Երևան, 1990 մայիս, «Զվարթնոց» օդանավակայան


Օդանավակայանում սովորական ժխոր է, ներքին ռադիոյով թռիչքների հետաձգման մասին հայտարարություններ են լսվում: Դրսում անձրև է գալիս: Օդանավակայանի թռիչքների սրահի մի անկյունում` հեռու մարդկային հրմշտոցից, երիտասարդ զույգ է կանգնած: Տղան անձրևից թրջված զինվորական համազգեստով է, անխնամ մորուքով, խոշոր սև աչքերը տրտմությամբ են լեցուն: Գլուխը խոնարհած` նա մռայլ ծխում է, դիմացը կանգնած է արտակարգ գեղեցիկ մի աղջիկ: Շեկ, գանգուր մազերը ջրվեժի նման ուսերին էին թափվել, խոշոր մոխրագույն աչքերը արցունքներով լի էին: Աղերսալից հայացքը ուղղելով տղային` նա կերկերուն ձայնով հարցրեց. - Գագի°կ, ես քեզ շատ եմ սիրում, առանց քեզ չեմ կարող, փոխիր, հա՞, որոշումդ... արի միասին մեկնենք, աղաչում եմ… - Մաքո°, գիտես, որ ես էլ քեզ եմ սիրում, կյանքիցս առավել եմ սիրում, ու էլի եմ կրկնում, մնա°… - Գագի°կ, դու ինձանից լավ գիտես` ո°չ դու, ո°չ էլ ես այստեղ ապագա չունենք… - Մաքո°, ճիշտ չես, ես… - Գագի°կ, աղաչում եմ, մենք այստեղ երջանիկ չենք լինի, դու այստեղ ամեն ինչ կորցրիր, մեզ մոտ խաղաղ է, դու ամեն ինչ կարող ես սկսել նորից, մի՞թե խաղաղ կյանքը… - Մաքո°, քանի՞ անգամ կրկնեմ` չէ… խնդրում եմ մի կանգնիր իմ և իմ պարտքի միջև, հասկացիր, եթե ինձ սիրում ես, պիտի սիրես էն ամենը, ինչ ես եմ սիրում, կանգնիր կողքիս, կիսիր ինձ հետ ամեն ինչ… - Գագի°կ…, Գագի°կ, հասկացիր վերջապես, ես չեմ ուզում դեկաբրիստի կին դառնալ... Գագիկը հառաչեց ու դառնացած ասաց. - Մենք էլի կրկնվում ենք, այս խոսակցություններն արդեն անիմաստ են դառնում… Աղջիկը հեծկլտաց. - Մի՞թե չես հասկանում, որ եթե ես միայնակ վերադառնամ Կիև, սա կլինի մեր վերջին հանդիպումը, դու դա՞ ես ուզում: Չէ՞ որ ասում ես, թե սիրում ես ինձ, ուրեմն ապացուցիր, մի՞թե ամեն ինչ սուտ էր, հասկացիր, ես չեմ կարող առանց քեզ ապրել, ես... մի՞թե արցունքներս քեզ համար ոչինչ չարժեն…,-երկու ձեռքով ամուր բռնելով նրա ձեռքից և ձեռքը սեղմելով կրծքին, արտասվալից աչքերը նրան հառելով` ավելացրեց,-Գագի°կ, ես պաղատում եմ քեզ… Տղային ասես ապտակեցին, կտրուկ շարժումով նա ձեռքն ազատեց ու հայացքով շամփրեց աղջկան: Աչքերում չար առկայծումներ հայտնվեցին, ձայնը դարձավ մետաղական, չարացած քմծիծաղ տալով ասաց. - Ուրեմն քեզ ապացույցնե՞ր են պետք, և այն էլ էն ամենից հետո, ինչ եղել է մեր մեջ: Դու այսքան տարում այդպես էլ ինձ չճանաչեցի՞ր, մի՞թե կարծում ես, թե այնքան պարզամիտ եմ, որ կարողանաս խաբել աշխարհի չափ հին, էժանագին այնպիսի հնարքով, ինչպիսին կանացի արցունքներն են, դու դեռ ավելացրու, թե ինքնասպան կլինես կամ էլ հղի ես…գնա, Մաքո, բարի ճանապարհ: Աղջիկը կծկվեց: Շրթունքները կիպ սեղմելով, աշխատելով զսպել դավաճան արցունքները` խուլ ձայնով արտաբերեց. - Մնաս բարով… եղիր երջանիկ,- հետո կտրուկ շրջվեց ու հեծկլտալով հեռացավ: Տղան հայացքով նրան ուղեկցեց ու դառնացած արտաբերեց. - Գնաս բարով, Մաքո°, անասուն եմ, իսկական ապուշ, երջանկությունս ձեռքիցս բաց թողեցի… Հետո շրջվեց ու գլխիկոր հեռացավ: