Անդատարան մահապատիժ


Կտրուկ է շատ, գուցեև ոչ այնքան մարդասիրական, բայց Ֆիլիպինների նախագահը լավագույնս պատկերացնում է, թե որքան ավելի հակամարդկային է թմրանյութեր վաճառելը: Հատուկ ծառայություններին երկրի առաջնորդը արտոնել է սպանել թմրամոլներին և թմրավաճառներին:

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են ոստիկանության զինված հատուկ ջոկատներ. 10 ջոկատ` յուրաքանչյուրում 16 մարդ: Վերջիններիս գործունեության նպատակն է արատավոր այդ երևույթը տարածողներին և դրանով զբաղվողներին ոչնչացնելը:

Ֆիլիպինների ոստիկանության ծառայողներից մեկը պատմել է, որ այդ սպանությունները կատարվում են գիշերը: «Մահվան հեծելավաշտերի» անդամները` սև հագուստով հանդերձավորված և դիմակավորված, թմրամոլներին ու թմրավաճառներին ինչ-որ պատրվակով դուրս են բերում տներից, սպանում են, ապա նրանց դիակները դուրս են բերում քաղաքից ու թողնում պառկած` «առնող-ծախող» կամ «նարկոբարոն» ցուցանակով:

Նախագահ Ռոդրիգո Դուգերտեն հուլիս ամսից լայնածավալ պայքար է սկսել` թմրամոլությունը կանխելու ուղղությամբ: Եվ առանց դատարանի ու առանց հետաքննության ոչնչացնելու ծրագրի շրջանակներում` արդեն սպանվել է ավելի քան 2000 մարդ: Ընտրվելուց անմիջապես հետո, երդմնակալության ժամանակ նա բացահայտորեն հայտարարել է, որ Ֆիլիպինի յուրաքանչյուր քաղաքացու կների, եթե վերջինս թմրամոլ կամ թմրավաճառ սպանի:

Դուգերտեի այս «հանդգնությունը», բնականաբար չէր կարող քննարկումների թեմա չդառնալ: ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է նրա այս քայլը: Ի պատասխան` նախագահն անհաճո արտահայտություններով ասել է, թե չի պատրաստվում հրաժարվել այդ մեթոդից:

Օրեր առաջ էլ նա Բարաք Օբամային է «գրողի ծոցն ուղարկել», երբ ԱՄՆ-ի նախագահը խոսել է առանց դատարանի մահապատիժների անբարո լինելու մասին (տեղեկացրել է uznΖyvse.ru-ն):