ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Մեր տարածաշրջանում օրավուր մեծանում են անհանգստությունները: Հատկապես լարվածությունը չի թուլանում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, որը գրեթե զատված է Արևմուտքից և վարում է ինքնուրույն քաղաքականություն` երբեմն հակադրության մեջ մտնելով նաև արևելյան երկրների հետ, որոնցից հատկապես Իսրայելի հետ ունի թշնամական հարաբերություներ, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները տակավին իրենց մեջ խորհրդավորություն և զգուշություն են պարունակում: Սակայն Իրանի համար ամենամեծ անհանգստությունները ծնվում են Միացյալ Նահանգներում, որը շատ վաղուց արդեն ծրագրում է պատերազմ սկսել Իրանի դեմ` այսպես պատժելու համար իսլամական արմատականության հայրենիք համարվող երկրին: Ելնելով Նահանգների մտադրություններից և օրըստօրե իրական դարձող պատերազմա կան վտանգներից` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել եվրոպական երկրներին` չընկնել Միացյալ Նահանգների ազդեցության տակ և չգործել ընդդեմ Իրանի: -ԿԱՐԾՈՒՄ եմ` Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է ազդի Իրան-Եվրոպա հարաբերությունների վրա,¬- «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ահմադինեժադը,- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպացի ժողովրդին մեծ վնաս հասցվեց, որի համար նրանք թանկ վճարեցին, իսկ ամերիկացիները օգուտ քաղեցին այդ պատերազմից: Մենք Եվրոպայի հարևանն ենք և ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ նրա հետ: Մենք կարող ենք կայուն տնտեսական և քաղաքական կապեր հաստատել: Իրանի նախագահի այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նա Եվրոպային կոչ է անում Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմի բռնկման դեպքում չեզոք դիրք գրավել, չաջակցել այն երկրին, որին Իրանը չարիքի կենտրոն է համարում: Որքան էլ Ահմադինեժադը նման կոչ անի, այնուհանդերձ ակնհայտ է, որ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ անպայմանորեն կկանգնեն ԱՄՆ-ի կողքին: Եվ ոչ միայն հանուն ռազմավարական գործընկերության: Եվրոպական շատ երկրներ անընդունելի են համարում իսլամական պետության գոյության գաղափարը, այդ երկիրը համարում են ոչ ժողովրդավարական, հետևաբար, ելնելով ժողովրդավարության եվրոպական չափանիշներից և արժեհամակարգերից` նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հակահարված տրվի Իրանին: Բայց միայն սա չէ պատճառը. Եվրոպան վերջին տարիներին միշտ էլ զգուշացել է Իրանից, նրանից ակնկալել պատերազմ: Եվ հենց պատերազմի հեռանկարն էլ կստիպի նրան` միանալ Միացյալ Նահանգներին: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան գրեթե միշտ միացել են Իրանի դեմ ընդունված տնտեսական և քաղաքական պատժամիջոցներին: Այդ երկրների լրատվամիջոցները հասարակությանը համոզում են, թե Իրանը ահաբեկչական երկիր է, միջուկային զենք է պատրաստում և վտանգ է ներկայացնում ամբողջ մարդկության համար: Եվ եթե պատերազմ լինի, եվրոպացիները դեմ չեն լինի, որ իրենց երկրներն էլ մասնակցություն ունենան: Խոսելով միջուկային զենքի մասին, կարող ենք նկատել` պաշտոնական Թեհրանը չի հերքում, որ Իրանում միջուկային ծրագիր է իրականացվում, սակայն վստահեցնում է, թե ուրանի հարստացումը զուտ երկրի բնակչության էներգետիկ պահանջարկը բավարարելուն է ուղղված: Եվ կարծես թե իր խոստովանության մեջ Իրանն անկեղծ է: Մինչ օրս ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն վեց հակաիրանական բանաձևեր է ընդունել, որոնցից չորսը տնտեսական ու քաղաքական սահմանափակումներ են ներառում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Չբավարարվելով արդեն իսկ գործողության մեջ մտած սանկցիանե րով` ամերիկյան իշխանություններն իրենց դիվանագետների միջոցով քննարկումներ են անցկացնում եվրոպական մի շարք երկրների հետ` նոր պատժամիջոցների կիրառման հարցում: Միջուկային ծրագրի շուրջ Արևմուտք-Իրան բանակցությունների վերջին փուլը տեղի ունեցավ այս տարվա սկզբին, որից հետո թեև կողմերը բազմիցս հայտարարեցին, որ պատրաստակամ են շարունակել երկխոսությունը, այնուհանդերձ, պաշտոնական հանդիպումներ դեռ տեղի չեն ունեցել: Փոխարենը` պարբերաբար հայտարարություններ են հնչում երկու կողմերից: Արդյո՞ք Իրանը պատրաստ է բարեկամական ձեռք մեկնել Միացյալ Նահանգներին: Այս կարևոր և օրախնդիր հարցին ԻԻՀ նախագահն այսպիսի պատասխան է տվել. - Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է բարեկամական հարաբերություններ ունենալ միջազգային մակարդակում: Բայց ամերիկացիներն ու նրանց ղեկավարությունը շփոթության մեջ են, չգիտեն ինչ անել: Նրանք պարզ քաղաքականություն չեն վարում, ամերիկացիներն են խզել իրենց հարաբերությունները մեզ հետ: Իրանի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ ամերիկացիներին թվացել է, որ եթե իրենք խզեն հարաբերությունները Իրանի հետ, այդ երկիրը կկործանվի: - Այդ օրվանից անցել է երեսունմեկ տարի, իսկ մենք դեռ գոյություն ունենք: Իրանի ժողովուրդը առաջ է շարժվում: Մենք կարծում ենք, որ ամերիկյան կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը,¬ հայտարարել է Մահմուդ Ահմադինեժադը: ԱՄՆ-ը, այնուամենայնիվ շարունակում է առաջնային համարել Իրանի դեմ պատերազմի հարցը: Ու եթե անգամ հիմա հապաղում է, ապա դա պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, որը սպառնում է ավերիչ հարված հասցնել գերտերությանն ու կործանել նրա տնտեսական բազմաթիվ ծրագրեր: Սակայն քանի դեռ ԱՄՆ-ի քաղաքական օրակարգից չի հանվել պատերազմի հարցը` մեր տարածաշրջանը չի կարող հանգստավետության հույսեր փայփայել: Հատկապես Հայաստանի համար կարևոր է դառնում Իրանի դեմ սանձազերծվող պատերազմի հարցը, քանի որ այսօր տարածաշրջանում Իրանն է հանդիսանում մեզ համար կարևոր կենսուղին և ապահովում կապն արտաքին աշխարհի հետ: Ավելին, ցանկացած պատերազմական գործողությունների դեպքում հենց Հայաստանը կկրի ամենամեծ վնասները, որովհետև կփակվեն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները: Եթե ԱՄՆ-ը կօգտագործի Ադրբեջանի տարածքը` զերծ մնալով Թուրքիայի տարածքն օգտագործելու ցանկությունից, ապա Ռուսաստանը, որն Իրանի ավանդական բարեկամն է, ամեն ինչ կանի` պաշտոնական Թեհրանին աջակցություն ցուցաբերելու համար: Իսկ այդ աջակցության համար կօգտագործվի Հայաստանի տարածքը, որովհետև այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազան առաջիններից մեկը կսատարի Իրանին: Աշխարհաքա ղաքական խնդիրներին կգումարվեն ռազմական խնդիրները` այսպիսով պայթյունավտանգ դարձնելով իրավիճակը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը Հայաստան, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, անպայմանորեն կներառի երկու կարևոր հարց. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և տարածաշրջանում Ֆրանսիայի դերի մեծացումը: Վերջին տարիներին Ֆրանսիան հեռացել է իր դերի կարևորումից` առավելապես զբաղվելով Արևելյան Եվրոպայում իր ազդեցությունների ընդլայնմամբ: սակայն, հավանաբար ԱՄՆ-ի հետ քննարկումներից հետո, Ֆրանսիան նորից վերադառնում է իր ազդեցությունների վերահաստատմանը: Իսկ սա նշանակում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ գերխնդիրներ են փոխվել, որ երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն անհանգստացնում է նաև գերտերություններին, որոնք բոլորից շատ են տուժելու հնարավոր բռնկման դեպքում: Ուստի կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները գոնե ժամանակավորապես հեռացել է Իրանի դեմ պատերազմ սկսելու մտքից: Հետևաբար, սա կարևոր պատմական պահ է, երբ Իրանը հարկադրված է լինելու փոխել իր քաղաքականության մեջ որոշ դրույթներ, իսկ ԱՄՆ ղեկավարներն էլ գիտակցեն, որ Աֆղանստանի և Իրաքի համար դեռևս մեծ պատասխանատվություն ունեն: Սպասենք Սարկոզիի այցին. Այն կարող է աշխարհաքաղաքական զարգացումների նոր ուրվագծեր առաջադրել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ