«Խիզախության» խթանիչը


Նորվեգացի ահաբեկչի դժնի արարքի ու նրա «բացատրությունների» մեջ տրամաբանություն գտնելն, իհարկե դժվար է: Գաղափարի համար ոչ մի բանական արարած այդքան ջահել կյանքեր չէր հոշոտի: Եվ ահա պարզվել է նրան «առաջ մղող ուժը». Անդերս Բրեյվիկի արյան բաղադրության մեջ թմրանյութերի հետքեր են հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրել են նորվեգական դատախազությունում` - Անմիջապես գրոհից առաջ Բրեյվիկն անօրինական թմրադեղեր է ընդունել: Հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես ինչ թմրադեղեր: Փաստաբան Հեյր Լիպերստադի խոսքերով` - Արդյունքները լիարժեք չեն, բայց Բրեյվիկն արդեն հաստատել է, որ ահաբեկչությունից առաջ ընդունել է «դեղորայքի կոկտեյլ»: Իր մանիֆեստում Անդերսը կոչ է արել «հեռու մնալ» թմրանյութերից, բայց խոստովանել է, որ ստերոիդներ է օգտագործում, որպեսզի «իրեն ձևի մեջ պահի»: Այս պահին Բրեյվիկը «Իլա» խիստ ռեժիմային բանտի մենախցում է: Ահաբեկիչը տեսակցություն է խնդրել բանտի հոգևորականի հետ: Հետաքննիչները մտավախություն ունեն, որ 32-ամյա տղամարդը կարող է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին: Այդ պատճառով էլ մշտական վերահսկողություն է սահմանվել նրա վրա: