ԱՐՓԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՁՈՒԿ ՉԿԱ


 

Բնապահպաններն ահազանգում են, որ Արփա լճի ձկնային պաշարներն արդեն սպառվել են, լիճը զրկվել է իր հազվագյուտ ձկնատեսակներից: Ըստ մեր ունեցած տեղեկություն ների, այստեղ արգելված է եղել ցանցերով ձկնորսությունը, մինչդեռ վերջին մեկ-երկու տարում Բնապահպանության նախարարության կողմից ինչ-որ անհասկանալի արտոնագրեր են տրամադրվել, որոնց տերերն էլ անխնա կերպով ոչնչացրել են լճի ձկնապաշարը:

Գտնվելով «Արփա լիճ» ազգային պարկի տարածքում, այս լիճը հանցավոր անտարբերության է մատնվել ինչպես Բնապահպանության նախարարության, այնպես էլ Շիրակի մարզի համապատասխան կառույցների կողմից: Ուսումնասիրությունների միջոցով պարզեցինք, որ այստեղ որևէ միջոցառում չի իրականացվել ձկնապաշարի պահպանման և վերարտադրման ուղղությամբ: Նախարարությունը հայտարարություններ է անում, թե տարեկան մի քանի միլիոն մանրաձուկ է բաց թողնում Սևանա լիճ, ինչը գերատեսչական բլեֆ է: Արփա լճի գոյության մասին մոռացել են նաև Շիրակի մարզպետարանի բնապահպանության վարչությունում, ուստի ոմանք զարմացան, երբ հարցրեցինք, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:

Մինչդեռ տեղյակ ենք և գիտենք, որ «Արփա լիճ. ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար Գերմանիայի Դաշնության տեխնիկական աջակցության կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամը հատկացրել են 800 հազար եվրո: 800 000 եվրոյին համաժեք գումար էլ տրամադրել է Գերմանիայի կառավարության KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացման ծրագիրը»: