Ճարպիկ խաղամոլները


 

Կարծում եք, թե խաղատուն գնացող բոլորը հա՞շտ են պարտվելու հեռանկարի հետ և գնում են սոսկ գումարավատնումի հաճո՞ւյքը վայելելու: Չէ´, կան նաև շահելու վճռականությամբ մարդիկ, ովքեր հույսը չեն դնում երջանիկ պատահականության վրա: Հաշվարկում են ու հաղթում: Ահավասիկ ամենաթարմ օրինակը (թեկուզև` գուցե եզակի):

Ամերիկյան Ատլանտիկ Սիթիում գտնվող The Golden Nugget խաղատունը դատական պատասխանատվության է կանչել 14 այցելուների, ովքեր խաղում 1,5 միլիոն դոլար են շահել: Նրանք հասցրել են հաշվարկել խաղաթղթերի չխառնված տրցակների դասավորությունը և իրենց խաղում օգտագործել են 8 այդպիսի տրցակներ (տեղեկացրել է ABC News-ը): Ուշիմ խաղացողները մտապահել են այդ խաղաթղթերի հերթականությունը` խաղագումարը 10 դոլարից բարձրացնելով 5000 դոլար և 41 անգամ անընդմեջ հաղթել: Օրվա վերջին 14 հաջողակներից 9-ը կանխիկացրել են իրենց շահած 558.900 դոլարը: Մնացյալ գումարը` $ 977-800-ը մնացել է խաղանիշերի տեսքով, որովհետև խաղատան կարգադրիչներին կասկածելի է թվացել այդ հաղթարշավը: Հաջորդ օրը միայն բացահայտվել է խարդախությունը:

Անկեղծ ասած` դա այնքան էլ խարդախություն չէ, և խաղատան տնօրինությունը դատական հայցում բավական ճկուն ձևակերպում է նշել. երկու կողմերի հաջողության հավանականությունը պետք է հավասարաչափ լինի: Ավելին, նրանք հավակնում են, որ երջանիկ հաղթողները պետք է վերադարձնեն և´ կանխիկացված գումարը, և´ կանխիկացման ենթակա խաղանիշերը (ֆիշկա): Բայց փաստաբան Բենջամին Դեշն էլ հիմնավորում է, որ պաշտպանյալները խաղից առաջ իրար չեն ճանաչել և «խաղին մասնակցել են օրինական հիմքով»: Շահողներից 3-ը հակընդդեմ հայց են ներկայացրել` պնդելով, որ իրենց դեմ ճնշումներ են գործադրվում` ասիական ծագման պատճառով. նրանք բոլորն էթնիկ չինացիներ են, որոնցից մեկը` Հուա Շին, շահելու գիշերը հարձակման է ենթարկվել հյուրանոցային իր համարում: