Օլանդը կարող է հրաժարվել


Ֆրանսիական TF1 հեռուստաալիքով կիրակնօրյա իր հարցազրույցում Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ վստահ չէ, թե ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ի դեպ, վերջինիս այցը Փարիզ նախատեսված է հոկտեմբերի 19-ին:

Պուտինի և Օլանդի հանդիպումն անցյալ շաբաթավերջին կարևորել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը` նշելով, որ նախագահները քննարկելու են ոչ միայն ռուս-ֆրանսիական հարաբերությունները, այլ նաև` սիրիական ու ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը:

TF1-ի հարցազրույցում, սակայն, Օլանդը կոշտ քննադատել է Սիրիային հասցված օդային հարվածները, իսկ Պուտինի հետ սպասվելիք հանդիպման առնչությամբ` հայտարարել, թե դեռ չի որոշել` հանդիպե՞լ, թե` ոչ.

- Ես ինքս ինձ եմ տալիս այդ հարցը: Դա օգտակար կլինի՞: Արդյո՞ք անհրաժեշտ է դա:

- Մենք կարո՞ղ ենք էլի ինչ-որ բան անել, որը նրան կստիպի դադարեցնել այն, ինչը նա անում է սիրիական վարչախմբի հետ համատեղ: Մասնավորապես` Հալեպի ու դրա բնակչության ռմբահարումները` իր ռազմաօդային ուժերով,- հավելել է Օլանդը:

- Եթե ես նրան ընդունեմ` կասեմ, որ դա անընդունելի է:

- ...Հալեպի բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների զոհ,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:- Նրանք, ովքեր կատարում են այդ հանցագոր ծությունը, պատասխանատվության են ենթարկվելու. այդ թվում և Միջազգային քրեական դատարանում:

Այս հայտարարությունից հետո Պուտինը կմեղմի՞ հարվածները Սիրիայում և կձգտի չտապալել փարիզյան հանդիպումը: Իսկ գուցե ավելի թեժացնի պատերազմը և հրաժարվի Ֆրանսիա մեկնել` ապացուցելու համար, որ Եվրոպան ևս վախենում է իրենից: