Խաչատրյանի ջազային գրավչությունը


Հոկտեմբերի 6-ից երաժշտական հանդիսությունների ջահակիրը դարձավ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը: «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում ցուցադրված «Ազատություն» խորագրով մրցույթ-փառատոնի լավագույն լուսանկարչական աշխատանքներն իրենց մունջ արտահայտչականությամբ գրավեցին մեկնարկային խենթավուն նախագծի իրական արժանավորությամբ հետաքրքրվածներին:

Առանց հավելյալ պարզաբանումների շեշտադրեցին մեծածավալ երաժշտահանդեսի կարևորությունը` ի նշանավորումն ՀՀ անկախության 25-ամյակի նախաձեռնված բազմաթիվ միջոցառումների համանվագում: Սերգեյ Սմբատյանի, Վահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի մտահղացած «Խաչատրյանը և ջազը» խորագրով նախագիծը կյանքի էր կոչվում Հայաստանի երիտասարդական ու ջազ նվագախմբերի նորահայտ համադաշնությամբ և ժանրային արտասովոր միահյուսմամբ ազդարարում է փառատոնամուտը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը կատարում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները: Դիրիժորական վահանակի մոտ իրար փոխարինում են Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Հյուսնունցը:

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի մենակատարությամբ ակնկալվող գրավչությամբ են մատուցվում Խաչատրյանի հանրածանոթ երաժշտակտավների ջազային մշակումները: Լեփլեցուն համերգասրահը հընթացս ավելի ու ավելի ջերմությամբ է ողջունում Արամ Խաչատրյանի նախաստեղծ ոգով տարաչափ ներթափանցված նորաոճ մեկնաբանությունները:

- Ես վստահ եմ, որ մենք վերահաստատելու ենք ա´յս կատարելությունը,- անկեղծորեն պոռթկում է Վահագն Հայրապետյանը` իր իսկ մշակմամբ Խորհրդային Հայաստանի օրհներգը միաձույլ նվագախմբերի հետ լիարժեք փոխըմռնմամբ հնչեցնելուց հետո:

Երեկոյի նորահայտնությունն է դառնում Արամ Խաչատրյանի թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար Դևիդ Դե Բուր Քենֆիլդի գրած կոնցերտի առաջին կատարումը (մենակատար` Հայրապետ Առաքելյան, Հայաստան/Գերմանիա):

- Խաչատրյանի երաժշտական աշխարհին լավատեղյակ եմ ուսանողական տարիներից, գործնականում քանիցս հավաստիացել եմ, որ յուրովի ուշագրավ է այն ներկայանում ջազային մշակումներով,- խոստովանում է ամերիկացի կոմպոզիտորը:- Բազմիցս կատարել եմ հատկապես ինձ հոգեհարազատացած նրա ջութակի կոնցերտը, որն էլ ոգեշնչել է խաչատրյանական թեմաներով այս կոնցերտիս ծնունդը:

Մինչև դեկտեմբերի 10-ը ծրագրված 20 բազմերանգ համերգային երեկոների գունեղացմանն իրենց կատարողական արվեստով էապես նպաստելու են արտերկրի և Հայաստանի մի շարք ճանաչված երաժիշտներ: Հյուրեկներ Ջուլիան Միլկիսին (կլարնետ, Կանադա), Ջոնաթան Ռուզեմանին (թավջութակ, Ֆինլանդիա/Նիդեռլանդներ), Եվգենի Ստարոդուբցևին (դաշնամուր, Ռուսաստան), Զոհրաբ Թադևոսյանին (ջութակ, Հայաստան/Իսպանիա) և Լիլիթ Գրիգորյանին (դաշնամուր, Գերմանիա) զուգահեռ իրենց կատարողական հմտություններով խաչատրյանական փառատոնի նվագացանկի բարձրարվեստ հնչողությունն ապահովելու են Արամ Թալալյանը (թավջութակ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Խաչատրյանի անվան եռյակը, Կոմիտասի անվան ազգային քառյակը:

- Մենք ունենք նվիրյալ երաժիշտներ, որոնք նույնպես շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեն,-հպարտությամբ բարձրաձայնում է մաեստրո Սմբատյանը:_ Սիմֆոնիկ, կամերային համերգների, բալետային ներկայացումների հանդիսասրահների օտարազգի ունկնդիրները, կարծում եմ, կրկին կտպավորվեն Հայաստանում ապրող, գործող տաղանդավոր արտիստների ու կոլեկտիվների արվեստով և կխորացնեն իրենց պատկերացումները մեր արդի կատարողական երաժշտարվեստի մասին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ