Քադաֆիի երկու շառավիղները


 

Երբեմնի անպարտելի առաջնորդ Մուամարի բազմամարդ ընտանիքի անդամներից շատերը մեռած են, ոմանք էլ ապաստան են գտել Ալժիրում: Իսկ երկու որդիները կալանված են: Ու եթե նրանց ավագը` 40-ամյա Սեյիֆ ալ-Իսլամը սպասում է իր դատավարությանը, ապա 38-ամյա Սաադին ապարդյուն փորձում է հեռանալ Նիգերից:

Արհեստավարժ Սաադին ապաստանել է մուսուլմանական երկրում, ուր նա ավելի հռչակավոր է, քան տեղական ղեկավարները (հավաստիացրել է ΗΖthΖbΖ.net-ը):

- Երբ Սաադին շրջում է քաղաքում կամ դրա մերձակայքում, նրան ուղեկցում են` ինչպես պետության առաջնորդին,- նշել է աղբյուրը:

Կրտսեր Քադաֆիի փաստաբան Նիկ Կաուֆմանը, սակայն, փորձում է իր պաշտպանյալի համար Նիգերից հեռանալու թույլտվություն ձեռք բերել: Նա հավատացնում է, որ Սաադիի կյանքին վտանգ է սպառնում:

Սեյիֆն էլ Զինտան քաղաքի բանտում է. մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ և չի բացառվում, որ մահապատժի ենթարկվի:

Բանտված ու մահվան սպառնալիքի առջև կանգնած Սեյիֆին, սակայն, կանայք շարունակում են սիրել: Ղրիմում ապրող մի կին մի քանի տարի հանդիպել է Սեյիֆի հետ: Նրանց սիրավեպն ավարտվել է մինչև լիբիական հայտնի դեպքերը, սակայն կինը շարունակում է սիրել ու սպասել նրան: Վերջին շրջանում Սեյիֆի հանդեպ իր մեծ սիրո մասին բարձրաձայնել է մեկ այլ կին` իսրայելցի արտիստուհի և մոդել Օռլի Վայներմանը: Նա արդար դատ է պահանջում Մուամարի որդու համար և պնդում է, որ դատավարությունը Լիբիայում չլինի:

- Նա խաղաղ է, հանգիստ, բարեկիրթ. իսկական ջենթլմեն է: Հումորի գերազանց զգացողություն ունի, և մենք միշտ ծիծաղում էինք իրար հետ,- հարցազրույցներից մեկում ասել է Օռլին: