Աղետից տուժածին հասանելիք տունը յուրացրել են

Նամակ խմբագրությանը

Սպիտակի երկրաշարժի պատճառած ցավը դեռ մխում է աղետյալների հոգում: Եվ այդ ցավը միայն մարդկային և այլ կորուստներից չէ: Մարդասիրության էպիկենտրոն դարձած աղետի գոտուն տրամադրվող միջոցները, դժբախտաբար, ոմանց համար դարձել էին ուրիշների դժբախտության կրակին ձեռքեր տաքացնելու, գրպանները լցնելու եկամտաբեր աղբյուր:

Հարգելի «Ավանգարդ», 28 տարի անց, երբ լրանում է նաև մեր հողին պատուհասած ավերիչ աղետի 28-րդ տարելիցը, ես ստիպված եմ կրկին հայցելու իմ շահերի վաղեմի պաշտպան խմբագրության օգնությունը:

Հուսով եմ, որ ձեր անաչառ վերաբերմունքի շնորհիվ իմ նկատմամբ կատարված ճչացող անարդարությունը ջրի երես կելնի և արդարությունն այս անգամ էլ կհաղթանակի:

Հարգանքներով` Լյովա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լոռու մարզ, գյուղ Շիրակամուտ

- 28 տարի առաջ, դեռևս մինչև երկրաշարժը, Նալբանդ գյուղի «Լիֆտնորմալ» գործարանի տնօրենը անհիմն կերպով աշխատանքից ազատել էր ինձ և իմ ղեկավարած բաժնի ևս 4 աշխատակիցների: Մեր ոտնահարված իրավունքները պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար ծանր ու երկարատև փորձություն էր մեզ սպասվում: Ամենուրեք հանդիպում էինք փակ դռների, արժանանում անսիրտ ու անհոգի վերաբերմունքի, բախվում չինովնիկական-բյուրոկրատական պատնեշների, քաշքշուկ ների: Մեր մի քանի ամսյա դեգերումներն ապարդյուն անցան: Վերջին հույսը մամուլն էր` տպագիր խոսքը: Եվ հատկապես «Ավանգարդ» թերթի մի քանի հրապարակում ներից հետո սայլն, ի վերջո, տեղից շարժվեց, և լրագրողական քրտնաջան աշխատանքի շնորհիվ` ՀՀ Գերագույն դատարանի որոշումներով արդարությունը վերականգնվեց. հետագայում էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքեց իմ դեմ առաջադրված բոլոր անօրինականությունները:

Այժմ` 28 տարի անց, իմ առջև ծառացել է համանման խնդիր, մի նոր, առավել ճչացող անարդարություն, որին դիմակայելու համար ակամա հայտնվել եմ «բոլորը` իմ դեմ, ես` բոլորի» կարգավիճակում:

1988 թ. աղետալի երկրաշարժը հիմնովին քանդեց և հողին հավասարեցրեց Լոռու մարզի Շիրակամուտ (նախկինում` Նալբանդ) գյուղում գտնվող իմ տունը: Ես համարվեցի մեկ սենյականոց բնակարանի կարիքավոր:

Մեկ սենյականոց բնակարաններ մինչև 2013 թ. չկառուցվեցին և այդ կարիքավորներին կառավարության կողմից տրամադրվեց դրամական փոխհատուցում` 3 մլն ՀՀ դրամի չափով: Ինձ փոխհատուցում չտրվեց:

Մեծ դժվարությամբ պարզեցի, որ իմ նկատմամբ գաղտագողի մեծ անարդարություն և խաբեություն են իրականացրել: Կարողացա պարզել, որ 26.08.2002 թ. թիվ CRSV-Sh-2002/051 քառակողմ պայմանագրի հիման վրա ինձ և Շիրակամուտի գյուղապետի նախկին տեղակալի որդի Հրաչ Նալբանդյանի ընտանիքի համատեղ բնակության համար Կաթոլիկ օգնության ծառայության (ԿՕԾ) կողմից կառուցվել է բնակելի տուն, որը, սակայն, հատկացվել է միայն... վերջինիս ընտանիքին:

Հրաչ Նալբանդյանի ընտանիքի համար կառուցվելու էր միայն տան մի մասը:

Բազմիցս ներկայացրած դիմում-բողոքներիս ո´չ Լոռու մարզպետարանը, ո´չ քաղաքաշինության նախարարությունը ընթացք չտվեցին` պատասխանելով, թե այս հարցով պարտավոր է զբաղվել միայն Շիրակամուտի գյուղապետը:

Մի քանի գրավոր դիմումներիս գյուղապետը տալիս էր նույն պատասխանը, որ գյուղապետարանում իմ վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա (դիմում, տեղեկանք և այլն):

16.03.2016 թ. դիմումիս Շիրակամուտի գյուղապետը 22.03.2016 թ. դ Ե-03/35 գրությամբ պատասխանում է, թե այն քառակողմ պայմանագիրը, որը ստորագրվել է նախկին գյուղապետի կողմից, իրենց չի հանձնվել` շեշտելով «նախկին» բառը:

Գյուղապետին փորձեցի մատնանշել այն կազմակերպությունները, որոնցից նա կարող է ձեռք բերել ինձ վերաբերող բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները (ինձ տրամադրել մերժում էին), սակայն ապարդյուն. պատասխանը նույնն էր` գյուղապետարանում իմ մասով ոչինչ չկա կամ չի պահպանվել:

Վերջերս գյուղապետը ինձ հանձնեց Շիրակամուտ համայնքում ԿՕԾ-ի ծրագրով կառուցված տների ցուցակը, որում պարզ նշված է, որ ինձ համար Հրաչ Նալբանդյանի հետ համատեղ կառուցվել է բնակելի տուն:

Քառակողմ պայմանագրի կրկնօրինակը, որի հիման վրա մեր երկուսի համար կառուցվել էր տունը, փորձեցի ձեռք բերել Սպիտակ քաղաքի նոտարական գրասենյա կից, որը 12.09.2003 թ. վավերացրել էր պայմանագրի կողմերի ստորագրություններն առանց իմ ստորագրության, ինչն աչքաթող է արվել Կադաստրում:

Գրասենյակից ստացա բացասական պատասխան: Այստեղ ևս պայմանագիրը կորել էր:

Տարօրինակ կերպով կորել է նաև Հրաչ Նալբանդյանի պայմանագրի օրինակը:

Ի՞նչն է այս պատմության մեջ ամենազավեշտալին. գյուղապետարանը և մարզպետարանն իրենց պատասխաններում ոչ ժխտում, ոչ էլ հաստատում են ինձ համար կառուցված տան փաստը: Գյուղապետը պնդում է, թե չեն պահպանվել մինչև 2005 թ. բնակարանի կարիքավորների հերթացուցակները և բնակարան ստացածների ցուցակները: Այդ դեպքում ինչպե՞ս է կազմվել 2005 թ. հերթացուցակը, և 2005-ից հետո ինչպե՞ս են բաշխվել բնակարանները` առանց նախնական տվյալների առկայության:

Մեկ այլ զավեշտ էլ կա. քառակող պայմանագրում (ուր չկա իմ ստորագրությունը և որը «հիմք» է հանդիսացել նշյալ տունը կամայականորեն տնօրինելու) Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի փոխարեն «նոր հասցե» են հորինել` Ջրաշենի համայնք, գյուղ Շիրակամուտ. այդպիսի հասցե երբևէ չի եղել Հայաստանում:

Քառակողմ պայմանագիրը կնքվել է 26.08.2002 թ., որի հիման վրա երկուսիս համար կառուցված տունը հանձնվեց միայն Հրաչ Նալբանդյանի ընտանիքին (անշարժ գույքի վկայական թիվ 1663159` տրված 30.06.2004 թ., որի հիմքը հանդիսացել է վերը նշված պայմանացիրը և Շիրակամուտի գյուղապետի 14.11.2011 թ. թիվ 21 որոշումը): Սակայն պայմանագիրը պետնոտարի կողմից վավերացվել է ավելի քան 1 տարի անց, այսինքն` տունը կառուցելուց հետո:

Մարզպետարանը և գյուղապետարանը խուսափում են բացահայտել ճշմարտությունը, ջրի երես հանել կատարված կեղծիքը: Դեռ ավելին` աշխատում են թաքցնել կատարվածի հետքերը` ընթացք չտալով իմ դիմումներին: Չեն ուզում բացահայտել ճշմարտությունը և դեմ դուրս գալ Հրաչ Նալբանդյանի հորը` գյուղապետի նախկին տեղակալին, ով երևի թե շատ ավելին գիտե, քան Շիրակամուտ գյուղում բնակարանների բաշխման գործընթացում դատախազության կողմից բացահայտված օրինախախտում ները: Ի դեպ` հենց այդ օրինախախտումների համար Լոռու մարզպետի խորհրդական Լյովա Ասլանյանի նկատմամբ մոտ մեկ տարի առաջ դատարանի կողմից կիրառվել է հանրապետության Նախագահի համաներման որոշումը, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից…

Այս ամենում ամենավրդովեցուցիչն ու վիրավորականը Լոռու մարզպետի և Շիրակամուտի գյուղապետի անտարբեր ու արհամարհական վերաբերմունքն է տեղի ունեցածի նկատմամբ: Ի դեպ, երկրաշարժի գոտում կատարված այդ կեղծիքներին դեռևս այս տարվա սեպտեմբերի 2-ին առավել մանրամասն ու ծավալուն անդրադարձել է նաև shΖΗshyΖn.coΗ կայքը (հղումը` httΘ://shΖΗshyΖn.coΗ/hy/Ζrticle/2016/09/02/94436/), սակայն` իրավասու մարմիններից դեռևս ոչ մի արձագանք չի ստացվել, ինչպես ասում են` ձայն բարբառո հանապատի...