ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՈՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Հանրապետության բոլոր մշակութային օջախները, գեղարվեստական կոլեկտիվներն ու թատրոնները գտնվում են արձակուրդում: Մի շարք թանգարաններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Ասել է թե` ընդհատված է կապը մշակութային իրողությունների և հանդիսատեսի միջև: Տարիներ շարունակ խոսվում է, որ հաշվի առնելով ամռան ամիսներին շոշափելի դարձող զբոսաշրջիկների հոսքը` անհրաժեշտ է, որ մայրաքաղաքի մի շարք մշակութային օջախներ, այդ թվում նաև Օպերայի և բալետի թատրոնն, առավել ակտիվ դարձնեն իրենց գործունեությունը, որպեսզի մայրաքաղաքը հիացնի նաև իր ազդագրերի բազմազանությամբ… Բոլոր առաջարկություն ները մերժվում են` սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների հիշատակմամբ` այդպես էլ Հայաստան եկող զբոսաշրջիկներին և հյուրերին պատկերացում չտալով մեր երկրի մշակույթի մասին: Եթե Երևանում իսկապես արձակուրդներ են գրեթե բոլոր ոլորտներում, ապա Վանաձորում, հաշվի առնելով քաղաքի առանձնահատկությունները, ամռան ամիսներին այստեղ հանգստացողների թվի ավելացումը` Աբելյանի անվան թատրոնն առավել ակտիվությամբ է գործում` գրեթե միշտ ունենալով լեցուն դահլիճներ և նոր առաջնախա ղեր: Այս տարին հոբելյանական է թատրոնի համար. հոկտեմբերին նշվելու է հանրապետության հնագույն թատրոններից մեկի հիմնադրման 80-ամյակը և առավել կարևորվել է գործունեությունն ամռան ամիսներին: Եվ որպես ասվածի վկայություն, օրերս թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց նշանավոր անգլիագիր դրամատուրգ Ռեյ Կունիի «Խիստ սիրահարված տաքսիստը» պիեսի հիման վրա ստեղծված «Փախիր կնոջիցդ» ներկայացումը: Այս պիեսը վերջին տարիներին իր նկատմամբ ձևավորել է մեծ հետաքրքրություն, բեմադրվել հարյուրից ավելի թատրոններում, կինեմատոգրաֆիստներին առիթ տվել ստեղծելու ֆիլմ: Կատակերգական ցայտուն դիպաշար ունեցող ստեղծագործությունը բեմադրել է երիտասարդ դերասան և բեմադրիչ Սարգիս Մանուկյանը, ում չորրորդ բեմադրութ յունն է սա` թատրոնում: Ռեյ Կունին սիրո խնդիր է շոշափել իր ստեղծագործության մեջ, սակայն հրաժարվել է փիլիսոփայական խորացումներից, բարդ հյուսվածքներից և ստեղծել ցայտուն կատակերգականությամբ հագեցած պատմություն, որը ծիծաղ ու մտորում է ծնում: Պիեսը կառուցված է ավանդական «թյուրիմացությունների կատակերգության» սկզբունքով, ինչն էլ այն դարձնում է չափազանց դիտարժան: Երիտասարդ բեմադրիչն էլ, հավատարիմ թատերագրին, ձգտել է սրել կատակերգական իրավիճակները, ձևավորել շարժուն ու բազմաշերտ բեմական իրադարձություններ: Երկու կնոջ է սիրում տաքսու վարորդ Ջոն Սմիթը և երկուսի հետ էլ հաստատել է օրինական հարաբերություններ` հենց այդ սիրո և օրինական հարաբերությունների պատճառով հայտնվելով կատակերգական վիճակների մեջ: Նա ամեն ինչ անում է` թաքցնելու համար իր վիճակը, սակայն ի վերջո ամեն ինչ բացահայտվում է… Բեմադրիչը չի ծաղրում իր հերոսին, այլ կարծես կարեկցում է նրան` այս կարեկցանքից էլ ծնելով նրա վիճակի կատակերգականությունը: Որքան էլ պիեսի սյուժեն ավանդական է, այնուհանդերձ այս բեմադրությունը հիացնում է դերասանական մի շարք ցայտուն կատարումներով, որոնք Աբելյանի անվան թատրոնի ձեռքբերումներն են: Դերասանական լավագույն աշխատանքներ են դիտարկվում Արթուր Պապիկյանի Ջոն Սմիթը, Վրույր Հարությունյանի Պորտեռհաուսը, Արամ Մխիթարյանի Սթենլի Պոունին: Այս կատարում ները վկայում են, որ Աբելյանի անվան թատրոնն ունի հրաշալի կատակերգակներ, ովքեր մեծագույն լրջությամբ և կենտրոնացվածությամբ մղվում են դեպի կատակերգա կանը և հրաժարվում այն էժանագին հնարքներից, որոնք վերջին շրջանում կատակերգություն խաղալու մերժելի մեթոդաբանություն են դարձել: Անսպասելի է հատկապես Վրույր Հարությունյանի կատարումը, որը հիացնում է կերպարի ճշգրիտ մատուցմամբ, կատակերգական-բնութագրական գծերի հարստությամբ, արտակարգ պլաստիկայով: Զարմանալ կարելի է, որ վաթսունը վաղուց բոլորած դերասանը խաղում է այնպիսի եռանդով ու թեթևությամբ, որ պիեսում դրվագային համարվող կերպարը դառնում է բեմադրության առանցքներից մեկը, իրենով պայմանավորում նաև կատակերգության հաջողությունը: Այս բեմադրության կարևոր հատկանիշներից մեկը անսամբլայնութ յունն է, ոճի միասնությունը: Իսկ այդ ոճի ու համախաղի կարևոր գործոններից են դարձել նաև Ալլա Դարբինյանի Մերի Սմիթը, Արմինե Վերմիշյանի Բարբարա Սմիթը և Հակոբ Դեմիրճյանի Տռաուտոնը: Մի քանի տարի շարունակ խարխափումների և անկումների մեջ հայտնված Աբելյանի անվան թատրոնը վերելքի ճանապարհն է բռնել, իսկ «Փախիր կնոջիցդ» բեմադրությունը միավորվում է թատրոնի նոր ձեռքբերումներին և դառնում այդ վերելքի կարևոր հանգրվաններից մեկը: