախընտրական փուլերում: Բայց որքան էլ փորձես նրանց ծրագրերում մի խելքը գլխին դրույթ գտնել կամ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհը տեսնել` չես կարողանա: Պարզ բան է, հիմա արդեն համոզվել եմ, որ նրանց նպատակը գործունեություն ծավալելը չէ, այլ ջրի երեսին մնալն ու մյուսների նման բարիքներից օգուտ քաղելը: Ես հիմա արդեն կասկածներ ունեմ, որ որոշ կուսակցություններ, Հասարակական կազմակերպությունների նման, դրսից են գումարներ ստանում: Դա մեր ազգի համար խայտառակություն է, չգիտեմ` անվտանգության մարմիններն ինչո՞ւ չեն դրանցով զբաղվում:

Արմենակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. նախկին մանկավարժ

- Շատ թե քիչ ծանոթ լինելով հայկական իրականության քաղաքական կուսակցությունների ոչ ժողովրդասեր գործունեության հետևանքներին` ուղղակի պետք է ասեմ` եղունգ ունես, գլուխդ քորիր: Դրանք բոլորն էլ անհուսալի, ինչ-որ մեկի ջրաղացին ջուր ավելացնելուն միտված մասնավոր օբյեկտներ են:

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ. մշակույթի ոլորտի շխատող

- Իմ կարծիքով` «Հանրապետական» կուսակցությունը երկրի մասին ավելի շատ է մտածում, քան մյուսները: Բայց նրա շարքերում պատահական մարդիկ շատ կան, ովքեր կուսակցության անունը խայտառակում են: Ես ուրախ եմ, որ հիմա նմաններից ազատվելու քաղաքականություն է սկսվել. դրա շնորհիվ ժողովուրդը վստահությամբ կլցվի: Վարչապետի ՀՀԿ անդամ դառնալը շատ քննարկվեց, բայց հետաքրքիր մարդիկ են` եթե ամբողջ աշխարհում կառավարությունը պետք է քաղաքական հենարան ունենա, Հայաստանն ինչո՞ւ պետք է բացառություն լինի: Ես հավատում եմ, որ Կարեն Կարապետյանը կկարողանա շատ խոչընդոտներ հաղթահարել ու իր կուսակցության հետ Հայաստանը զարգացման նոր աստիճանի հասցնել: Նաև ուզում եմ հավատալ, որ բոլոր կուսակցությունների հետ բարեկիրթ հարաբերություններ կմշակվեն: Մենք հո իրար թշնամի չենք, ինչո՞ւ չպետք է իրար հանդուրժենք: Մի քանի կուսակցություններ կան` չգիտես կենդանի են, թե մեռած: Անունները չտամ, որ մեկնումեկին չվիրավորեմ, ինչքան չլինի` հայ մարդիկ են ղեկավարում, բայց թող իմանան` վատ են ղեկավարում: Հո խորհրդարանում ու փողոցներում գոռգոռալով չէ՞, ինչո՞ւ չեն երկրի խնդիրները մեկ-մեկ վերցնում ու ղեկավարության աչքը մտցնում, լուծում պահանջում: Ես էն կարծիքին եմ, որ կուսակցությունները հարցեր լուծելու համար են, մարդկանց օգնելու համար են, մեր թշնամիներին իրենց տեղը ցույց տալու համար են, ոչ թե ճոխ-ճոխ համագումարներ անելու ու անգիր արած ճառեր կարդալու:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ