ԻՄ ԱՎԱՆԳԱՐԴԸ

Փոխգնդապետ, ավանգարդցի

ԱՅԴՊԵՍ ՉՊԵ´ՏՔ Է ԼԻՆԻ


90 տարի, որ անցավ 90 օրվա պես` լի ու պաս օրերով: Թերթն անտարբեր չմնաց ոչ մեկի հանդեպ, ու մենք էլ անտարբեր չեղանք. հոբելյաններ նշեցինք, մեծագույն դժվարությամբ միջոցներ հայթայթեցինք` նրա կենսագրությունը չընդհատելու մղումով: Մեր ժամանակներին բնորոշ «նորին մեծություն» ֆինանսական անզորությունը, սակայն, «Ավանգարդին» էլ պատուհասեց: Ու հենց` հոբելյանական այս տարում:

Շնորհակալություն հայտնելով գոնե տարեվերջին թերթը կրկին վերահրատարակելու հնարավորություն ընձեռած` ՀՀ Մշակույթի նախարարությանը ու հատկապես նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ավետում ենք` «Ավանգարդը» շարունակում է իր երթը:

Հուսանք, որ այս շարունակությունն էլ շարունակական է լինելու:

Մեր ինքնապահպանության զինանոցում անփոխարինելի ուժ էր «Ավանգարդ» թերթը: Թերթ, որ 90-ամյա ճանապարհ է անցել: Զորեղ ու անկորնչելի ուժ էր, որ սիրով ու ջերմությամբ սերունդներին էր փոխանցում մեր մտքի ու հոգու պատմությունը:

Իմ, բոլորի´ «Ավանգարդը», որ կարողացավ 5000-ամյա մեր մշակույթի խորհուրդը մարմնավորել, ազգայինի համապարփակ կերպն ու տեսակի ողջ նկարագիրը, փրկել հայոց լեզուն, վանել օտար ելևէջումները, փրկել հայկականն ու հայեցին` այլազան խեղումներից:

Հազարամյակների ճանապարհին կորսված հպարտությունն ու ցավը, ցասումն ու վրեժխնդրությունը ծնվեցին-նորոգվեցին նրա յուրաքանչյուր տողի մեջ: Եկող սերունդներին նա փոխանցեց սեփական երկրին ու ճակատագրին տեր լինելու աներեր պատրաստակամությունը: Սերունդնե´ր դաստիարակեց: Նրա դպրոցում սովորեցին ու հոգու դասեր առան հայտնի շատ գրողներ, արվեստագետներ, մտավորականներ, քաղաքական ու պետական գործիչներ: Ժողովուրդը սիրեց «Ավանգարդը»: Եվ այսօր էլ շատերը հպարտությամբ են իրենց կենսագրության էջերում տեղադրում «Աշխատել եմ «Ավանգարդ»-ում» տողը: Ինչ-որ գերբնական զորությամբ թերթը կարողացավ ձգել-հավաքել, միացնել, ամբողջացնել ու դարձնել պատմության ժառանգորդ, մշակույթի կրող, լեզվի պահապան ու պետականության պահանջատեր: Իր ժողովրդի կողքին էր միշտ:

Այն ժամանակ, երբ երկրաշարժը ցնցեց մեր հողը, ողջ անձնակազմով աղետի գոտում էինք: Հետո Հայաստանը փոթորկվեց: Պատերազմ էր ու զինվորի համազգեստ հագավ «Ավանգարդն». իր լրագրողներով էլի թեժ կետերում էր: Մարդկային կամքը մեկ անգամ չէ, որ անհնարինը դարձրել է հնարավոր: Դանդաղ, համառ, անկասելի` մենք փշրեցինք թշնամու ոսկորները: Հաղթեցինք: Տեղի ունեցավ այն, ինչ հրաշք էր թվում: Ոսոխը ջախջախված էր: Փառքը մերն էր: Մենք զինվոր էինք ու միշտ էլ պատրաստ հաղթելու…

Տարիները աստիճաններ են, տարիները չփոխեցին «Ավանգարդի» դասերը, այսօր էլ նրա աչքերը ժպտում են այնպիսի բարությամբ ու սիրով, կարծես 90 տարի շարունակ շռայլությամբ բաշխվող սիրո պաշարը ոչ թե նվազել, այլ բազմապատկվել է:

Երկար մի կյանք է ընկած 90 տարիների մեջ, որին հիմա բախտը այնքան էլ չի հովանավորում: Թերթը, ավաղ, այդ հովանավորության կարիքն ունի մեր դժվարին ու խառնակ ժամանակներում: Հիմա էլ նա աշխատում է պաշտպանել դատողությունների անկախությունը և հավատարիմ լինել կյանքի ճշմարտությունը: Նա վախ չունի, չպետք է ունենա, որովհետև շիտակությունն է ընտրել իրեն ուղեկից: Նրա ցեղը չի մարելու: Նա ողջախոհության է կոչում մարդկանց, գոնե իր դասերը, դպրոցը անցած մարդկանց, ովքեր հիմա և´ բարձր աթոռներին են, և´ սոցիալական դժվարությունները մի կերպ (բայց` արժանապատվորեն) հաղթահարողների մեջ… «Ավանգարդը» դեռ հոգնած չէ, նա ունակ է մարտնչելու: Եվ մարտնչում է:

Գիտեմ, որ շատ արժեքներ են փոխվել, սակայն անտարբեր անկախությամբ շրջել հայացքն ու լռել` մեղմ ասած, բարոյական չէ: Հոգևոր չարիք, հոգու կեղեքիչ է անտարբերությունը և նրան դիմադրելու բարոյական անհրաժեշտությունը օդի պես պետք է:

Աշխարհի բոլոր հորիզոններում քաղաքակիրթ մարդկանց համար ամենից ավելի թանկ են սեփական քաղաքակրթության բոլոր հոգևոր և նյութական արժեքները: Կենդանի ու շնչող անհատ է թերթը` արժանի զավակն իր երկրի, որի Երկրորդ հանրապետության տարեգիրն է և Երրորդ` անկախ Հայաստանի Հանրապետության ծննդի, կայացման ակունքներում կանգնած զինվորը: Իսկ երկիրը առանց հիշողության ապրել չի կարող: «Ավանգարդն» էլ հիշողության այն առողջ սյունն է, որ դրված է ներկայի ու անցյալի միջև: Իսկ թերթի գլխին կախված վտանգը վերացական ու անշոշափելի հասկացություն չէ, տեսանելի ու շոշափելի իրողություն: Այդպես չպե´տք է լինի:

Սվետլանա ԱԹՅԱՆ