ՇԻՐԱԿՑԻՆԵՐԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ
Մինչ մենք խոսում ենք ոստիկանության հանդեպ վստահության ձևավորման մասին, պարզվում է, որ խոսակցությունները վերածվում են իրական ու հաստատուն դիրքորոշումնե րի: Այսպես, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար և նույն բաժնի պետի տեղակալ Սայաթ Գարեգինյանը: Այս առթիվ շիրակցիները ոգևորվել են, պատրաստվել շնորհակալական նամակ հղել ոստիկանության պետին: Ոգևորության պատճառն այն է, որ ոստիկանապետն անհանդուրժելի է համարել Շիրակի մարզի ՔԲ պետի տեղակալի պահվածքը, նրա միջամտությունը կենցաղային մի շարք խնդիրների, որոնք ավարտվել են դանակահարությամբ: Իսկ դանակահարողն էլ Սայաթ Գարեգինյանի եղբոր` Գյումրու մաշկավեներական հիվանդությունների կենտրոնի տնօրեն Սամվել Գարեգինյանի որդին է` ԵԲՀ ուսանող Դավիթ Գարեգինյանը: Վերջինս իրենց շենքի բակում դանակահարել էր 34-ամյա Արտակ Մուրադյանին այն բանի համար, որ Մուրադյանները կամեցել էին շենքի բակում ժամանակավոր ավտոտնակ տեղադրել` ունենալով քաղաքապետարանի թույլտվությունը: Պարզվել էր, որ բժիշկ Գարեգինյանի սրտով չէր եղել, որ իրենից զատ` մեկ ուրիշն էլ ինչ-որ իրավունքներ էր ստացել, և բակում միայն ի´նքը չէր կարող «տիրակալ» համարվել: Ծնողների «վիրավորվածությունը» փարատելու համար ուսանող Դավիթը եկել էր Երևանից, դանակահարել հարևանին ու փախուստի դիմել: Իսկ ահա քննիչ հորեղբայրն էլ, օրինականությունը պահպանելու փոխարեն, դանակահարությունից օրեր առաջ զանգահարել էր Արտակ Մուրադյանին, սպառնացել, ահաբեկել, որպեսզի չսկսի ավտոտնակի տեղադրման աշխատանքները...
Իհարկե, սա միայն «երևացող կողմն» է, իսկ իրականում` շատ ավելի լուրջ պատճառներ է ունեցել ոստիկանապետը. ..