ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Քննարկվե՞լ է, արդյոք, այս տարբերակը


Տարիներ շարունակ, արտացոլելով ադրբեջանական ցանկություններն ու ձգտումները և, ըստ էության, դառնալով Բաքվի «ինքնատիպ» խոսափողը, Թուրքիան առաջ էր քաշում հինգ շրջանի վերադարձի հարցը` այսպես կամենալով լուծել տարածքային ամբողջականության ադրբեջանական տեսլականի հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի ցանկություններին և մղումներին չարձագանքեցին, տարօրինակ լռություն պահպանեցին: Տարօրինակ, որովհետև նման դեպքերում մենք վարժվել էինք, որ Ադրբեջանն իր արձագանքներով էյֆորիկ իրավիճակ էր ստեղծելու: Մինչդեռ հիմա, ինչպես տեսնում ենք, հրաժարվելով հինգ շրջանի համաժամանակյա վերադարձի գաղափարից, Թուրքիան կարծես բավարարվում է երկու շրջանով, որոնք, ըստ թուրքական աղբյուրների` Ադրբեջանի համար ունեն կենսական նշանակություն:

Թուրքիո այս շտապողականությունը և «զիջումները» լիովին հասկանալի են, քանի որ առջևում 2015 թվականն է` թուրքական նախճիրի 100-ամյակը, ուստի այս երկիրը կամենում է աշխարհին ներկայանալ որպես հանդուրժողականության և բարեկամական հարաբերությունների ձգտող երկիր:

Չի բացառվում նույնիսկ, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան դատապարտի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը:

Իսկ ահա Թուրքիայի կողմից Հայոց Եղեռնը ճանաչելուց հետո այս գործընթացին կմիանա Միացյալ Նահանգները` պարտադրելով նաև ուրիշ երկրների` միանալ իրեն:

Սա լավատեսական և անգամ «հովվերգական» պատկեր է, որն այժմ ներկայանում է հիփոթետիկ շեշտվածությամբ, մինչդեռ զարգացումների ընթացքը ցույց է տալիս, որ ոչինչ անհնար և անհավանական չէ: Սակայն նման սցենարի իրագործման համար անհրաժեշտ է, որպեսզի թեկուզ մասնակիորեն լուծված լինի Ղարաբաղյան հակամարտությունը, ինչը «մեծ եղբորը» «կփրկի» «փոքրի» առջև ստանձնած որոշ պարտավորություններից: Թուրքիան, ինչպես գիտենք, իր ներքաղաքական կուլիսային քննարկումներում միշտ էլ կողմ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն ամեն անգամ հառնել է «ադրբեջանական սինդրոմը», քանզի Ադրբեջանը նրա համար ունի ոչ միայն էթնիկ, այլև ռազմավարական կարևոր նշանակություն:

Նշենք, որ արտաքուստ Ադրբեջանի համար բնավ էլ ընդունելի չի լինի երկու շրջանի վերադարձմամբ խնդրի կարգավորման տարբերակը. Բաքվի ախորժակը շատ ավելի մեծ է` վերադարձնել ոչ միայն յոթ շրջանը, այլև «Լյանինից» նվեր ստացած ողջ Լեռնային Ղարաբաղը:

Ֆիզուլիի և Աղդամի շրջանների վերադարձով ձևավորվում է մի գործընթաց, որի նպատակն է ամբողջապես վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականութ յունը: Այս երկու շրջանն իսկապես կարևոր նշանակություն ունեն Ադրբեջանի համար, քանի որ հենց այստեղից են հեռացել մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք եթե վերադարձի ցանկություն հայտնեն, ապա տարածաշրջանում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ղարաբաղը կհայտնվի ադրբեջանցիներով հոծ բնակեցված շրջանների «օղակի» մեջ:

Այս ամենից զատ` Իրանը ևս կարող է համաձայներ երկու շրջանի վերադարձին, քանզի իրանական սահմանի մի փոքր մասն է միայն հայտնվում Ադրբեջանի հետ շփման մեջ: Քանի որ ԱՄՆ-ի հետ ջերմացող հարաբերությունների խորապատկերին Թեհրանն այլևս որևէ սպառնալիք չի տեսնում և կարող է ներգրավվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներում: Կարող ենք փաստել, որ Իրանը կարող է այս հարցում դաշնակից դառնալ ԵԱՀԿ համանախագահող երկրներին ու Թուրքիային և պահանջել երկու շրջանի վերադարձը, որպեսզի է´լ ավելի սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ: Հենց այդ պատճառով էլ Իրանը վերջին օրերին սկսել է խոսակցություններ տարածել իրանական էժան գազի մասին` ինքը ևս գազն օգտագործելով որպես ուրույն քաղաքական գործոն: Հայաստանին էժան գազ առաջարկելու իրանական կողմի պնդումները, բնականաբար ոչ թե Հայաստանին ու նրա քաղաքացիներին են ուղղված, այլ` միջազգային հանրությանը: Այսպիսով Իրանը կամենում է պնդել, որ «… ինքը պատրաստ է Ռուսաստանից ավելի էժան գազ վաճառել, մնում է, որ կարգավորվեն Իրանի հետ հարաբերությունները, և Արևմուտքը պատրաստակամություն դրսևորի հրաժարվել ռուսական թանկ գազից` հօգուտ իրանական էժան գազի»- գրում է քաղաքագետներից մեկը:

Չի բացառվում, որ այս տարբերակը ընդունելի համարեն նաև հայաստանյան իշխանությունները, քանզի մինչև օրս Հայաստանը չի ունեցել շրջափակումից դուրս գալու և խաղաղության հասնելու նման իրական պայմաններ: Եթե նախկինում խաղաղության և ապաշրջափակման գինը համարվում էր ողջ Լեռնային Ղարաբաղի վերադարձն ազատագրված տարածքներով հանդերձ, ապա հիմա Աղդամի և Ֆիզուլիի շրջանների մի մասի վերադարձը կարող է նշանակել խաղաղության հաստատում:

***

Անտարակույս, նման քննարկումների պարագայում կարևոր կլինի երկու հարց. Ռուսաստանը, որը տարածաշրջանում դարձել է գլխավոր խաղացողը, ինչպե՞ս կարձագանքի նման տարբերակին և ինչպե՞ս կարձագանքեն ազատամարտիկներն ու երկրապահները, հայրենասիրական ուժերը, որոնք բազմիցս են հայտարարել, որ ազատագրված ոչ մի թիզ հող իրենք չեն զիջի… Ռուսաստանն, իհարկե, ոչ միայն ցավոտ արձագանք կունենա, այլև ամեն ինչ կանի` խոչընդոտելու գործընթացը, քանզի նա կկորցնի իր ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա: Բաքվում էլ կկորցնի իր վստահությունը, քանի որ տարբեր ժամանակներում հենց ռուսաստանյան առաջնորդներն են պաշտոնական Բաքվին խոստացել վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի Հայաստանում հեղափոխական իրավիճակ հրահրել, ինչի նախանշաններն արդեն երևում են որոշ ռուսամետ ուժերի կողմից իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարություններում: Սակայն որոշ դիվանագիտական աղբյուրներ պնդում են, որ Արևմուտքը Ռուսաստանին հորդորել է չմիջամտել խաղաղ կարգավորմանը, քանի որ առավել քան երբևէ` մոտ է խաղաղությունը: Արդեն իսկ երեկ ԱՄՆ-ը ողջունել է Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան առաջընթաց ունենալ հարաբերութ յունները կարգավորելու գործընթացում:

Դեկտեմբերի 15-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, ովքեր, ամենայն հավանականությամբ, կառաջարկեն հենց այս կամ մոտավորապես այսպիսի տարբերակ` դրանով նախապատրաստելով 2014 թ. հունվարին կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Այս պարագայում այդ հանդիպումը կարող է պատմական ու ճակատագրական լինել: Իսկ ինչ վերաբերում է պատերազմում հաղթած ուժերին, ապա չի բացառվում, որ նրանք էլ ըմբռնումով կմոտենան խնդրին և կգնահատեն պատմական պահն ու Հայաստանի զարգացմանն ուղղված անհրաժեշտությունը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ