Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ.

«ԻՄ ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐԸ ԱՅՆՔԱ˜Ն ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ»


 

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը դարձավ 70 տարեկան: Սա նշանավոր դերասանի համար կանգառ է` հետ նայելու, անցած ճանապարհը գնահատելու և առաջ գնալու համար:

Դուք միշտ զարմացնում եք Ձեր ընդգծված արտիստականությամբ, հագնվելու յուրատիպ ոճով, երիտասարդական եռանդով: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միշտ լինել այսպիսին:

- Ես առանձին ջանք ու եռանդ չեմ ներդնում հասարակության մեջ տարբերվելու, իմ մասնագիտությունն ընդգծելու համար: Սա իմ ոճն է, ինչպես ասում են` իմ տեսակը: Դեռ դպրոցական տարիներից սիրում էի նորաձև հագնվել, լինել միշտ կոկիկ: Դա նաև բնավորություն է: Ինչպիսին կյանքում ես, այդպիսին էլ` արվեստում: Միշտ ժամանակի հետ լինելու ձգտումը ինձ համար ստեղծագործական պահանջ է նաև:

Ժամանակի հետ լինելու հանգամանքը միշտ էլ Ձեզ առանձնացրել է շատ արվեստակիցներից: Առանձնացել եք նաև Ձեր արտակարգ ինտելեկտով, գիտելիքների հարուստ պաշարով:

- Ընթերցանությունը միշտ ինձ համար կարևոր է եղել: Գիտեմ, որ աշխարհում այնքան գաղտնիքներ կան, այնքան լավ ստեղծագործություններ կան, որոնք դեռ չեմ կարդացել: Ուզում եմ իմանալ, տեղյակ լինել: Արվեստագետը պիտի քաջատեղյակ լինի աշխարհի անցուդարձին, պիտի կարողանա ընկալել ու հասկանալ արվեստում տեղի ունեցող փոփոխությունները: Երբ կանգ ես առնում մի տեղում, երբ բավարարվում ես արդեն ունեցած գիտելիքներով` հետ ես մնում կյանքից:

- Դուք առաջին հերթին կատակերգակ դերասան եք. մարդ, ով ուրախություն է պարգևում հանդիսատեսին, պարտադրում մոռանալ հոգսերն ու լիաթոք ծիծաղել: Հե՞շտ են տրվում Ձեզ կատակերգական դերերը:

- Ցավոք, ինձ միշտ ընկալում են որպես կատակերգակի, մինչդեռ ես մեծ հակում ունեմ և դեպի դրամատիկական դերերը: Բայց լինել կատակերգակ` չափազանց դժվար է, որովհետև ամենադժվար բանը մարդկանց ծիծաղ պարգևելն է: Չեմ սիրում էժանագին միջոցներով ու հնարքներով ծիծաղ կորզելը: Մեծ լրջության և մեծ կենտրոնացումի մեջ է ծիծաղի արվեստը: Իմ հրաշալի ընկերները` Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կիմ Երիցյանը սովորական կատակերգակներ չէին, նրանք չափազանց լուրջ մարդիկ էին, գուցեև` տխուր: Դեր պատրաստելիս ես երբեք չեմ մտածում, որ սա կատակերգական է, սա` դրամատիկական: Ես բեմ ու էկրան եմ բերում մարդկային բնավորություններ և ճակատագրեր: Եթե ծիծաղելի է իմ հերոսի վարքագիծը, ծիծաղելի է նրա փիլիսոփայությունը, ուրեմն` հանդիսատեսը կծիծաղի: Երբեմն ոմանք գլուխ են կոտրում հասկանալու, թե ինչու էր Չեխովն իր ստեղծագոր ծությունները կատակերգություններ համարում, երբ հանդիպում ենք ճշմարիտ ողբերգական կերպարների: Չեխովը հեգնում է իր հերոսներին, ժպտում, ծիծաղելի համարում նրանց ասպետականությունը, փիլիսոփայությունը:

Չե՞ք կարծում, որ այսօր չափազանց շատ են էժանագին որակները: Իսկական կատակերգությունն իր տեղը զիջել է անմիտ զվարճաբանությանը:

- Միշտ զգուշությամբ եմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվում է մեր թատրոնում և հեռուստաէկրանին: Զգուշությամբ եմ խոսում, որովհետև ցանկանում եմ հասկանալ, թե ինչու են ոմանք այսօր բալագանայինը շփոթում բարձր արվեստի հետ: Իհարկե, մարդիկ ուզում են զվարճանալ, գոնե արվեստի միջոցով հեռանալ սոցիալական խնդիրներից: Բայց աններելի է, երբ ամեն մի հիմարաբանություն մատուցվում է որպես արվեստ: Երևի ժամանակն է, որպեսզի մենք լրջորեն քննարկենք մեր կատակերգության խնդիրները, մտածենք այն մասին, որ ձևավորվի բարձր գրականություն, ինչն էլ կօգնի ստեղծելու կատակերգական ուշագրավ ներկայացումներ և հեռուստատեսային շարքեր: Մեր թատերգության մեջ կատակերգությունը կարծես հեռացել է:

Վերջին տարիներին Դուք թատրոնում չեք. ինքներդ եք ձևավորում թատերախումբ և պատրաստում ներկայացումներ: Սա արվեստագետի բողո՞քն է, թե՞ ձգտումը դեպի ազատությունը:

- Ե´վ մեկը, և´ մյուսը: Թատրոնում իմ երջանիկ օրերն այնքա˜ն շատ են եղել, շատ են եղել հաջողությունները: Բայց եկավ մի պահ, երբ ինչ-որ խզում առաջացավ իմ և թատրոնի միջև: Խոսքը կոնկրետ թատրոնի մասին է: Ես ունեի բազմաթիվ հրավերներ կինոյից, ինձ նկարահանում էին տարբեր կինոստուդիաներ, ուստի պիտի հեռանայի թատրոնից… Իսկ հետո արդեն հասկացա, որ իմ թատրոնը, ուր ստեղծագործել եմ մոտ 40 տարի, որդեգրել է այլ սկզբունքներ, իսկ այդ սկզբունքների և իմ ըմբռնումների մեջ տարբերություններ կան: Հակասություններ` երբեք: Ես ունեմ նաև ռեժիսորական կրթություն, միշտ կամեցել եմ իմ խոսքն ասել ռեժիսուրայում, ուստի ներկայացավ լավ առիթ` բեմադրություններ անելու, փնտրելու արտահայտման այն ձևերը, որոնց մասին ես միշտ մտածել եմ: Կա նաև ազատության խնդիրը: Ժամանակակից արվեստում պիտի արվեստագետն ազատ լինի, հեռու լինի տարբեր կաշկանդումներից: Ես իմ ազատությունն ունեմ…

Այս տարի, երբ դարձաք 70 տարեկան, որոշեցիք զբաղվել նաև մանկավարժական գործունեությամբ: Արդյոք ուշ չէ՞ մտնել մի ասպարեզ, որը տարիների կուտակումներ է պահանջում:

- Երբ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն առաջարկեց արվեստանոց ղեկավարել` սկսեցի մտածել: Իհարկե, մանկավարժական հմտություններ են հարկավոր, սակայն երբ ունես ասելիք, երբ անցել ես արվեստում մեծ ճանապարհ, հեշտ է դառնում դասավանդելը: Տարիներ շարունակ ես մտածել եմ դերասանական արվեստում նոր մոտեցումների հաստատման մասին, ինքս իմ համակարգն եմ մշակել, որն ինձ օգնում է միշտ լինել «ֆորմայի» մեջ: Հենց այս ամենն էլ ցանկանում եմ փոխանցել այսօրվա սերնդին: Հետաքրքիր ուսանողներ են հավաքվել իմ արվեստանոցում, գիտեմ, որ սովորելու մեծ ձգտումներ ունեն: Հույս ունեմ, որ համատեղ հագեցած աշխատանք է բոլորիս սպասվում:

Պարոն Քոթանջյան, այս օրերին բազմաթիվ շնորհավորանքներ եք ստանում: Ընդունեք նաև «Ավանգարդ» թերթի և նրա ընթերցողների շնորհավորանքները: Ուզում ենք, որ ստեղծագործական երիտասարդությունը երբեք չհեռանա Ձեզանից:

- Ուրախ եմ, որ հարցազրույց եմ տալիս «Ավանգարդ» թերթին և նրանից շնորհավորանքներ ստանում: Լավ թերթ է «Ավանգարդը» և սիրելի: Երբ ասացիք, որ հենց այս թերթն է ուզում հարցազրույց, ուրախացա, որովհետև «Ավանգարդի» հին համարները թերթելիս` ես տեսնում եմ նաև ինձ, իմ երիտասարդ տարիները: Նաև ուրախ եմ, որ «Ավանգարդը» երբեք չի հեռանում արվեստի մարդկանցից: Տարիներ առաջ խմբագրությունն ավանդական օր ուներ, հրավիրում էր արվեստի մարդկանց և ընթերցողների, հետաքրքիր զրույցներ էին ծավալվում: Հաճելի կլինի, եթե վերականգնվեն այդ ավանդույթները: Իսկ շնորհավորանքի համար անչափ ուրախ եմ…