ԻՄ ՍԻՐԵԼԻ ՍՈՖԻԿԸ


Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Կանացի քմայք չէ սա, երբ կինը չի ուզում, որ իմանան իր տարիքը: Նա չի թաքցնում իր տարիքը, չի խորշում իր տարիքից. պարզապես չի սիրում հանդիսավոր օրեր և հանդիսավոր իրավիճակներ: Սիրում է ապրել իր համեստության, իր պարփակվածության մեջ: Չի էլ ուզում երբևէ խոսել այն մասին, որ հատկապես 1980-ականներին նա համարվում էր խորհրդային կինոյի ամենաինքնատիպ դերասանուհիներից մեկը, իր մասին բարձր գնահատականներ էին հնչեցնում կինոյի նշանավոր վարպետները, համարում հայկական Սոֆիկո Ճիաուրելի, նկարները զարդարում էին հռչակավոր կինոհանդեսների շապիկները: ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը հաճախ է ասում, որ պարտք ունի Սոֆիկ Սարգսյանի հանդեպ, անպայմանորեն պիտի անդրադառնա դերասանուհու ստեղծագործական առանձնահատկություններին, պիտի գրի նրա մասին: Իսկ գրելն անհրաժեշտ է, որովհետև Սոֆիկ Սարգսյանը տարբերվում է մեր էկրանի բոլոր դերասանուհիներից, նա առանձնանում է իր զարմանալի ներքին ուժով ու պրկվածությամբ, կամային ցայտուն դրսևորումներով, վառ արտահայտված բնութագրականությամբ: Երբ փորձում ենք հասկանալ-ընկալել Սոֆիկի դերասանական ժառանգական կապը, ապա փոքր-ինչ դժվարանում ենք, որովհետև մեր կինոյում նրա տեսակը չի եղել, չի եղել նրա հարուստ արտահայտչականությունը, որը շատ հաճախ ենթաշերտային է, սքողված: Դերասանուհին ազգային տիպական բնավորության կրողը լինելով, չի սիրում իր ստեղծած կերպարներում նկատելի դարձնել սուր անկյունները, գրոտեսկը: Նա ընտրում է բնական պարզ, երբեմն անգամ աննկատ համարվող գույներ ու դրանցով է հարստացնում իր էկրանային հերոսուհիներին, որոնց թիվն օրավուր աճում-մեծանում է:

Դերասանուհու առաջին հայտնությունը էկրանին Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմում էր, ուր նա խաղում էր պատմական կերպարի` Սերիկ Դավթյանին. մի կնոջ, ով մղվեց հեղափոխական պայքարի մեջ, Խորհրդային Հայաստանի առաջին օրերին ծավալեց լուսավորչական մեծ գործունեություն, ստեղծեց քրդական այբուբենը… Էկրանին համարձակ ու ակտիվ, կամային վճիռներ կայացնող կինն էր, նոր օրերի մարդը: Չնայած կերպարի դրվագայնությանը, Սոֆիկ Սարգսյանի ստեղծած էկրանային կերպարը մնաց հանդիսատեսի հիշողության մեջ, տպավորվեց:

Հետո դերասանուհին զարմացրեց ու հիացրեց իր Նուբարով` Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմում: Արտաքուստ պասիվ թվացող այս կերպարը ողբերգականության ու ցավի արտահայտությունն է, ծրարված հույզերի կրողը: Նուբարը հայ կնոջ խորհրդանիշը դարձավ, դարձավ մեծ ողբերգության արտացոլումներից մեկը: Նուբարին շատ դերեր հաջորդեցին, սակայն Սոֆիկ Սարգսյանը միշտ մնաց որպես մեր կինոյի Նուբարը, գաղթական հայ կնոջ կերպարը… Թվում էր` դերասանուհու ընդգծված ազգային արտաքինը, խոր հուզականությունը, տպավորիչ դիմախաղը պիտի նպաստեին, որ շատ հաճախ նկարահանվեր, սակայն նրա մասնակցությամբ ֆիլմերի թիվը մոտ մեկ տասնյակ է: Շուրջ տասը տարի դերասանուհին ստեղծագործական պարապուրդի մեջ էր, նրան չէին հրավիրում, գուցեև չէին հիշում: Իհարկե, լավ վիճակում չէր նաև մեր կինեմատոգրաֆը, որը նոր դեմքեր էր փնտրում, նոր տեսակներ, բայց կարող էին դերասանուհուն առաջարկել անգամ դրվագային դերեր, որոնք նա կդարձներ լիարյուն, լիարժեք…

Սոֆիկ Սարգսյանի նոր մուտքը կինեմատոգրաֆ տեղի ունեցավ հեռուստատեսային կինոյով: Շատերը խույս են տալիս սերիալ կոչվածից, սակայն Սոֆիկ Սարգսյանը սկսեց նկարահանվել ու զարմացնել: Նա ավերեց այսպես կոչված սերիալային «տրաֆարետը», մակերեսային խաղի «տեսությունը», էկրան բերեց մեծ ու ներքնակուտակ հույզեր, զգացմունքներ, բարձր արհեստավարժություն: Գուցե հեռուստադիտողներից շատերը չգիտեն էլ, որ էկրանին հայտնվողը աննման Նուբարի դերակատարն է, բայց նրա ամեն մի դերակատարում հմայում է, հիացնում…

Սոֆիկ Սարգսյանը հիմա բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ուսանողներն ասում են, որ իրենք ոչ թե առնչվում են դերասանուհուն, դասախոսին, այլ հայ մորը, որն առանձնակի խանդաղատանքով է մոտենում ամեն մի ուսանողի, դողում ամեն մեկի համար…

Սոֆիկ Սարգսյանը չի սիրում նշել իր ծննդյան օրերը… Իսկ ես որոշեցի հիշել… Չհիշել չէի կարող, որովհետև նա մեր հարստություններից մեկն է…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ