Պինկաս Ցուկերմանը` Երևանում

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահարին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ` որպես դիրիժոր և մենակատար:

Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը` համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալա-համերգի կազմակերպման հարցը:

***

Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի` Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.` «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը: