«Ավանգարդ»-ի հյուրերն են ավագ և երիտասարդ գրողները


ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Մենք` հին աստվածածիններս...

Գրաճանաչ լինելուց ի վեր Գիրքն իմ ուսուցիչն է, իմ ամենօրյա խորհրդատուն, զրուցընկերը, կյանքի, շրջապատի, Տիեզերքի և իմ միջև բանուկ մի կամուրջ, որի բազմաթռիչք ուսերին փռված մայրուղով հավերժական երթի մեջ են Տիեզերաստեղծ պայթյունից հետո եղած, եղող ու դեռ լինելիք ամեն-ամեն ինչը... Գիրքը սիրելի է ու հարազատ այնքան, որ առանց նրա իմաստազուրկ կլինեին շատ ու շատ նվիրական բաներ: Աննպատակ կլիներ մարդ արարածին բանական համարել, եթե նա չունենար գիր ու գրականություն, քանզի բանականությունն ինքը` Գրի ու Գրքի մայրն է ու նաև նրա զավակը: Սեփական գիր ու գրականություն ունեցող ժողովուրդները առաքելությամբ են աշխարհ գալիս` Աստվածների պես: Մենք` հայերս, հին աստվածածիններ ենք ու հին աստվածների սերունդ: Վկան` ՏԻՐԸ, ում ամեն օր երկրպագում եմ, որպես ծնող հոր...

 

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գիրքն իմ երկիրն է

Առաջին անգամ, երբ ձեռքս բռնած ինձ սովորեցնում էին նկարել, ձեռքս հուզմունքից խոնավացել էր: Ես ուղիղ գիծ չէի կարողանում գծել, չէի կարողանում գույների մեջ իմ գույնը գտնել, որովհետև մի բան կար, որ խանգարում էր արվեստների մեջ. խելագարություն, որ մինչև չես խելագարվում, չես կարողանում տեսնել, զգալ... Հետո խելագարվեցի, բայց նկարիչ չդարձա, հիմա ուղղակի գրում եմ, բայց ոչ իմ համար: Հոգիս չենթարկվեց ինձ, դուրս եկավ, ձայնը գլուխը գցած նայեց աշխարհին ու լռեց, հասկացա, որ ընդմիջումը ընթացք է, որտեղ ժամանակի մեջ ինքնուրույն ես քո լռության ու քո աներևակայելի պատկերի առաջ` միայնակ: Գիտես, ես իմ առաջին աշխատավարձով ոչ ուտելու և ոչ էլ հագնելու բան չգնեցի, գրպանս առած առաջին ստեղծած գումարով գիրք գնեցի ու ես այնքան հպարտ էի ու հաճախ կրկնում եմ` ամենալավ գիրքն աշխարհում Ձեր խիղճն է. հաճախ թերթեք այն: Հաճախ եմ ներողություն խնդրում, հաճախ նաև ինքս ինձնից, հետո: Այսօր էլ առիթը բաց չեմ թողնի ու կասեմ. ների´ր ինձ մայրիկ, որ հաճախ չեմ ասում, թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում, կարոտում... Մարդիկ կան, որոնց կյանքն արդեն իսկ արժևորված է, քանի որ նրանք լույս աշխարհ են եկել, քանի որ հնարավորություն ունեն ապրելու, ամեն առավոտ արթնանալու, զգալու կյանքը, արևի ջերմությունը, հարազատներին տեսնելու, ՄՈՐԸ ԳՐԿԵԼՈՒ: Ի՞նչ կա կյանքում ավելի թանկ, քան ամեն օր հարազատ մոր աչքերին նայելը: Իսկ գիտե՞ք, որ կան մարդիկ, ովքեր դրանից էլ են զրկված, իսկ մենք ընկել ենք պատրանքների հետևից, կյանք ենք փնտրում մեզնից դուրս: Երբեմն նեղանում եմ ինձնից, այսօրվա անարդարություններից ու ուզում եմ գնալ, հեռու, որովհետև իմ երկիրն ինձ խորթ է, որովհետև իմ երկրում ես ինձ լավ չեմ զգում, բայց հետո հանդատեցնում եմ ինձ: Պատասխանում եմ ինքս ինձ. չեմ գնալու իմ երկրից, մնալու եմ...