Հիտլերի ծնողներն` անտապանաքար


 

Ավստրիական Լեոնդինգ քաղաքի գերեզմանատանը հանգչող Ալոիս և Կլարա Հիտլերների գերեզմաններից հանվել է տապանաքարը: Չէ, ֆաշիզմի հակառակորդների վրեժխնդրությունը չէ դա: Քաղաքային իշխանություններն են ստիպված այդ քայլին դիմել, որովհետև ֆյուրերի ծնողների գերեզմանաքարը նեոնացիստների և աջ ծայրահեղականների ուխտատեղի էր դարձել: Իսկ նման որոշում կայացվել է Հիտլեր ընտանիքի ժառանգների կողմից:

Մինչ այդ` տապանաքարը վերացնելու պահանջ էին ներկայացնում իրավապաշտպան և հակաֆաշիստական կազմակերպությունները: Նրանց վրդովեցնում էր, երբ Հիտլերի երկրպագուները հավաքվում են նրա հարազատների գերեզմանատեղիում և նացիստական կոչեր են հնչեցնում, ծաղիկներ ու Երրորդ ռեյխի խորհրդանշաններ թողնում այնտեղ:

Լեոնդինգ քաղաքի պաստորը (բողոքական քահանա) հավաստիացրել է, որ Ալոիս և Կլարա Հիտլերների աճյունները շիրիմներից չեն հանվել:

Ազգակցական ամուսնության պտուղը

Ադոլֆ Հիտլերի ծնողները երբևէ որևէ առնչություն չեն ունեցել նացիստական գաղափարախոսության հետ: Նրանք երկուսն էլ վախճանվել են` մինչ իրենց որդին կդառնար Ֆաշիստական Գերմանիայի բռնապետ: Հայրը` Ալոիսը, երիտասարդ տարիներին հաջողություններ է ունեցել` ծառայելով մաքսային գերատեսչությունում: Կինը` Կլարան, Ալոիսի ազգականուհին էր, և եկեղեցին մեծագույն դժվարությամբ է թույլատրել նրանց ամուսնությունը:

Ալոիսը մահացել է 1903, Կլարան` 1907 թ., հուղարկավորվել են Լեոնդինգի Սբ. Միխայիլ տաճարի գերեզմանատանը:

Իշխանության գալով` Ադոլֆը պարբերաբար այցելել է ծնողների շիրիմին: Ավստրիայի իշխանությունները հիմա հետևողականորեն վերացնում են այն ամենը, ինչը կապված է գլխավոր նացիստ հանցագործի անվանը: 2011 թ. ֆյուրերը հետմահու զրկվել է իր ծննդավայր Բրաունաու-նա-Իննե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: