Երազանքի և իրականության ալեբախումներում


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ: 

Սեփական ստեղծագործական երփնապնակի հանրահռչակմամբ նա ինքը երբևէ չի մտահոգվել: Նրա երաժշտակտավներն անվանի դիրիժորների մեկնաբանությամբ դարասկզբից մշտապես կատարվում և հեռարձակվում են անգլիական, իտալական, ամերիկյան, սլովենական, ռուսական և ֆրանսիական ռադիոալիքներով: Մայր հայրենիքում դրանց փոքրիշատե ծանոթ են արդի երաժշտարվեստի ոլորտում հաստատվածները: Երկու օր առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դերակատարությամբ, փաստորեն, կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան ՌՈՍՏՈՄՅԱՆԻ «հաշվետու համերգը»` ի նշանավորումն նրա ծննդյան 60-րդ տարեդարձի: Եվ նրանք, ովքեր Ստեփան Ռոստոմյանին արդեն 16 տարի առավելապես ճանաչում էին որպես մեր երկրի այցեքարտը դարձած հայաստանյան առաջին` «Քսանմեկի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավարի, հեղինակած 3 սիմֆոնիաների և «Տաղ հրեշտակայինի» ներշնչված կատարումներին` կենդանի հաղորդակցությամբ մասնակի պատկերացում կազմեցին Ավետ Տերտերյանի բնորոշմամբ` «նվագախմբային գրելաձևի վարպետի» մասին:

Հայ հոգևոր երաժշտության հնամենի մոտիվների տարագույն արձագանքներն են երբեմն ցայտում Ստեփան Ռոստոմյանի հոբելյանական երկացանկի բազմերանգ մեկնաբանություններից: Համերգային երեկոյին հանդես եկող հանրահայտ երաժշտախմբերի ու անհատ կատարողների հավաքականության մեջ բյուրականյան ապրիլյան համաժողովի մասնակիցների գերակայությամբ արթնանում է գարնանային տխրատամուկ օրվա վերհուշը: Ստեփան Ռոստոմյանի անձնական ջանքերով ու միջոցներով կառուցված «Բյուրական» արվեստի ակադեմիայի գողտրիկ սրահում, քառօրյա պատերազմի արնածոր ցավից սևակնած հոգով, ունկնդրում էինք «Հայաստանը և երկխոսութ յունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության միջոցով. մշակույթի դերը» զեկուցման բանախոս Պոլ Դյուժաղդենին: Հուսալով` կասկածում էինք, որ միմիայն մշակույթի միջնորդությամբ կարելի կլինի կանխել ազգամիջյան պատերազմները, փրկել Երկիր մոլորակը բաբելոնյան աշտարակաշինության հերթական բնավերությունից...

Փլուզվել էր արարչագործական մեր գենետիկ հավատը: Դյուժաղդենն իր գլխավորած բրյուսելյան «Գեղեցիկ արվեստների» տարատեսակ նախաձեռնությունների խաղաղարար ներգործության բազմաթիվ օրինակներով էր փորձում գոտեպնդել ներկաներիս: Նրա գործունեությանը լավատեղյակ Ստեփան Ռոստոմյանը, աչքերում քարացած արցունքը ապարդյուն թաքցնելով, ջանում էր հավատընծա դարձնել բանախոսի բորբոքած հուսո կրակները: «Հովեր» կամերային երգչախմբի «պատարագված» կատարումների ամոքիչ ներգործությամբ ջանում էր խորացնել «Գյուրջիև» համույթը: Միջնարարների «անփողկապ» զրույցների մտերմիկ մթնոլորտում անակնկալի եկանք, երբ աշխարհի հզորների օրինակով Հայաստանում արվեստների համարժեք ակադեմիա հիմնած տանտերը խոստովանեց, որ ծննդյան 60-րդ գարունն էր պատրաստվում տոնել իրականություն դարձած իր երազանքներից մեկի մշակութածին այս կառույցում: Մինչդեռ... Ճակատագրի դառը հեգնանքով խաթարվեց անձնական ուրախությունը, բայց աներեր մնաց համոզմունքը` հայերս մեր արարիչ ներուժի նորահաստատումներով պիտի գոտեպնդենք քաջարի զինվորներին, ծնկի բերենք թշնամուն: Չէ՞ որ նախնական ծրագրով մեկտեղվել էին հայաստանյան արդի մշակույթի դաշտում կարևոր դերակատարություն ունեցող բազմաթիվ արվետագետներ, մոտ 50 միջազգային տարաբնույթ փառատոների կազմակերպիչներ, մտավորականներ, ովքեր միասնաբար պիտի ուղենշեն 21-րդ դարի հայ մշակույթի զարգացման հեռանկարները, ստեղծագործական բեղուն միջավայր ձևավորելու հստակ մարտավարություն մշակեն: Տաղանդների պակաս, իրոք, չունենք, բայց բարենպաստ պայմաններ չենք կարողանում ապահովել դրանց հասունացման, կայացման համար:

- Ես համոզված եմ, որ մեկ անհատը, ով տաղանդ ունի, ինտելեկտ, ձգտում, կարող է փոխել մի ամբողջ հաստատության, բնագավառի, երկրի կյանքը,- ասում է Ռոստոմյանը:- Մենք ունենք այսպիսի անհատների, անհատականությունների խնդիր... Առաջնահերթ մշակույթի և գիտության ասպարեզում... Որովհետև մեր ժողովուրդն այնքան է ընտելացել կեղծ արվեստին, սին արժեքներին, որ հզոր անհատներով, բարձր արվեստի հետ կենդանի շփումներով միայն կարող է վերագտնել իր նախաստեղծ արարչական որակները... Եվ պետք է փայփայենք, գուրգուրենք եղածներին` եթե կան, իհարկե. հենց նրանք ճանապարհ կբացեն մեր ազգի համար...

Նա ինքը երանելի լծակներ է ունեցել` որպես երաժիշտ ձևավորվելու: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում ջութակի դասեր է ստացել պրոֆեսոր Արամ Շամշյանից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստեղծագործական միտքը հղկել են Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոս Սարյանը, Ավետ Տերտերյանը: ԽՍՀՄ փլուզման նախօրեին, ընդամենը 33 տարեկանում, աշխարհի մեկ վեցերորդ մասը կազմող մեծ տերությունից ինքն է ընտրվել Գլազգոյի «ՆյուԲեգիննինգ» խոշորագույն փառատոնի ստեղծագործական պատվերը կատարելու համար: Գլազգոյի համալսարանի էլեկտրոակուստիկ երաժշտության ստուդիայում գրված թիվ 2 Փողային կվինտետը և Երրորդ սիմֆոնիան համարվել են փառատոնի կիզակետը` երիտասարդ հայ կոմպոզիտորի միջազգային ճանաչման հզոր ազդակ դառնալով: Սիմֆոնիա թիվ 3, Սիմֆոնիա թիվ 4, Փողային կվինտետ թիվ 2, «Տաղ Հրեշտակային» երաժշտակտավների պատվիրատուն էլ Շոտլանդական արվեստների խորհուրդն է եղել:

Գլազգոյի և Էդինբուրգի իշխանավոր Լորդ Պրովոստի հատուկ մեծարանքները, երաժշտագետի բարձր վարկանիշը` հաստատված տեղի համալսարաններում կարդացած դասախոսություններով, բացառիկ ստեղծագործական բարեկեցություն են ապահովել Ստեփան Ռոստոմյանի համար Շոտլանդիայում: Այդուհանդերձ, չի գայթակղվել: Ստեղծագործական պատկառելի ներուժն ու ձեռքբերումներն ուղղորդել է Հայաստանում մշակութային արդի մեխանիզմներ ներդնելու վրա: Առաջին խոշոր հոնորարով Բրիտանիայում ձեռք է բերել համակարգչային սարքավորումներ ու Երևանի կոնսերվատորիայում հիմնել էլեկտրոակուստիկ երաժշտության դասարան, ապա` «Հայ ժամանակակից երաժշտության» և «Հայ երաժշտական տեղեկատվական» կենտրոններ, որոնք սկսեցին աջակցել հայ կոմպոզիտորների և երաժիշտ կատարողների միջազգային ճանաչմանը:

1980-1984 թթ. Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի խորհրդատուն է եղել, իսկ 1990-1992 թթ.` Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավարը: 1989-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, որի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր է:

1991-1997 թթ., որպես գլխավոր խմբագիր, ակադեմիական հրատարակության պատրաստեց մեր հոգևոր երաժշտության ադամանդի` «Շարականի» 6-հատորյակը և հայ եկեղեցու ծիսակարգային այլ մեղեդիներ: Ապա իրականացրեց «Քրիստոնյա Հայաստան» և «Համաքրիստոնեական մշակույթ» միջազգային փառատոները և գիտաժողովը:

Չլռեց քնարը:

Ռոստոմյանը մեկն է 20-րդ դարի աշխարհի շուրջ 500 առաջատար կոմպոզիտորներից, ում կյանքը և գործունեությունը ներառված է «Ժամանակակից կոմպոզիտորների տեղեկագրքում», միջազգային հանրագիտարաններում: Մեկ այլ նվիրական երազանք է այժմ կենսագործում Ռոստոմյանը` ականավոր ջութակի ուսուցիչ, հայազգի Իվան Գալամյանի լարայինների դպրոցի հիմնումը Հայաստանում:

Երազանքների և իրականության ալեբախումներում անկոտրում է մնում Հայաստանը մշակութային աշխարհի հզորների շարքում հաստատելու Ստեփան Ռոստոմյանի կամքը: Քնարն էլ դեռ չի կորցրել իր միջազգային հոգևոր պահանջարկը. 2017-ի հունվարին այն ծրագրված է հնչեցնել Հռոմի օպերային թատրոնում, ապրիլին` Թել Ավիվում, մայիսին` Նյու-Յորքում, սեպտեմբերին` Մոսկվայում, հոկտեմբերին` Լոնդոնում...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ