«Ով քնած է` արթուն կացեք...»


 

Մեղրիի վարչական շրջանում գտնվող Լեհվազ գյուղի բնակիչ Ա.-ն արդեն երկար տարիներ ընտանիքի ապրուստը հոգում է գյուղում ունեցած առևտրի կրպակն աշխատեցնելով: Շուրջօրյա աշխատանքը հոգնեցուցիչ է: Հատկապես` գիշերային ժամերին, երբ քունը դառնում է անդիմադրելի ցանկություն: Պատահում է, որ մի քանի րոպեով «աչքը կպնում է»: Վերջերս սակայն այդ «չարաբաստիկ» րոպեներից մեկը շատ թանկ նստեց խեղճ մարդու վրա և բանուգործը թողած` քայլերն ուղղեց ոստիկանություն:

Ըստ կրպակատիրոջ հայտարարության` գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, համագյուղացի Դավիթը անցնելով իր կրպակի կողքով և տեսնելով, որ ինքը քնով է անցել, գաղտագողի մտել է ներս և իր գրպանից գողանալով 250.000 դրամ ու 30 ԱՄՆ դոլար` իբր աննկատ ճողոպրել է:

- Այդ խելոքին թվացել է, թե իրեն չեմ նկատի, իսկ ինքն էլ հանգիստ կմարսի անօրեն ճանապարհով ձեռք գցած փողերը: Բայց աչքս բացեցի թե չէ` պատուհանից անմիջապես տեսա նրան` լեղապատառ փախչելիս...

Բայց ոստիկանների ձեռքից ու՞ր պիտի փախչի լեհվազցի Դավիթը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: