Ձեռքսեղմումն էլ են քննարկում ու քննադատում


Օրերս բավական կոշտ քննադատության է ենթարկվել թերևս ամենաժողովրդավար նախագահ Բարաք Օբաման` Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ ձեռքսեղմ ման համար:

Քննարկման առարկա դարձած այդ «պատմական միջադեպը» տեղի է ունեցել Նելսոն Մանդելային վերջին հրաժեշտի արարողության ժամանակ: Ու դա ապշեցրել է նախ ներկա գտնվողներին, հետո նաև` այդ մասին լսողներին: Ամերիկացի և կուբացի առաջնորդները վերջին անգամ միմյանց ձեռք սեղմել էին 2000 թ., երբ Բիլ Քլինթոնն ու Ֆիդել Կաստրոն մասնակցում էին ՄԱԿ-ի նիստին (գրել է The Los Angeles TiΗes-ը):

Հիմա որոշ ամերիկացիներ «հոգեհանգստյան ձեռքսեղմումը» որակում են որպես ամերիկա-կուբայական հարաբերությունների ջերմացում, ոմանք էլ համոզված են, որ իրենց նախագահը պարզապես չի ցանկացել կոպիտ երևալ: Բոլոր դեպքերում` պահպանողականների կողմնակիցները դժգոհ են իրենց առաջնորդի պահվածքից: Նրանց ձեռնտու չէ այդ հարաբերությունների մեղմացումը:

«Ձվի մեջ մազ գտածի» զայրույթով` ոմանք էլ Օբամային դատափետելու այլ առիթ են գտել: Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ Օբաման «հանդգնել» է լուսանկարվել Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ: Այն էլ` ժպիտը դեմքներին: Այս «փաստը», սակայն, ունի «մեղմացուցիչ դեպք հանցանաց». աֆրիկյան ավանդույթով` հանգուցյալին հրաժեշտ տալիս լաց լինելն ընդունված չէ: Ընդհակառակը, ողջունելի են երգն ու պարը, որովհետև բնիկների համոզմամբ` ուրախ հրաժեշտը մահացյալին օգնում է լավ աշխարհ ընկնել: