Հայրատյացություն. այլ կերպ չես ասի


Ծնողների մասին ամբարտավան հայտարարությունները, սովորաբար դաստիարակության պակասին կամ դրա իսպառ բացակայությանն է վերաբերվում: Դե, իսկ ժառանգականությունն արդեն անհերքելի փաստ է: Ֆրանսիացի հռչակավոր արտիստի անզուսպ վարքագծի մասին բազմիցս է խոսվել: Իսկ նրա դստեր` արդեն 2 երեխաների մայր Ժյուլի Դեպարդյեի վերջին հայտարարությունը հոր մասին` զարմանալու ունակությունը կորցրած մարդուն անգամ կարող է ապշահար անել:

Վիրավորական ու անպատվաբեր ասելը երևի մեղմ է այս նկարագրության համար.

- Նա խուլիգան է: Ասում է մի բան, անում այլ բան: Նրանից պետք է զգուշանալ: Նրանից պետք է հեռու մնալ,- հայտարարել է կինոաստղի հարազատ զավակը:

Բայց սա դեռ բոլորը չէ: Ժյուլի Դեպարդյեն ասել է, որ նույնիսկ արտաքնապես չի կամենում հորը նմանվել: Նա խոստովանել է, որ պլաստիկ 5 վիրահատություն է կատարել, որպեսզի քիթը չնմանվի հորը: Հետո անեծքի նման հավելել է.

- Նա երկար չի ապրի: 65 տարեկանը դեռ ծերունի չէ: Բայց իմանալով, թե նա ինչպես է ապրում, կարելի է ասել, որ նրան քիչ է մնացել: Եվս 5 տարի, և նա մեզ հետ չի լինի: Ցուցակում (մեռնողների-խմբ.) նա հաջորդն է. ես դա գիտեմ,- 40-ամյա դստեր խոսքերը մեջբերել է Evening StΖndΖrd-ը):

Հայրենի երկրում արտիստը կորցրեց բարի համբավը` երբ հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից: Հիշեցնենք` որ այդ քայլին նա դիմեց, որովհետև գտնում էր, որ հարուստների համար ունեցվածքի հարկը չափազանց բարձր է: Ի նշան բողոքի էլ հրաժարվեց ֆրանսիական անձնագրից և դարձավ Ռուսաստանի քաղաքացի ու միաժամանակ բելգիական մի քաղաքի պատվավոր քաղաքացի: Ժերար Դեպարդյեն նաև այլ խնդիրներ է ունեցել հայրենիքում. հարբած վիճակում սկուտեր վարելու համար տուգանվել էր 4 հազար եվրո: (Vesti.ru):