ԱՃ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է բայց… հանցագործությունների գծով


Ամեն անգամ, երբ Հանրապետության գլխավոր ոստիկանապետը հեռուստաէկրանին է հայտնվում, նրա մռայլ ու անչափ լուրջ դեմքի արտահայտությունից տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է` իր հրաժարականի տեքստն է կարդալու: Բայց, ինչպես հայտնի է, բոլոր օրինաչափությունները չէ, որ մեզանում կյանքի են կոչվում: Եվ նախորդ շաբաթ հրավիրված ոստիկանության կոլեգիայի նիստում նույնպես նման բան տեղի չունեցավ: Այնուամենայնիվ, Ալիկ Սարգսյանը հերթական անգամ անուղղակիորեն մեղադրեց իր նախորդներին պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած հանցագործությունները զանգվածաբար կոծկելու, վատ աշխատելու կամ, որ նույնն է, համակարգն անգործության դատապարտելու, ասել է թե` հետևողականորեն քայքայելու համար: Ցասումն այս տպավորություն է ստեղծում, թե չբացահայտված հանցագործությունների մասով գործող ոստիկանապետին բաժին հասած ժառանգությունն այնքան մեծ է ու ծանր, որ ամփոփումից ամփոփում հանցավորությունը աճ է տալիս, իսկ ամեն մի ամփոփման արդյունքում նրա նյարդերը տեղի են տալիս, ու Ալիկ Սարգսյանը կատաղի քննադատության է ենթարկում իր էքս պաշտոնակիցներին: Այլ հարց է, որ ներկայում, ինչպես ասում են, գույներն է°լ ավելի են խտացել: Եվ այստեղ գրոշի արժեք չունեն համակարգի ղեկավարների հանցագործությունների աճի դեմ անչափ ոգևորված պայքարելու մասին հավաստիացումները: Սա շատ նման է հայրենի ընդդիմության բոլոր քվեարկություններին նախորդող լավատեսությանը և մի փոքր ավելի ուշ կոնկրետ թվերով արտահայտվող իրական արդյունքներին: Ի վերջո, երկու դեպքում էլ ՕԳԳ-ն նույնն է… Իսկ այս պարագայում, թեմայից չշեղվելով, նշենք, որ հիշատակված կոլեգիայի նիստում ներկայացված տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մեր հանրապետությունում հանցագործությունները աճել են 71,3 տոկոսով: Ընդ որում, ոչ մի հանցատեսակ չի անտեսվել, և արձանագրված պատկառելի տոկոսը գոյացել է բոլոր հնարավոր ապօրինությունների արդյունքում ձևավորված վիճակագրությամբ: Այսպես, 63,2 տոկոսով աճել են ծանր, 48,3 տոկոսով` առանձնապես ծանր հանցագործությունները: Չեն անտեսվել բնակարանային ու դրանցում առկա գույքի, ավտոմեքենաների գողությունները: Անխնա կերպով վատնվել և յուրացվել են այլոց միջոցնե րը… Այսքանից հետո, երբ հայրենի միլիցիայի ղեկավարը մեզ փորձում է հավատացնել, թե հատկապես կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարն է կատաղի բնույթ կրում, դժվար է չակնարկել մեկ այլ անդուր նորարարության մասին: Այս տարի քաղաքամայր Երևանում բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ հարձակման ու թալանի զոհեր են դարձել: Իսկ նման պայմաններում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի մասին խոսելը պարզ աչքակապություն է, քանի որ եթե ոստիկանությունը գոնե նման երևույթներն ի զորու լիներ կանխել և ուժերը ներածին չափով չնպաստեր զբոսաշրջության զարգացման ծրագրերի ձախողմանը, ապա դրանով թերևս մեծագույն օգուտը բերած կլիներ հանրապետության տնտեսության զարգացմանը: Բայց ինչի մասին կարող է խոսք լինել, եթե նույն պաշտոնական վիճակագրությունը միջին հաշվով օրական շուրջ 40 հանցագործություն է արձանագրել, և այստեղ առաջատարը, բնականաբար, Երևանն է: Ըստ երևույթին կարևորը առավելապես մարտական կեցվածքն է, կենտրոնացումը անպտուղ քաղաքական հանրահավաքների շուրջ, ինչն էլ կոլեգիայի խնդրահարույց նիստից հետո արմատականներին հերթական առիթն ընձեռեց` պնդելու, թե ոստիկանությունն անցնող շրջանում գերազանցապես իրենց հրապարակային միջոցառումները խոչընդոտելու գործին է լծված եղել: Գուցե իսկապե՞ս Ալիկ Սարգսյանի ղեկավարած կառույցի գլխավոր գործառույթն այդ է եղել… Ու մեկ էլ հայրենի Արարատի մարզի վերաբերյալ գոհացուցիչ վիճակագրություն ստանալը, քրեական «ռազբորկաների» համահանրապետական կենտրոնատեղի Արտաշատ քաղաքի մասին մոռանալն ու հրապարակային-ասուլիսային հավաստիացումները, թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ ու լավ է լինելու: