102-ամյա տիկնոջ վաղեմի երազանքը


Փաստորեն ոչ մի տարիքում երազանքները չեն լքում մարդուն: Ծերության հետ թերևս նորերը չեն ծնվում, բայց չիրականացած ինչ-որ երազանք իրագործելը կարող է դառնալ սևեռուն նպատակ:

Դժվար է ասել, թե այդպիսի քանի փափագ է ունեցել ամերիկուհի Իդի Սիմեն` Սենթ-Լուիս քաղաքից, բայց այս մեկը հաջողել է իրականացնել 102 տարեկան հասակում. այն էլ` ոստիկանների բարեհոգության շնորհիվ:

Ծերերի տանն ապրող Իդին խոստովանել է, թե միշտ երազել է, որ իրեն, որպես հանցագործի, ձեռնաշղթաներով բերման ենթարկեն ոստիկանության բաժանմունք: Բարեգործական կենտրոնի աշխատակիցներից մեկը (այդ բարեգործականի համար Իդին ձեռագործ իրեր ու զարդեր է պատրաստում) որոշել է անակնկալ մատուցել նրան` հենց ծննդյան օրը: Եվ ոստիկաններին խնդրել է իրագործել թոշակառու տատիկի երազանքը: Իրավապահները մեծագույն ուրախությամբ են արձագանքել, ու նշված օրը լուսային ազդանշանները գործի գցած ոստիկանական մեքենայով եկել են ծերանոց ու Իդիին «բերման ենթարկել»:

Կինն այնտեղ բավականությամբ զրուցել է աշխատակիցների հետ, նրանց իր ձեռքով պատրաստած զարդերից նվիրել: Անկեղծորեն խոստովանել է նաև, որ այդ անակնկալն իր կյանքում ստացած լավագույն նվերներից մեկն էր (գրել է NewZone-ը):

Երբեմն անչափ փոքրիկ մի քայլ է պետք` մարդուն երջանկացնելու համար. միայն թե ոչ բոլորն են ունակ դա անել` չգիտակցելով, որ ուրիշին երջանկացնելը շատ ավելի մեծ վայելք է…