«Ափսոս է երիտասարդների ներուժը»


Սովորաբար ամռանը ներքաղաքական զարգացումներում դադար կամ հարաբերական դադար է արձանագրվում: Սակայն այս տարի նույնիսկ անտանելի տապն ի զօրու չեղավ հանգստի ուղարկելու քաղաքական դաշտի «խաղացողներին»: Պատճառը գուցե նախընտրական տարին է: «Ավանգարդի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Ղարաբաղյան պատերազմում Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԸ : - Ի՞նչ եք կարծում` ո՞ւր կամ ինչի՞ կարող է հասցնել իշխանության և ՀԱԿ-ի միջև սկսված երկխոսությունը: Հայտնի է, որ ՀԱԿ-ը պնդում է արտահերթ ընտրությունների պահանջը, ինչին իշխանությունը չի համաձայնվում: - Ես կարծիքս հայտնել եմ ամիսներ առաջ, երբ իշխանությունների առաջարկած այս գործընթացին ընդդիմության մասնակցելու միտումներ կային: Մենք զգուշացրե ցինք մեր գործընկերներին` ասելով, որ պետք չէ մտնել այս խաղի մեջ: Դժբախտաբար մեզ չլսեցին մեր գործընկերները, և ինչ գնահատական ես նախօրոք տվել էի, հիմա օր օրի դառնում է իրականություն: Հարց է առաջանում` ինչո՞ւ այս երկխոսությունը սկսվեց այս ամիսներին և ոչ թե, օրինակ, երկու կամ երեք տարի առաջ: Տեր-Պետրոսյանը մարտի 1-ից հետո հանրահավաքներում պարբերաբար ասել է, որ պատրաստ է երկխոսել: Ինչո՞ւ Ս. Սարգսյանն այն ժամանակ չարձագանքեց առաջարկին: - Այո, բայց մարտի 1-ից հետո Տեր-Պետրոսյանը որոշակի պահանջներ ներկայացրեց իշխանություններին և որպես երկխոսություն սկսելու պայման համարեց դրանց իրականացումը: - Ասելս այն է, որ Տեր-Պետրոսյանը երկխոսելու իր պատրաստակամության մասին միշտ ասել է, սակայն Ս. Սարգսյանը սպասել է իրեն հարմար պահի: Գնահատականս հետևյալն է. Սարգսյանը սպասում էր, որ հերթական ընտրություններին հաջորդող բարձրացած ընդդիմադիր ալիքը մեկ տարի անց կմարի, ինչպես ցույց է տալիս վերջին տասնհինգ տարվա մեր պատմությունը: Սակայն Տեր-Պետրոսյանին հաջողվեց պահպանել լարվածությունը. տասնյակ հազարավոր մարդիկ միշտ գալիս էին հանրահավաք ների: Եվ Սերժ Սարգսյանը համարեց, որ ճիշտ չի ընտրությունների գնալ, երբ ընդդիմությանը հաջողվում է տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել: Ի դեպ, հիշում ենք` թե 2007-ին խորհրդարանական ընտրություններն ինչպես անցան: Այն ծամանակ նախագահ կոչվածը Քոչարյանն էր, և հիշում ենք, թե ինչպես նախօրյակին հաջողվեց փոշիացնել ընդդիմադիր դաշտը: Հիմա Ս. Սարգսյանը նկատեց, որ եթե իրավիճակը թողնի ինքնահոսի, ընդդիմությանը հաջողվելու է ժողովրդի միակամությունը պահպանել մինչև 2012-ի մայիսը: Այսինքն, իշխանությունների վերարտադրումը ցնցումներով կարող է լինել: Եվ ընդդիմադիր դաշտում առկա լարումը թուլացնելու համար է, որ Ս. Սարգսյանը որոշեց երկխոսությունը սկսել: Տեր-Պետրոսյանն այլ ընտրություն չուներ: Նա քաղաքականությունը հասկանում է միայն որպես հանրահավաք, ընտրություն և ուրիշ ոչինչ` կարծելով, թե մեր երկրում իրավիճակը դասական չէ: Դասական քաղաքական կյանք գոյություն չունի մեր երկրում: Տեր-Պետրոսյանի գլխավոր սխալն այն է, որ նա ճշգրիտ չի գնահատում իրավիճակը: - Շատերը համոզված են, թե երկխոսությունը սկսվել է, որպեսզի ՀԱԿ-ն ինչ-որ քանակությամբ տեղեր զբաղեցնի ԱԺ-ում: - Ես ասացի, թե երկխոսության սցենարիստը ով է, իսկ եթե ՀԱԿ-ի շահը լավագույն դեպքում` խորհրդարանում մի խումբ ընդդիմադիրների հայտնվելը կարող է լինել` մեր ժողովրդի համար ոչ մի լավ բան չկա: - Այդ դեպքում ի՞նչ անուն տալ վերջին օրերին ՀԱԿ-ի երտասարդ ակտիվիստների հետ կապված միջադեպին : - Դժվարանում եմ հստակ պատասխանել, որովհետև ստույգ տեղեկատվությունը պակասում է: Ուղղակի ափսոս է երիտասարդների ներուժը: Բայց նրանց չարչարանքների պտուղը մենք դեռ կքաղենք, որովհետև երիտասարդությունն այդ ամենը ոչ Լևոնի համար է անում, ոչ էլ որևէ քաղաքական գործչի: Առաջին հերթին նրանք մեր ապագայի, մեր ժողովրդի համար են անում: - Ի դեպ, ես գիտեմ, որ ի տարբերություն քաղաքական ուժերի, «Սարդարապատ» շարժումը երիտասարդական թև չունի: Երիտասարդության շրջանակներում ձեր շարժումն, իսկապե՞ս, կողմնակիցներ չունի: - «Սարդարապատ» շարժումը կայացման ընթացքի մեջ է: Մենք ունենք մեր ռազմավարությունը և նրա համապատասխան մարտավարական քայլերը: Առաջին փուլում խնդիր էինք դրել համախմբել ինտլեկտուալներին: Մի տարուց ավելի այդ ուղղությամբ աշխատել ենք, և կարող եմ ասել` որոշակի հաջողություններ ունենք: Խնդիր ենք դրել նաև արտերկրում համապատասխան օղակներ ձևավորելու` նպատակ հետապնդելով սրտացավ հայրենակիցների մասնակցությունը Հայաստանի ապագա պետականաշինությանը: Մենք համարում ենք, որ զրոյից պետք է պետություն ստեղծենք: Համոզված ենք, որ առանց արտերկրում բնակվող մեր հայության, առանց թեկուզ փոքր, բայց ակտիվ և որակապես շատ բարձր հատվածի` հնարավոր չի դա իրագործել: Ուստի զուգահեռ աշխատանք ենք տանում հայկական գաղթօջախներում կապեր հաստատելու ուղղությամբ: Հունիսի 23-ին հավաք կազմակերպեցինք, որի նպատակն իրազեկելն էր, որ «Սարդարապատ» շարժումը հետաքրքրված է երիտասարդությանը դեպի ճիշտ քաղաքական պայքարի հրավիրելով: Համոզված ենք` առանց երիտասարդական ներուժի անհնար է համակարգային փոփոխություն իրականացնելը: Այս իմաստով մենք տարբերվում ենք քաղաքական մյուս միավորներից: Այո, երիտասարդական թև «Սարդարապատում» գոյություն չունի: Մենք երիտասարդությանը շաղախելու ենք մեր այս շարժման կառուցվածքին, և հավասարը հավասարի հետ սկզբունքով միասին գնալու ենք առաջ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ