Ե´Վ ԴՅՈՒՐԻՆ Է, Ե´Վ ԴԺՎԱՐ

Կարևորը` անկարելի չէ

Դեռ հայտնի չէ` իրեն ԽՍՀՄ իրավահաջորդ հռչակած Ռուսաստանը մտադի՞ր է գալիք տարի սոցիալիստական հեղափոխության 100-ամյակը նշել, բայց ցանկալի է, որ այս դարի 17 թվականը, հիրավի, նոր սկիզբ դառնա Հայաստանի համար. սոցիալական արդարության, իշխանություն-ժողովուրդ փոխադարձ հարգանքի սկզբնավորում` հավասարության սկզբունքով և օրենքի գերակայությամբ:

Երբ մեզանում կատարվող վերափոխումները հաճախ դիտարկվում են որպես 2017-ի ընտրությունների նախապատրաստություն, ակամա հիշում եմ անցյալ դարի 17 թվականը: Այնժամ ևս ժողովրդի վիճակն այնքան էր բարդացել, որ ոմն Ուլյանով կարողացավ միայն «շղ-թաներ» ունեցողներով հեղափոխություն անել: Բայց քանի որ կեղծիքի վրա էր հիմնված այդ հեղափոխությունը, դրա արդյունքում ծնված երկիրն էլ փլուզվեց` չնայած բավական ընդլայնել էր իր տարածքները ու նույնիսկ մշակույթ, գիտություն էր զարգացել: Նաև, իհարկե, տնտեսություն:

Հիմա նոր հարյուրամյակի, նոր հազարամյակի 17 թիվն է մոտենում: Հեղափոխություն ժողովուրդը չի ակնկալում. զգուշանում է ներքին բնազդով: Բոլոր նոր եկողներն ասացին` «Մենք կախարդական փայտիկ չունենք»: Իսկ «կախարդական փայտիկն» ընդամենը քաղաքական կամքն էր և կամեցողությունը` օլիգարխների ստվերում «սառչող» ժողովրդի հանդեպ: Ցնցումնալի հեղաշրջում մարդիկ չեն ակնկալում (մեծամասամբ), սակայն բարեփոխություն, բարեշրջումներ երազում են: Երազում են, բայց արդեն չեն հավատում: Չհավատալով հանդերձ` հուսալի սկիզբ են համարում գործող վարչապետի` կադրային ներկապնակը թարմացնելու կտրուկ քայլերը: Ավելի ստույգ` հեղինակազրկված (և, իհարկե, իշխանություններին հեղինակազրկող) «անփարինելիներին» նորերով փոխարինելը: Հուսանք, որ դա սոսկ գումարելիների տեղափոխություն չէ, և «գումարն» անպայման փոխվելու է` արդարության վերականգնման տեսքով:

Ժողովուրդը լավ գիտե, որ դժվարությունների մի մասն օբյեկտիվ է, և սուբյեկտիվի գոնե մեղմացումն է պահանջում: Իսկ պաշտոնյաներն էլ հաստա´տ անտեղյակ չեն, թե ճանապարհի ո՞ր հատվածում է «թաղված շան գլուխը»: Պարզունակ գուցե թվա` գրեթե ցանկացած անցորդ կհուշի համընդհանուր դժգոհության բուն պատճառները: Դիցուք. բացեիբաց ասվում է, որ մոնոպոլիստ դարձած «խոշորները» թաքցնում են իրական եկամուտներն ու խորհրդանշական հարկեր են մուծում, իսկ փոքր ու միջին բիզնեսը («բիզնես» բառը նսեմանում է` մեր փոքրի ու միջինի եկամուտները հաշվելիս) ճկռում է` հարկերի ծանրաձողը բարձրացնելիս: Արդյունքում այդպես էլ միջին խավ չի ձևավորվում:

Կամ, անթաքույց խոսում են, որ մեծահարուստ օլիգարխները ոչ միայն իրենց խոշոր օբյեկտներում, այլ նաև իրենց առանձնատներում գազի ու հոսանքի գաղտնի գծեր ունեն. իրենք անխնա տաքանում են, լույսի հեղեղում ապրում, իսկ նրանց շռայլածի դիմաց վճարում են ձմեռը կիսացուրտ բնակարանում մեկ լամպի լույսով ապրողները: Դժվար չէ դա ճշտելը, թեկուզ ասենք, էդ «խոշորների» սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների և առանձնատների ամսական կոմունալ վճարներին ծանոթանալով: Եթե տարածվող լուրերը չար ասեկոսեներ են` կարելի է հրապարակել նրանց խոշոր վճարումների թիվը, եթե ոչ… Պարզ է, պիտի պարտադրել, որ վճարեն:

Ինքնակոչ խորհրդատուի տպավորություն չթողնենք. պարզապես այս երկրից հեռանալ չցանկացողներս ուզում ենք հպարտանալ մեր պետությամբ, հավատալ դրա ապագային և իշխանությունների մտահոգ աջը զգալ մեր ուսերին: