ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ


Հայաստանում քաղաքական դաշտը ոչ միայն ծերացել, այլև հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Իշխանական կուսակցություններն այլևս ամրապինդ նստած են իրենց տեղերում և հիմնականում մտածում են իշխանությունը պահելու մասին: Իսկ ահա ընդդիմադիր կոչվող դաշտն էլ ամբողջապես կազմաքանդվել և տարրալուծվել է տարբեր խաղերի մեջ` վերջնականապես կորցնելով իր դիմագիծը: Հենց այս իրավիճակն էլ խիստ մտահոգել է Նիկոլ Փաշինյանին, ով օրերս հայտարարեց իր «Քաղաքացիական պայմանագիր» նոր ուժի ծննդի մասին: Հասկանալի է, որ այս ուժը նպատակ ունի փոխելու պատկերացումներն ընդդիմադիր գործունեության մասին և առաջադրելու նոր սկզբունքներ:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն արդեն «գրգռել» է մի շարք ուժերի, որոնք մերթ ընդդիմության, մերթ էլ իշխանության դիրքերից են հանդես գալիս: Իբրև թե գնահատելով Նիկոլ Փաշինյանին, հենց այդ ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, թե սա իշխանական նախագիծ է, և իշխանություններն էլ կամենում են «փչացնել» Նիկոլին: Այս կարծիքը հայտնողները մի նպատակ ունեն. հերթական անգամ խոչընդոտել քաղաքական նոր գործընթացների ձևավորմանը և երկրում նոր քաղաքական անհատների կայացմանը: Բնականաբար, առայժմ անհնար է «Քաղաքացիական պայմանագրի» մասին շատ բան ասել կամ էլ շատ մեծ հույսեր կապել նրա հետ, սակայն արդեն ոգևորում է Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը.

- Մեր բացառիկ պատասխանատվությունը ՀՀ Քաղաքացիների առաջ մեզ ստիպում է պրոցեսները կառուցել այնպես, որ դրանք լինեն ճշգրիտ և հանգեցնեն Քաղաքացիական հաղթանակի: Մեր առաջին սկզբունքն է` բացառել Քաղաքացու պարտությունը և որպես շարունակություն` հասնել Քաղաքացիական հաղթանակի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ