Տեսանելի փոփոխությունների ակնկալիքով

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից անցել է մոտ մեկ ամիս, և արդեն իսկ փոխվել է կառավարության կազմը: Կարծիք կա, որ նոր կառավարությունն այլևս պետք է, որ կարողանա ազատ ու արդյունավետ կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք, իսկապես, կնպաստեն երկրի տեսանելի զարգացմանը:

Կառավարության փոփոխությունը նոր հույսեր է արթնացնում, բայց առայժմ կարծես հասարակությունը ավելի շատ սպասում է. երևի` առաջին դրական տեղաշարժին:

Ու թեև նոր վարչապետի հանդեպ դրական է տրամադրվածությունը, ընդգծվում է, որ նա լավ կրթություն է ստացել ու նաև բարձր կազմակերպչական ունակություն ներով է հայտնի, այնուամենայնիվ, լիարժեք չէ համոզմունքը, որ այն, ինչ չստացվեց նախորդների ժամանակ, Կ. Կարապետյանի վարչապետության օրոք անպայման պետք է ստացվի: Մինչդեռ դա ոչ թե սոսկ օրվա սովորական պահանջ է, այլ` երկիրը ծանրագույն կացությունից դուրս բերելու անհրաժեշտություն. քանզի հետընթացի տեղ կարծես թե այլևս չկա, հասարակության հուսահատությունն ու հիասթափությունը հատել է ողջամտության բոլոր սահմանները:

Սա` ընդհանուր առմամբ: Եվ մենք որոշեցինք հետաքրքրվել, թե առավելապես ինչ փոփոխություններ են սպասում նոր կառավարությունից, և ո՞ր հարցերն են ավելի կարևորում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները:

ՄԱՐԻԱՄ.բարձրագույն կրթությամբ հավաքարար աշխատող, երկու երեխաների մայր .

- Չեմ կարծում, որ նրան կհաջողվի կտրուկ փոփոխություններ իրականացնել մարդկանց կյանքը բարեփոխելու համար: Մարդիկ արդեն 20 տարի է` մի կերպ են ապրում, իսկ իշխանավորներն օր-օրի հարստանում են ու հարստանում:

Եվ բնական է, որ նրանց չի հետաքրքրում, թե ինչ հոգսեր ունեն մարդիկ: Տղաս ավարտել է Սննդի ադյունաբերության քոլեջը, աշխատանք չի կարողանում գտնել: Աղջիկս համալսարանի մագիստրատուրայում է սովորում և զուգահեռ ցանկանում է աշխատել, բայց աշխատանք չի կարողանում գտնել: Ամուսինս չի աշխատում: Ես իմ ստացած գումարներով ինչպե՞ս կարող եմ հոգալ մեր ընտանիքի հոգսերը: Մարդկանց օգնությամբ մի կերպ ապրում ենք, ինչ ասեմ: Շատ կցանկանայի, որ այսօրվա իշխանությունները մտածեին մեր երիտասարդների մասին, որպեսզի նրանք կարողանան Հայաստանում աշխատանք գտնել, հակառակ դեպքում, բոլորն էլ կգնան այդ երկրից: Տղաս մի քանի ամսով Ռուսաստան էր մեկնել` ամառային սեզոնին այնտեղ աշխատելու համար: Եթե նորից նման հնարավորություն լինի, նորից կգնա և կտեղավորվի Ռուսաստանում: Ինչո՞ւ չպետք է մեր երկրում աշխատանք գտնեն երիտասարդները և անընդհատ մտածեն երկրից փախչելու մասին: Այսպես երկիրը կշարունակվի դատարկվել: Ես շատ կցանկանայի, որ մեր նորանշանակ վարչապետը մտածեր երիտասարդ կադրերին Հայաստանում պահելու և նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Առանց աշխատանքի հնարավոր չէ ապրել, իսկ երկրից գնալն էլ ելք չի: Սա է իմ միակ ցանկությունը մեր իշխանություններից:

Արփինե ՍԱՀԱԿՅԱՆ. մանկավարժ(անունը փոխված է, քանի որ հետագա խնդիրներից խուսափելու համար չցանկացավ իր անունը հրապարակել).

- Ինձ տանջում է այն միտքը, թե չնչին կոպեկներ ստացող և իր աշխատատեղի համար ամեն օր դողացող ուսուցիչն ինչպե՞ս կարող է ազատ մտածող, վաղվա լիարժեք քաղաքացի դաստիարակել: Ամեն ինչ սկսվում է դպրոցից, և տեսնելով, թե ուսուցիչն ինչքան անկարող է` պայքարելու շատ հարցերի դեմ և այդ անկարողությունից` ստիպված հարմարվում է եղած նվաստացուցիչ պայմաններին` երեխաներն իրենք էլ են կերպարանափոխվում: Դա չի կարող չազդել երեխայի հոգեկերտվածքի վրա և նման պայմաններում 21-րդ դարի ազատ մտածող քաղաքացի դաստիարակել` պարզապես անհնարին է: Նայելով այսօրվա աշակերտին, ես տեսնում եմ մեր վաղվա օրը: Իհարկե, ունենք նաև փայլուն աշակերտներ, բայց, ընդհանուր առմամբ, այն թախիծը, որը կա ուսուցիչներից շատերի մոտ, հենց վաղվա մտահոգությունից է առաջանում, որը նաև ազդում է մատաղ սերնդի վրա: Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության հանդեպ ունեցած ակնկալիքներիս, ապա իմ ցանկությունն է, որ առաջին հերթին ուշադրություն դարձնեն մեր կրթական համակարգին, քանի որ սովորաբար կրթված մարդիկ են հասարակության շարժիչ ուժը: Դպրոցներում ոչ թե պետք է գերազանցիկներ պատրաստենք, այլ ազատ մտածող, պետականության հանդեպ բարձր գիտակցություն ունեցող մարդիկ: Լավ կլինի, որ ներկայիս իշխանությունները մտածեն սրա մասին, հակառակ դեպքում այս ամենն այնքան ժամանակ հնարավոր չի լինի շտկել, քանի դեռ չեն վերացել անարդարությունները մեր բոլորիս կյանքում:

Էլմիրա ԹՈՎՄԱՍՅԱՆ, ազգագրագետ.

- Ես հույս ունեմ, որ մեր նոր իշխանություններին ու հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի որոշ բաներ փոխել մեր կյանքում: Իհարկե, հույս չունեմ, որ ամեն ինչ 100 տոկոսով լավ կլինի, սակայն մեծ են սպասումներս նոր կառավարությունից: Մարդիկ ուզում են ավելի բարեկեցիկ ապրել, ուզում ենք, որ անարդարությունը վերանա: Իմ կարծիքով, սակայն, կարճ ժամանակում նրան դժվար թե հաջողվի շատ բան փոխել: Այնուամենայնիվ, արդեն մի քանի տարի է` իշխանություններն ասում են լավ է լինելու, խոստումներ են տալիս մարդկանց, բայց մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում: Ես հավատում եմ, որ իսկապես լավ է լինելու, քանի որ հնարավոր չէ անվերջ խոստանալ ու ոչինչ չանել: Ես ամենաշատը մեր երիտասարդների մասին եմ մտածում: Այն փորձությունների միջով, որ մենք անցանք, նրանք կրկնակի անգամ չեն անցնի և ավելի շուտ կնախընտրեն հեռանալ երկրից: Այդ պատճառով ամեն օր սպասում եմ, որ մեր երկիրը դեպի լավը գնա, որ մեր երեխաներն էլ կարողանան արժանապատիվ ապրել ու չմտածեն մեր երկիրը լքելու մասին:

Կարինե ՄԻՆԱՍՅԱՆ. թոշակառու, նախկին հաշվապահ.

 - Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում կայանա իրական ժողովրդավարությունը: Պետք է բոլորը հավասար լինեն օրենքի առջև, և չպետք է արհեստականորեն արտոնյալների խմբեր ձևավորվեն: Հենց նման չարիքը` «զարգանալով» բերեց հետագա խնդիրներին, ստվերային հարաբերություն ներին, որի պակաս, եթե չեմ սխալվում, մեր երկրում չկա: Ի դեպ, ասեմ որ բոլոր հետամնաց երկրներում սա կա, բայց դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ մի երկրում` Հայաստանում, ուր ամեն երկրորդ քաղաքացին բարձրագույն կրթություն է ստացել, ինչպե՞ս կարող են հաշտվել հետամնաց երկրների շարքում դասվելու մտքի հետ: Սա պարզապես աբսուրդ է: Առավել զավեշտալի է, երբ իշխանության ղեկը ստանձնում են թերի կրթություն ստացածները: Ինչո՞ւ պետք է ինքներս մեր կամքով այնքան իջնեինք, որ դառնայինք թերուսույցների գերին: Գիտեք, երկիրը ղեկավարելը խաղ ու պար չէ, բայց երբ երկիրը ղեկավարողները չեն սիրում իրենց հայրենիքը և հայրենիքին վերաբերվում են որպես տարածքի, դա անտանելի է: Հենց այստեղից են բխում մնացած ածանցյալ խնդիրները: 20-25 տարի առաջ դժվար էր պատկերացնելը, որ ողջ Խորհրդային միության մասշտաբով նման մտքի գիգանտներ տված ազգը կարող էր դառնալ ինչ-որ մի «արտոնյալ» խմբի ձեռքի խաղալիքը: Մեր երկիրն այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի նորմալ ղեկավարելը, բոլորն էլ բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Պարզապես հարկավոր է մի քիչ արժանապատվություն ունենալ, այլ ոչ թե մարդկանց խաբելով կեղեքել երկրի ունեցվածքը: Նոր կառավարությունից ես առանձնապես սպասելիք չունեմ, քանի որ նրանք թեև կրթված մարդիկ են, բայց չեմ կարծում, որ բավարար կամք ու հաստատակամություն կունենան թալանչիներին մերկացնելու և երկիրը այս իրավիճակից փրկելու համար: Իմ կարծիքով ներկայիս ղեկավարությունն էլ վաղը, մյուս օրը կասի` կներեք, շատ էինք ուզում լավ բան անել, բայց` չստացվեց: Առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ այս կառավարությունից: Այլ հարց է, որ աչքովս տեսնեմ ու իմ մաշկի վրա զգամ փոփոխություններ ասվածը, այդ դեպքում այլ կերպ կսկսեմ մտածել, բայց հիմա միայն գորշություն է, որի վերջը ես չեմ տեսնում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ