ՎԵՐՀՈՒՇԻ ՄԻ ՊԱՏԱՌԻԿ

«Արտադրված է Երևանում»

Խորհրդային անցյալի կարոտախտ չկար, բայց հաճելի վերհուշ կար, անցյալ ժամանակով հնչող հպարտության խոսքեր` արդյունաբերական Երևանի մասին: Մայրաքաղաքիս տոնն այս տարի, թերևս, ամենահիշելիներից մեկը կլինի` Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի մասնակիցների համար:

Մինչ փողոցներում շիկանում էր տոնական մթնոլորտը, Քաղաքապետարանի մի անկյունում խնամքով շարված ցուցանմուշների շուրջ խմբվում էին մարդիկ. ոմանք` վերհիշելու վարդագույն գեղեցկուհու արտադրական հևքը, ոմանք` ծանոթանալու իրենց հայրերի ու պապերի արարումին: Հավաքվածների մեջ անվրեպ կարելի էր ճանաչել նրանց, ովքեր ժամանակին իրենց ներդրումն են ունեցել արտադրության զարգացման գործում: Թախծոտ հպարտություն կար նրանց հայացքներում: Թախիծը` «մեկնած» երիտասարդության և աշխատելու հնարավորությունից զրկված լինելու համար էր (զրկված` ոչ միայն տարիքի բերումով, այլ նաև` վերջին 20-25 տարիներին աշխատանք չգտնելու առումով): Իսկ հպարտությունը վերհուշի վերադարձն էր` լուսումութին գործի կանչող շչակների շառաչով, հաստոցների համաչափ աղմուկով, օրվա, շաբաթվա, ամսվա պլանային առաջադրանքները կատարելու ջանքերով, խրախուսանքների ակնկալիքով...…

Ասում ենք` աղավաղվել է երևանցու դիմագիծը, աղճատվել է կերպարը: Իսկ ուրիշ որտե՞ղ կարող է ամբողջանալ այդ կերպարը և հստակ դառնալ դիմագիծը, եթե ոչ` աշխատանքային կոլեկտիվներում: Մե´ծ կոլեկտիվներում, որոնք ընտանիքի նման էին: Այդօր Երևանի 2798-րդ տարեդարձին և թանգարանի 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրությունը վայելողները ևս մեկ անգամ հասկացան, թե ինչն է պակասում իրենց, մայրաքաղաքին ու մեր պետությանը: Հասկացան ևս մեկ անգամ, թե որն է այն «Հազարան բլբուլը», որի բացակայությամբ անշուք են թվում ամենաշքեղ պարտեզն ու տունը. ԱՇԽԱՏԱ´ՆՔ:

Անհերքելի իրողություն է` խորհրդային ժամանակները նաև տնտեսական վերելքի ընթացք էին: 3-րդ հազարամյակի շառավիղ մտած Երևանը ոչ միայն սննդի ու թեթև արդյունաբերության, նաև հանքային, ծանր ու քիմիական արդյունաբերության կենտրոն էր դարձել, որի համբավը տարածված էր ոչ միայն Սովետմիության հանրապետութ յուններում, այլև արտասահմանյան պետություններում: «Արտադրված է Երևանում» մակնշումով կոնյակը, գինին, ծխախոտը, գործերը պահանջարկ էին վայելում և արտահանվում էին տարբեր երկրներ:

Հընթացս` հեռահար մի ավանդույթ էր ձևավորվել. ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին մայրաքաղաքի պատմության թանգարանին: Ու հենց դրանցով էլ հարստանում էր հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված էր հոբելյանական ցուցադրությունում: Սննդամթերքը պահպանելն, իհարկե, անկարելի էր, սակայն դրանց պիտակներն ու լուսանկարներն էլ բավական էին` պատկերացումներն ամբողջացնելու և հիշողությունը թարմացնելու համար: Իսկ, ահա գինու կոմբինատի և կոնյակի գործարանի, ծխախոտի կոմբինատի արտադրատեսակները դեռ շարունակելու են հարուստ ավանդույթներով լի մեր պատմության մեկ հատվածի իրեղեն վկաները մնալ: Կոշիկի «Մասիս», «Նաիրի» արտադրական միավորումների հատկացրած ոտնամանների, Ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, «Գարուն» կարի ա/մ, Հախճապակու, Հուշանվերների փորձարարական գործարանների, Գեղարվես տական կոմբինատի և «Հայգորգ» ա/մ արտադրանքի շուրջ 560 նմուշները (այդ թվում նաև` ազգային երաժշտական գործիքներ) նույնպես բեկորներն էին այն հևքի, որով սնվում էր հայ աշխատավորի արարման բերկրանքը:

Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ լավ գիտե թանգարանային դարձած յուրաքանչյուր նմուշի արժեքը.

- Պատմությունը ջնջել հնարավոր չէ, և Հայաստանի 2-րդ հանրապետության տարիներին մեր քաղաքի տնտեսությունը մեծ հաջողությունների էր հասել և´ ծանր, և´ թեթև, և´ սննդի արդյունաբերության բնագավառներում: Այն ժամանակ բոլոր արտադրատեսակներն ունեին պետականորեն հաստատված չափորոշիչներ` «Գոսստանդարտ»: Եվ պատահականորեն չի ընտրված մեր ցուցահանդեսի խորագիրը` «Գոստ. Արտադրված է Երևանում»:

Հետխորհրդային ժամանակահատվածում պահպանվո՞ւմ է, արդյոք, թանգարանին արտադրանմուշներ ի պահ տալու բարի ավանդույթը:

- Խորհրդային տարիներին բոլոր ձեռնարկությունները պետական էին, և թանգարանի հետ պայմանագրեր էին կնքում, բայց այսօր մասնավոր ձեռնարկություններ են, որոնց մի մասի հետ նույնպես ունենք պայմանավորվածություններ: Հիմա թանգարանն ինքն է այդ նմուշները ձեռք բերում: Օրինակ, «Արարատ» կոնյակի գործարանը պատրաստակամորեն նվիրում է իր նոր արտադրատեսակների առաջին նմուշները:

Մայրաքաղաքին վերաբերող ամեն անցուդարձ հոգեհարազատ է հին երևանցի Յուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Ու այս տոնը բացառություն լինել չէր կարող: 1974 թվականից գործող «Հայէլեկտրո» գործարանին կից արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ոգին է նա ու անխոնջ ղեկավարը: Ցուցադրության ամեն նմուշ դիտում է` ինչպես իր զավակի ձեռքի գործ:

- Այս արտադրանքները Հայաստանի, մեր ժողովրդի պարծանքն էին,- ասում է նա և հիշում.

- Տեսնել էր պետք, թե ինչ ոգևորություն էր, երբ Մոսկվայում բացվեց Հայաստանում արտադրվող կոշիկի հատուկ խանութ, ուր «Մասիս» միավորման արտադրանքն էր իրացվում. ի˜նչ հերթեր էին, ինչպիսի˜ պահանջարկ: Չեմ մոռանում նաև մի միջադեպ. Գերմանիա մեկնած բարեկամս ինձ համար շապիկ էր նվեր բերել` որակյալ, գեղեցիկ: Ուրախությունս բազմապատկվեց, երբ ներսի պիտակի վրա կարդացի, որ Լենինականի արտադրանքն է: Այսինքն, նաև եվրոպական երկրներ էր արտահանվում հայկականը:

Այսօր նա նույնպես ոչ թե կարոտախտ, այլ ափսոսանք է ապրում.

- Ափսոսում, տխրում եմ, որ հիմա արտադրողից վերածվել ենք սպառողի և ուրիշ երկրներից ենք ներկրում, այլ ոչ թե սեփականն ենք արտահանում: Եթե «Հայէլեկտ րո»-ի օրինակով խոսենք, ապա միայն դրա արտադրանքը 86 երկիր էինք արտահանում. հիմա նույն տեսականին գնում ենք ուրիշ պետություններից: 14 հազար մարդ էր աշխատում մեր գործարանում… Հիմա էլ մեծ ներուժ ունենք. ցանկալի է, որ մերն ունենանք և այդ դեպքում միայն ամուր կկանգնենք մեր հողի վրա: Արդյունաբերությունը պետականության ամրացման, զարգացման նախապայմանն է:

Կարոտախառն ափսոսանքն էր թևածում ցուցասրահում` չստվերելով տոնական տրամադրությունը:

Տոնը, սակայն, մնում է տոն, իսկ անցյալով հմայվելը բնավ չի խանգարում` ներկան վերագնահատելու, տիրոջ բարի հայացքով ապրվող օրվան նայելու: Առավել ևս` Հայաստանի 3-րդ և Անկախ Հանրապետության ա´յս օրը կերտողի հոգեբանությունը պետք է լինի առաջնորդողը: Եվ այն փաստը, որ նորակերտ պետությունը խնամքով պահպանել ու հիմա ներկայացնում է իր ոչ այնքան վաղ անցյալի արտադրական նվաճումները, պետք է մղի մտահոգվելու, որ տասնամյակներ (գուցե` ավելի) անց դարձյալ վերհուշը թև առնի գալիք դարում ապրող սերունդների հոգում: Զի անցյալից եկող դրական արձագանքը նոր լիցք է դառնում և գոտևորում` գալիքին ավելի հաստատուն նայելու: