ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼ` ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ


Սոչիում կայացած հանդիպման հենց սկզբում գրեթե շշուկով արտաբերելով Ղարաբաղյան հակամարտություն արտահայտությունը` Ալիևը շեշտեց` հայ-ադրբեջանական կոնֆլիկտ: Եվ զարմանալին այն էր, որ համանախագահող երկրներից մեկի նախագահը չուղղեց նրան` դիվանագիտական սխալ թույլ տալու համար: Ղարաբաղի հարցը դիտարկվում է որպես այդ տարածքի տիրոջ` արցախցիների ինքնորոշման խնդիր, դիվանագիտական որևէ փաստաթղթում չի նշվում` հայ-ադրբեջանական հակամարտութ յուն: Այս արտահայտությունը միայն օգտագործում է Ադրբեջանը` այսպես խույս տալով խնդրի բուն էությունից և շփոթեցնելով համաշխարհային հանրությանը: Սոչիում նույնպես դիմելով այդ արտահայտությանը և Մեդվեդևի կողմից դիտողության չարժանանալով դիվանագիտական անճիշտ բնութագրում կիրառելու համար` Ալիևն, ըստ էության հաստատեց, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար, քանզի ամեն ինչ հենվել է դիվանագիտական «սխալի» և Ռուսաստանի կողմնակալության վրա... Ինչպես արդեն հաղորդել են բազմաթիվ լրատվամիջոցներ, տեղի է ունեցել Մեդվեդև-Ալիև նոր հանդիպումը, այս անգամ` Սոչիում: Թեև հանդիպման արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում, այնուհանդերձ հետաքրքիր են այդ դրդապատճառները, որոնք էլ առիթ տվեցին այս հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ակտիվության նոր փուլ է սկսվում: «Մոսկովսկիե նովոստին» այս առիթով գրել է, որ եթե Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ առաջիկա բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա հաջորդ քայլը, հավանաբար, կլինի եռակողմ ձևաչափով նոր հանդիպումը` ըստ էության, ձախողված կազանյան հանդիպումից հետո: Ըստ «Մոսկովսկիե նովոստի»¬ի` կազանյան հանդիպման հետ կապված մեծ ակնկալիքներն ու դրան հետևած տապալման պատճառն այն է, որ հայ և ռուս դիվանագետները գերագնահատել են քաղաքական փոխզիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն: Եվ հենց այդ է պատճառը, որ Մեդվեդևը ստիպված եղավ օպերատիվ կերպով ուղղել իր ենթակաների սխալները` Սարգսյանին ու Ալիևին ուղարկելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականի մասին պատմող նամակ: Ռուսաստանյան պարբերականի տվյալներով, նամակում Մեդվեդևը տրամաբանական է համարել կազանյան հանդիպմանը ադրբեջանական կողմի որոշ դիտարկումներ (Ադրբեջանը ներկայացրել էր մոտ մեկ տասնյակ փաստարկ): Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովն ասել է, թե ադրբեջանական կողմը համաձայնել է Մեդվեդևի նամակում արտացոլված բոլոր դրույթների հետ: - Իսկ թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը` հայտնի չէ,- ասել է Վլասովը` հավելելով, թե ադրբեջանական կողմի համաձայնությունն է պատճառը, որ Ռուսաստանի նախագահը որոշել է նախ հանդիպել Ալիևին և հետո միայն` Սարգսյանին: Վլասովի կարծիքով, եթե կողմերի միջև բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա կարելի է սպասել, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին տեղի ունենա Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը, որի ժամանակ էլ կստորագրվի կարգավորման Հիմնարար սկզբունքների ճշգրտված և փոփոխված փաստաթուղթը: Սոչիում կայացած հանդիպումից հետո, չմանրամասնելով ոչինչ, Մեդվեդևն ու Ալիևը հայտարարեցին, որ կայացել է փոխըմբռնումը, որ նախագահները «հասկացել են միմյանց»: Սա օրինաչափ կարող է համարվել այդ նախագահների դիրքերից, բայց ոչ երբեք` Հայաստանի ու նրա Նախագահի: Մեզ հայտնի է, որ Մեդվեդևի առաջարկներն ամբողջապես ադրբեջանամետ են, ինչն էլ դուր էր եկել Ալիևին և մերժվել Սարգսյանի կողմից: Արդյո՞ք Հայաստանի նախագահը Սոչիում տեղի ունեցած Ալիևի հետ հանդիպումից հետո կհամաձայնի քննարկումների սեղանի շուրջ նստել Մեդվեդևի հետ: Այս հարցն այսօր շատերին է հետաքրքրում, այդ թվում նաև այն ռուս քաղաքագետներին, ովքեր ղարաբաղյան կարգավորման հարցում չեն պաշտպանում Մեդվեդևի, ասել է թե` Կրեմլի դիրքորոշումները և այն միտքն են հայտնում, որ Ղարաբաղի հարցն ըստ էության լուծված է, հարկավոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի այս երկրի անկախությունը: Արդեն իսկ այն փաստը, որ խոսվում է Բաքվին արված զիջումների մասին` երբեք չի կարող նպաստել, որպեսզի Սարգսյանը համաձայնի Ռուսաստանի նախագահի առաջարկություններին: Ուրեմն, Մեդվեդևի այն լավատեսութ յունը, թե շուտով կարելի կլինի ստորագրել համաձայնագիր Հիմնարար սկզբունքների մասին` ընդամենը մշուշոտ տեսլական է, որով ապրում է միայն ՌԴ նախագահը: Ու նաև` Ադրբեջանի սուլթանը: Իսկ Հայաստանն ու Արցախն այլ դիրքորոշում ունեն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ