Իսլամիստների նշանառության տակ


 

Արքայազն Գարրին, ով Լաս-Վեգասում աղմկահարույց մերկագիշերից հետո նորից Աֆղանստան է մեկնել` զինծառայության, հայտնվել է «Թալիբան» շարժման գրոհայինների ուշադրության կենտրոնում: Դրանում մեղքի բաժին ունեն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են ռազմական այն հենակետի ճշգրիտ տվյալները, ուր ծառայում է բրիտանական թագաժառանգը: Իսկ ծայրահեղականներին այդ տեղեկատվությունը չէր կարող անտարբեր թողնել (տեղեկացրել է USA TodΖy-ը):

Գարրիի` ռազմաբազա հասնելու հենց հաջորդ օրը իսլամիստական «Թալիբան» կազմակերպությունից հայտարարել են, որ բրիտանական թագավորական տան ներկայացու ցիչն իրենց թիվ 1 թիրախն է:

- Աֆղանստան ժամանած արքայազն Գարրին այսուհետ դարձել է մեր գլխավոր նպատակակետերից մեկը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ձերբակալենք նրան կամ սպանենք` եթե նա չհանձնվի առանց գրոհի,- լրագրողներին ասել է թալիբանցի Զաբիուլա Մուչահիդը:

Վերջինիս կարծիքով` Գարրին Աֆղանստան է վերադարձել` իր «մերկ սկանդալից» հետո վարկանիշը բարվոքելու:

Սպասվում է, որ արքայազնն Աֆղանստանում կմնա 4 ամիս: Այդ ընթացքում նա հրաձգությունից և ինքնաշեն պայթուցիկ սարքերը վնասազերծելու, առաջին օգնություն ցուցաբերելու ուսումնական դասընթացներ է անցնելու: Եվ, իհարկե, շարունակելու է կատարելագործել մարտական «Ապաչ» ուղղաթիռ վարելու իր հմտությունները:

Նրան ոչնչացնելու ծրագիր թալիբներն ունեցել են դեռևս փետրվար ամսից, թեև արքայադուստր Դիանայի որդու դեմ այն ժամանակ որևէ հարձակում չի կատարվել: