Հա՞ որ...


Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ինքնատիպ երևալու մարմաջը հանգիստ չի տալիս մեր շատ ու շատ կուսակցությունների: «Շրջադարձ» անունով քաղմիավորը, որի մասին միայն կազմավորման պահին հիշատակվեց ու շատ արագ մոռացվեց, որոշել է մոռացության փոշին մաքրող անմեղսունակ շրջադարձ անել: Այս կուսակցության առայժմ միակ հայտնի անդամը, ով նաև «Շրջադարձի» ղեկավարն է, նամակով դիմել է Հանրապետության նախագահին` առաջարկելով ՀՀ¬ն վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Առաջարկն այս ընդամենը մեկ տողից չէ բաղկացած, ու Սիմոն Ղոնախչյանն անհարթ հայերենով ձևակերպված ևս մի քանի նախադասությամբ փորձել է իբր հիմնավորել, թե որքան բարերար կլինի այս նախաձեռնությունը մեր երկրի համար: Փաստորեն, մեր բոլոր ձախողումների բանալին «Շրջադարձը» գտա՞վ: Ստացվում է, որ հենց մեր երկրի անունը փոխենք` հաջողություններն այնքան արագ են իրար հաջորդելու, որ ժողովուրդը չի հասցնելու «մարսել», իսկ լրատվամիջոցները տեղ ու ժամանակ չեն ունենալու` բոլոր «մանանաները» ներկայացնել: Իսկ միամիտներս չգիտեինք, թե որտեղից կարող է սկսվել այդքան ցանկալի ու այդչափ սպասված շրջադարձը: Ո˜ւր էր, թե այս կուսակցությունն ավելի շուտ ստեղծված լիներ. հիմա ահագին հաջողությունների հասած կլինեինք: Սիմոնը ոնց որ թե ոսկե ձկնիկ է բռնել: Մնում է ցանկություններ թվարկել